02.22.2018
USD-480.46   EUR-592.36   RUB-8.49  

Գորիսի պետական համալսարանում շարունակվում է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը

Գորիսի պետական համալսարանում շարունակվում է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը

Հանրապետությունում գործող բարձրագույն  ուսումնական հաստատությունների համար ինստիտուցիոնալ հավատարմագրումն իրականացվում է ուսումնական հաստատության նախաձեռնությամբ եւ նրա կողմից ներկայացված դիմումի համաձայն:

Հավատարմագրման գործընթացը կազմակերպվում եւ համակարգվում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից: 

Իր գործողություններում ՈԱԱԿ-ն առաջնորդվում է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման» կարգով եւ 2011 թվականի հունիսի 30-ին հաստատված «ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները հաստատելու մասին» N 959-Ն որոշմամբ (www.anqa.am):

Պետական ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը (ԳՊՀ) դիմել է ՈԱԱԿ` 2017թ. ապրիլին ներկայացնելով սահմանված ձևաչափի դիմում-հայտ, բուհի լիցենզիայի եւ դրա հավելվածների կրկնօրինակները:

ՈԱԱԿ-ի քարտուղարությունը, ուսումնասիրելով դիմում-հայտը, դրան կից փաստաթղթերը դիմում-հայտի ընդունման մասին, 2017թ. ապրիլի 10-ին որոշում է կայացրել, որից հետո ՈԱԱԿ-ի եւ ԳՊՀ-ի միջեւ կնքվել է երկկողմ պայմանագիր, կազմվել եւ հաստատվել է աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

Ըստ ՈԱԱԿ-ի կողմից սահմանված ձեւաչափի` 2017թ. հուլիսին ԳՊՀ-ն  ներկայացրել է ինստիտուցիոնալ կարողությունների վերլուծությունը հայերեն եւ անգլերեն լեզուներով, ինչպես նաեւ ուղեկցող փաստաթղթերի փաթեթը:

Բուհի ինքնավերլուծությունն իրականացրել է հատուկ այդ նպատակով  ԳՊՀ ռեկտորի 03 փետրվարի 2017թ. թիվ 59-Ա հրամանով ստեղծված «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 27 անդամներից (աշխատակիցներից) վերաձեւավորված 10 հանձնաժողովը` համապատասխան 10 չափանիշի գծով:

Գործընթացն ու վերաձեւավորված հանձնաժողովների աշխատանքները ղեկավարում է ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, համակարգում` ԳՊՀ կրթական ծրագրերի եւ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ.Գրիգորյանը:

Ուսումնասիրելով «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ինստիտուցիոնալ  կարողությունների ինքնավերլուծության զեկույցը` փորձագիտական խումբը ԳՊՀ-ի համաձայնությամբ հաստատել է ԳՊՀ այցելությունների պլանը:

Նոյեմբերի 1-3-ը ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբն այցելել է Գորիսի պետական համալսարան: 

Եռօրյա այցի ընթացքում փորձագիտական խմբի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԳՊՀ ռեկտորի, պրոռեկտորի, ինքնավերլուծություն իրականացնող խմբի անդամների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողների, շրջանավարտների եւ գործատուների հետ: Հանդիպումներին հաջորդեցին այցելություններ ֆակուլտետներ, ամբիոններ, ուսումնական եւ վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, որտեղ ուսումնասիրվեցին փաստաթղթերը, համապատասխան ռեսուրսները:

Փորձագիտական խմբի ամենօրյա գործունեությունն ամփոփվում էր փակ քննարկումներով եւ պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:

Ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը եռօրյա ժամկետում իրականացրած ուսումնասիրություններն ամփոփելուց հետո դեկտեմբեր ամսվա սկզբին ԳՊՀ-ին է ներկայացրել ինստիտուցիոնալ հավատարմագրման նախնական զեկույցը:

Փորձագիտական խումբը, ծանոթանալով ԳՊՀ-ի գործունեությանը, առանձնացրել է բուհի ուժեղ եւ թույլ կողմերը, ներկայացրել բուհի բոլոր ստորաբաժանումների գործունեության դրական ուղղություններն ու դիտարկել առկա բացթողումները:

2018թ. տարեսկզբից ԳՊՀ կրթական ծրագրերի եւ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ.Գրիգորյանի ու ԿՈԱ եւ ՈՒԿԱ բաժնի ղեկավար Ս.Հայրապետյանի անմիջական մասնակցությամբ արդեն ձեւավորված ԳՊՀ-ի 10 հանձնաժողովի ներկայացուցիչների հետ պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ, որոնց ընթացքում համապատասխան քննարկումների արդյունքում մշակվում է ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում վեր հանված թերությունների վերացման գործողությունների ծրագիրը` ըստ սահմանված ձեւաչափի, որը մինչեւ ս.թ. փետրվարի 9-ը կներկայացվի ՈԱԱԿ-ին:

Փետրվար ամսվա ընթացքում կկատարվի թերությունների վերացման ԳՊՀ-ի ծրագրի գնահատում, որի հիման վրա ՈԱԱԿ-ը կկազմի եզրակացություն, իսկ արդեն մարտ ամսին կունենանք ԳՊՀ-ի հավատարմագրման մասին ՈԱԱԿ-ի կայացրած որոշումը: 

ԳՊՀ կրթության որակի ապահովման եւ ուսանողների կարիերայի աջակցման բաժին                                                                                          

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: