11/19/2018

Նավթի եւ գազի պաշարներ կգտնվե՞ն Սյունիքում

Նավթի եւ գազի պաշարներ կգտնվե՞ն Սյունիքում

Հունվարի 11-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ԱԳԱՊԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող Կապան համայնքի վարչական տարածքում նավթի եւ գազի պաշարների երկրաբանական ուսումնասիրությանշրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական  գնահատման հայտի առնչությամբ առաջին հանրային քննարկումը՝ մասնակցությամբ ընկերության ֆինանսական եւ ադմինիստրատիվ գծով տնօրեն Քրիստինե Վարդանյանի, ընկերության գլխավոր երկրաբան Դավիթ Խոնդկարյանի: Ք.Վարդանյանը նախ ներկայացրեց «ԱԳԱՊԵ» ընկերությունը, որ հիմնադրվել է 2017 թվականի մարտին՝ գազի եւ նավթի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, հատկապես նավթի եւ գազի ոլորտում: Ընկերությունն արդեն արտոնագիր ունի հետախուզական աշխատանքներ իրականացնելու Վայոց Ձորի մարզում: Նա նաեւ հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը հանրապետությունը բաժանել է վեց պայմանական տարածքի, եւ վեցերորդ տարածքը Սյունիքի մարզն է, ընդ որում՝ միակ մարզն է, որ պայմանական տարածքը ներառում է ամբողջ մարզը: Առաջին փուլում լինելու են նախնական տվյալների հավաքում, քարտեզագրում, դաշտային աշխատանքներ: Դրան հաջորդելու է երկրորդ փուլը, ինչի շրջանակում իրականացվելու են սեյսմահետախուզական աշխատանքներ, որի ընթացքում մոտ 40 աշխատատեղ է ստեղծվելու: Բանախոսը մասնավորապես նշեց, որ սեյսմահետախուզական աշխատանքները շրջակա միջավայրին վնաս չեն հասցնելու: Այս փուլում տվյալների հավաքումից հետո հնարավոր կլինի որոշել, թե Սյունիքի մարզում հեռանկարային տարածքներ կա՞ն՝ որոնողական-հետախուզական հորատանցքեր անելու համար: Ծրագիրը ֆինանսավորում է կանադական ընկերությունը: «Սյունյաց երկրի» հարցին, թե նախնական տվյալներ կա՞ն Հայաստանի ընդերքում նավթի առկայության մասին, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ դեռեւս խորհրդային տարիներին նավթի եւ գազի պաշարների հայտնաբերման նպատակով հետախուզական-որոնողական աշխատանքներ են կատարվել Հայաստանում: Մասնավորապես 1997-98 թվականներին Գառնիում, այլ վայրերում հորատումներ են արվել, ամենահեռանկարային տվյալները, որ ստացել են Վայոց Ձորի մարզից է, իսկ Սյունիքի մարզը քիչ ուսումնասիրված է: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: