01.24.2018
USD-481.17   EUR-589.19   RUB-8.52  

Ձմեռային զորակոչի մեկնարկը

Ձմեռային զորակոչի մեկնարկը

Մարզկենտրոն Կապանում հունվարի 12-ին մեկնարկեց 2018 թվականի ձմեռային զորակոչը: Զինակոչիկները զինկոմիսարիատի աշխատակիցների հետ նախ այցելեցին Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ հայրենիքի ապագա պաշտպաններին օրհնանքի խոսք հղեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Այնուհետեւ ավանդույթի համաձայն անդրանիկ զորակոչին նվիրված հանրահավաք տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, որին մասնակցում էին Մեծ հայրենականի եւ աշխատանքի վետերաններ, մարզային ու համայնքային իշխանությունների, զինվորական կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու մտերիմները: 

Բարձր տրամադրություն ունեին հատկապես զինակոչիկները: Նրանցից Նորայր Դովլաթյանը բանակ է զորակոչվում Հայաստանի պետական գեղարվեստի ակադեմիայի  առաջին կուրսից: Ասում է, որ բանակը չի խանգարի սովորելուն, կծառայի եւ կշարունակի ուսումը դիզայների մասնագիտությամբ:

Օրվա խորհրդին պատշաճող ներածական խոսքով հանրահավաքը բացեց Կապանի զինկոմ, փոխգնդապետ Սմբատ Դադոյանը: 

Զինակոչիկներին բարի ճանապարհ եւ անփորձանք ծառայություն մաղթեցին Սյունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, որ ժամանել էր Երեւանից, Գորիսի կայազորի զինվորական դատախազ Անուշավան Հարությունյանը, Կապանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ հողօգտագործման բաժնի պետի պաշտոնակատար Ավետիք Համբարձումյանը, Կապանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը: Հայրենասիրական բանաստեղծության ասմունքով հանդես եկավ Կապանի N5 դպրոցի աշակերտ Նորիկ Սահակյանը: 

Զինակոչիկներին եւ ներկաներին բարմաղթանքի խոսք հղեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը: 

Զինակոչիկների համար նվերներ էր պատրաստել Կապանի համայնքապետարանը, իսկ նրանց ձեռքի ժամացույցներ նվիրեց Մարգարիտա Խաչատրյանը:

Պաշտպանության նախարարի պատվոգիր հանձնվեց հայոց բանակում ծառայող Վահե Գասպարյանի հորը՝ Արտեմ Գասպարյանին:

Զինակոչիկները մեկական մեխակ խոնարհեցին հայ ազգի նվիրյալ Գարեգին Նժդեհի տապանաքարին: 

Բարեմաղթանքի եւ օրհնանքի խոսքերի տարափի տակ կապանցի զինակոչիկների առաջին հավաքը՝ 28 երիտասարդ, մեկնեցին ազգային բանակ՝ փոխարինելու ավագ ընկերներին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: