04.20.2018
USD-480.18   EUR-590.67   RUB-7.82  

Դարբասի դպրոցում. Վահե մարզպետն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Դարբասի դպրոցում. Վահե մարզպետն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Ընթերցողին արդեն տեղեկացրել ենք, որ 2017թ. դեկտեմբերի 14-ին «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել տնօրենի թափուր տեղի համար երկրորդ մրցույթը:

 Տեղեկացրել ենք, որ կրթօջախի կառավարման խորհրդի նիստին մասնակցող յոթ անդամից բոլորն էլ փակ (գաղտնի) քվեարկությամբ իրենց համակրանքն են արտահայտել Ռուբեն Զաքարյանի հանդեպ:

Տեղեկացրել ենք, որ ըստ ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ Նաիրա Ներսիսյանի եւ ըստ կառավարման խորհրդի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի՝ մրցույթն անցել է գործող օրենսդրությանը եւ իրավական ակտերին խիստ համահունչ:

Տեղեկացրել ենք, որ Դարբասի միջնակարգում երկրորդ անգամ մերժվել է մարզպետի հովանավորյալ թեկնածուն, թեեւ մարզպետն ու նրա սիսիանյան մարիոնետներն ամեն ինչ արել էին, որ խորհրդի նիստը ձախողվի կամ ընտրվի Վահե Հակոբյանի թեկնածուն:

Մարզպետը, ինչպես ասել ենք, նման մերժումի էր արժանացել նաեւ առաջին մրցույթի ժամանակ, որ տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 11-ին:

Այն ժամանակ Վահեն գերազանցել էր իր լիազորությունները, շրջանցել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգը («Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին», 4 մարտի 2010թ., N 319 - Ն) եւ աշխատանքային պայմանագիր չէր կնքել օրինականորեն ընտրված  թեկնածուի հետ:

Երկրորդ մրցույթի նախօրյակին, որպեսզի մարզպետի թեկնածուի համար հաղթանակ ապահովվի, մարզպետն ու նրա տեղական տիկնիկները դիմել են աներեւակայելի քայլերի, որպեսզի Ռուբեն Զաքարյանն ինքնաբացարկ ներկայացնի ու հետ կանգնի մրցապայքարից, սակայն վերջինս իր որոշման մեջ մնացել է հաստատուն:

Այդժամ Վահե Հակոբյանը դիմել է իր պիղծ մեթոդին՝ մարզպետարանից ստուգողներ է ուղարկել Շենաթաղի դպրոց՝ ստուգելու 27 տարվա տնօրենի գործունեությունը: Մարզպետի մունետիկներն այդտեղ էական բան չեն հայտնաբերել, ինչի համար էլ նորից ու նորից են գործուղվել Շենաթաղ: Ի վերջո մոգոնվել է մի ակտ (տեղեկանք), որի համաձայն Ռուբեն Զաքարյանն իբր ֆինանսական ինչ-ինչ խախտումներ է թույլ տվել պաշտոնավարման ընթացքում:

«Թերություններ» են բացահայտվել նաեւ Շենաթաղի դպրոցի հանձնման-ընդունման ժամանակ. դեկտեմբերի 20-ին լրացել էր Շենաթաղի դպրոցում  Ռուբեն Զաքարյանի պաշտոնավարման ժամկետն ըստ աշխատանքային պայմանագրի:

Վահե Հակոբյանը կարող էր «բացահայտված» թերությունները ծառայողական քննությամբ շտկել,  եթե ինքն իսկապես մտահոգված էր առկա խնդիրներով, բայց …  Գերադասել է թղթերն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ ընթացք տալու համար:

Քննչական կոմիտեի Սիսիանի բաժնում մարզպետի ներկայացրած նյութերը ստացել են դեկտեմբերի 30-ին եւ նոր-նոր պիտի ընթացք ստանան կամ չստանան…

Սակայն Սյունիքի մարզպետը մարզխորհրդի դեկտեմբերի 27-ի հայտնի նիստ - խեղկատակության ժամանակ հասցրել է երեսուն տարվա մանկավարժին մեղադրել քրեական հանցանքների մեջ՝ հիմք ընդունելով իր իսկ պատվիրած ստուգումների արդյունքներով կազմված ակտը՝ հաշվի չառնելով Հայաստանի օրենքներով սահմանված անմեղության կանխավարկածը, անտեսելով ՀՀ սահմանադրության հոդված 66-ը, որի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Դեկտեմբերի 29-ը վերջին օրն էր (ըստ գործող կարգի), երբ մարզպետը պետք է աշխատանքային պայմանագիր կնքեր օրինական ճանապարհով երկրորդ անգամ Դարբասի դպրոցի տնօրեն ընտրված Ռուբեն Զաքարյանի հետ, սակայն… 

Վերստին խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգը՝ մարզպետը հրաժարվել է կնքել աշխատանքային պայմանագիր:

Թե ինչ զարգացումներ կհաջորդեն այդ ինքնիրավչությանը՝ դժվար չէ ենթադրել:

Մինչդեռ մարզպետի ուշադրությունն ենք վերստին  հրավիրում պարզագույն մի հարցի վրա. մարդու մեղավորությունը կարող է հաստատել բացառապես դատարանը, ոչ մի Վահե (որքան էլ զորավոր հովանավորներ, ստրուկ համայնքապետեր  ու փող ունենա) չի կարող դատարանի փոխարեն մարդուն հանցագործ համարել: Եվ ուրեմն՝ քանի դեռ դատական ակտ չկա Ռուբեն Զաքարյանի մեղավորության վերաբերյալ  (եթե նույնիսկ քրեական գործ հարուցվի ըստ պատվիրված ստուգման արդյունքների), ապա ոչ ոք իրավունք չունի հարցականի տակ դնել Դարբասի դպրոցում նրա պաշտոնավարման հարցը: Ըստ մեր երկրի հիմնական օրենքի (հոդված 28)՝ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»: Ասել է թե՝ Վահե Հակոբյանն աննշան  առավելություն նույնիսկ չունի Ռուբեն Զաքարյանի հանդեպ: 

Իսկ եթե Հայաստանի կառավարությունից որեւէ մեկը նորից   չբռնի մարզպետի անմաքուր ձեռքը, ու հերթական անգամ նա չարաշահի իր լիազորությունները եւ պայմանագիր չկնքի ընտրյալ տնօրենի հետ, ապա…

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն ստեղծված վիճակը լուծում չունի՝ բացի դատական  քննությունից:

Կգնա՞ Ռուբեն Զաքարյանը դատարան, թե՞ կհաշտվի իր իրավունքների հերթական ու գռեհիկ ոտնահարման հետ:

Իմիջիայլոց, Ռուբեն Զաքարյանը դեմ է ստեղծված իրավիճակին մամուլի միջամտությանը՝ չգիտակցելով ցավոք, որ հարցը սկզբից եւեթ անձնական չէ, հարցը բոլորին է վերաբերվում, քանզի գործ ունենք Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող անձնավորության կողմից ՀՀ սահմանադրության ու ՀՀ օրենքների մի քանի հոդվածների խախտման հետ, իսկ ավելի ստույգ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հերթական գործողության հետ: 

Հետաքրքիր է՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն ասելիք չունի՞ Դարբասի դպրոցի տնօրենի ընտրության շուրջ մարզպետի ձեռքով  մանրագործված ամոթալի այս պատմության հետ, թե՞ զբաղված է Սյունիքի մարզում կոշտ թափոնների հավաքման «ռազմավարական» գործով:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: