08.20.2018
USD-483.14   EUR-549.86   RUB-7.16  

Արձագանք «Ավրորա» մրցանակաբաշխությանը

Արձագանք «Ավրորա» մրցանակաբաշխությանը

Ռուբեն Վարդանյան, Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան եռյակի նախաձեռնած  ծրագիրն ավելին, շատ ավելին է, քան մրցանակաբաշխություն ասածը: Սա մեր ազգային ամենախոշոր բրենդներից է` ուղղված աշխարհին: Նաեւ սա է այն ճանապարհը, որ մեզ կհասցնի դարերով երազած հանգրվան:

Սա հաղթանակների ճանապարհն է: Սա խեղճության, թույլի, ուզողի, վերջապես պարտվածի հոգեբանություն-խառնվածքի հաղթահարման ուղին է, որից դուրս գալու համար դարեր շարունակ գլուխ էին կոտրում մեր ազգի նվիրյալները:

Այս ծրագրով մենք տալիս ենք: Երիցս սխալ են նրանք, ովքեր ասում են.

- Մենք ի՞նչ ունենք, որ տարեկան մեկ միլիոն դոլար` դեռ մի քիչ էլ ավելի, ուրիշի տանք:

Սա կարճամիտ դատողություն է, ճահճի մեջ վերջնականապես թաղվելու մերժելի արահետ:

Տալը, ուրիշին օգնելը հպարտություն է, հզորություն, գնահատվելու հնարավորություն:

«Ավրորան» պետք է դիտել միմիայն այս տեսանկյունից, այնպես, ինչպես հրաշալի եռյակն է տեսնում: Դա ուրիշների համար չէ, այն, նախեւառաջ, ու հազարապատիկ ավելի մեզ, ապա դիմացինի համար է:

Նա մեզ տանում է դեպի հաղթանակներ, դեպի բարձր արժանապատվություն, դեպի կողքինիդ հետ ունեցածդ շռայլորեն կիսելու պատվաբեր ճանաչում: Ուրիշ կերպ չի կարող լինել: Այս ճանապարհի սկիզբն առատ ունենալուց չի սկսվում, ընդհակառակը: Մինչեւ քչից կարիքավորին, խեղճին բաժին չհանես, հարուստ ավարից նրան ոչինչ չես տա: Այսպես է ասում նաեւ ժողովրդական ասացվածքը.

«Չաղ հավը ձու չի ածում»:

«Ավրորայով» հայտնելով մեր խորին շնորհակալությունը` այն դժնդակ օրերին եւ ժամանակներում մեր նկատմամբ աշխարհի ցուցաբերած օգնության ու օժանդակության համար, փորձ ենք անում լուծել հայ ժողովրդի համար մի շատ կարեւոր, կենսական, հոգեբանական խնդիր:

Տալը, նվիրելը, օգնելը, օժանդակելը` մարդասիրաբար, եւ նման մյուս դրսեւորումները դրական զգացողություններ են առաջացնում մարդու մեջ, ուրիշից ուզելը, վերցնելը, խնդրելը` անգամ ամենահարազատից, իր մեջ նվաստացում է պարունակում: Իսկ դա անդունդի ուղին է, հատկապես, եթե այն տեւական է լինում: Մենք պետք է աշխատենք ավելի շատ տալ եւ գնալով պակասեցնենք ուզելը, որպեսզի մի երջանիկ օր միայն շռայլորեն բաշխողը լինենք` իհարկե մեր երկրի ու նրա բնակչության չափանիշներով: Միան թե հասնենք: Դա կլինի մեր ժողովրդի աստեղային, երջանիկ երազանքի իրականացման պահ: Սրանով չեմ ասում, որ մենք թոթափենք նվաստացումը, ուրիշները հայտնվեն այնտեղ: Ոչ եւ հազար անգամ ոչ: Նախ, միտքս այն է, որ մեր երկիրը, ժողովուրդն այնքան ժրաջան, արդյունավետ գործի, որ մեր ունեցածը բազմապատկվի եւ կողքիններիս` կարիքավորներին օր-օրի ավելի շատ բան ունենանք տալու:

Աշխարհում դառնությունները, սովը, կարիքը մեղմելու ճանապարհը սա է: Մյուս կողմից, եթե ասենք, որ աշխարհի բոլոր երկրները, ժողովուրդները կարճ ժամանակում թող հաղթահարեն եւ դուրս գան զարգացման լայն ուղի, ուտոպիա կլինի: Երբ նայում ենք աշխարհում ներկայումս ընթացող զարգացումներին, դրանց մեջ հետընթացն ավելի շատ է: Հզորները, որոնք ամեն կերպ ձգտում են եւ ի ցույց են դնում, որ աշխարհն իրենք են կառավարում, վերջնական արդյունքում միայն տեսնում են իրենց բարգավաճումը, իրենց  «երազանքի» իրականացումը: Թե աշխարհի այլ անկյուններում ինչ է կատարվում, դա նրանց բոլորովին չի հետաքրքրում:
 
Ոչ վաղ անցյալում Լիբիայում նյութական ապահովությունը համեմատվում էր սկանդինավյան բարգավաճ երկրների հետ` մի բան էլ ավելին էր, հինավուրց Եգիպտոսը ծաղկուն ու ապահով էր, Սիրիան ոչ միայն չէր վերցնում, այլ ուրիշներին էր տալիս եւ այլն: Հիմա այս եւ դրանց հարեւան բազմաթիվ երկրների բնակչության մի զգալի մասն այն վիճակում է, ինչ մենք էինք հարյուր եւ ավելի տարիներ առաջ: Նրանք օգնության խիստ կարիք են զգում, ո՞վ է ասել, որ այն թեթեւացնելու մեջ անհրաժեշտ մեր բաժինը չունենք: Պակիստանին հարող Միամիայի տարածքում, Իրաքի լեռներում աշխարհի ուժեղների, միջազգային, անունով «հզոր», կազմակերպությունների աչքի առաջ հարյուր հազարներով սպանություններ, բացահայտ եղեռն է իրականացվում, խմբակային դիակիզումներ են արվում: Այս դժբախտների մազապուրծ բեկորներին պետք է օգնե՞նք, թե՞ ոչ: Ցավալի է, բայց գնալով այդպիսիների թիվն աշխարհում գնալով  շատանում է:

Չէ՛, «Ավրորան» հսկա մարդասիրական նախագիծ է, հզոր:

Արդեն ունենք երկու հաղթող` Մարգարիտա Բարանկիցեն եւ սուդանցի Թոմ Քաթինան: Վերջին օրերին մի հրապարակման մեջ կարդացի, որ «Ավրորայով» Բարանկիցեն արդեն օգնություն է արել ավելի քան 300 կարիքավորի: Որ այսպես գնա (իհարկե կասկած չկա), պատկերացնու՞մ եք, թե ինչ չափեր է ընդգրկելու մարդասիրական այդ ծրագիրը:

Տեսե՛ք, աշխարհի բոլոր ծագերից, արդեն համաշխարհային քանի ճանաչված դեմքեր` գիտության, արվեստի գործիչներ, հասարակական-քաղաքական դեմքեր, բարերարներ են միանում այս հրաշալի մրցանակաբաշխությանը` իրենց նպաստը բերելով նրա էլ ավելի բարձր ու խորը ծավալմանը: Ընդամենը մոտ երեք տարի, եւ միլիոնավոր մարդիկ պարզ տեսնում են աշխարհի դեմքին «Ավրորայի» անջնջելի հետքը:

Ինչեւէ, մեզ նման սահմանափակ տարածքի եւ հնարավորությունների երկիրն էլ շատ բան կարող է անել: Կարեւորը բարի կամքն ու ցանկությունն է: Չմոռանանք, «Ավրորան» նախագիծ է, որ մեզ համար տեղ կբացի հզորների, հաղթողների, շռայլ բաշխողների շարքերում, եւ որ ամենակարեւորն է, մոռացության գիրկը կուղարկի մեր միջի ուզողին ու նվաստացողին, անընդհատ ուրիշից սպասողին, խնդրողին, խեղճին:

Սա մեր հաղթանակի նախագիծն է:

Թող երիցս օրհնվի Ռուբեն Վարդանյաններ, Նուբար Աֆեյաններ եւ Վարդան Գրեգորյաններ ծնող Հայոց սրբազան արգանդը:

ՍՈւՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: