11/21/2018

Ուսուցչի վերաբերմունքի պատճառով երեխաս այլեւս դպրոց գնալ չի ուզում. Քաջարանի 1-ին միջնակարգ դպրոցի ծնող

Ուսուցչի վերաբերմունքի պատճառով երեխաս այլեւս դպրոց գնալ չի ուզում. Քաջարանի 1-ին միջնակարգ դպրոցի ծնող

Քաջարան քաղաքի 1-ին միջնակարգ դպրոցում սովորողների հանդեպ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության դեպքեր են գրանցվել: Դպրոցի աշակերտների փոխանցմամբ՝ որոշ ուսուցիչներ կոպիտ վերաբերմունք են ցույց տալիս նրանց, նույնիսկ հարվածում: «Ամենաշատը լարված ենք լինում հայոց լեզվի ուսուցիչ Անահիտ Ոսկանյանի դասերին: Թելադրություններն ու շարադրությունները ցածր է գնահատում. ասում է՝ պետք է սկսենք մասնավոր պարապել, որ բարձր գնահատական ստանանք: Դե, բոլորս էլ գիտենք, որ իր մոտ պետք է պարապենք: Կիսատ արված տնային աշխատանքի դեպքում այնպես է հրել աշակերտին, որ նա ընկել է գետնին»,- պատմում են աշակերտները: «Մեր օրերում ֆիզիկական բռնության քիչ դեպքեր են գրանցվում դպրոցներում, բայց արդիական խնդիր է մնում հոգեբանական բռնությունը, քանի որ սա առավել բարդ է վերացնել դպրոցներում, մասնավորապես՝ մանկավարժությունից հեռու գտնվող  «ուսուցիչների» աշխատելաոճից: Հոգեբանական բռնությունը ճգնաժամային տարիքում գտնվող ցանկացած մարդու մոտ կարող է ունենալ անդառնալի հետեւանք: Այս տարիքում առաջատար գործունեությունը համարվում է հաղորդակցումը, որը պետք է կազմակերպվի առանց ավելորդ սթրեսների եւ ճնշումների: Ուսուցչի նման պահվածքը կարող է բերել երեխայի ուսումնական գործընթացի խաթարման, ձգտման անկման, ցածր ինքնագնահատականի, հաղորդակցման դժվարությունների, գերհուզականության»,- ասում է հոգեբան, արտ թերապևտ Սոֆյա Հովսեփյանը: «Հայոց պատմության ուսուցչուհի Նելլի Մելքումյանը դասարանում ունի իր «սիրելիներին»: Ինձ ամենաշատը դա է բարկացնում: Եթե իր սիրելի աշակերտը գրավոր աշխատանքը չի կատարել, ուսուցչուհին «այս անգամ զիջելով» նշանակում է 9, իսկ եթե ես մի օր չանեմ տնայինս կամ մոռանամ տետրս, 2 կստանամ»,- պատմեց մեկ այլ դասարանի աշակերտ: Այնուհետեւ հավելեց. «Նա մի անգամ հարվածեց մեր դասարանի տղաներից մեկին բոլորիս աչքի առաջ: Հենց գալիս են դասալսման, նա մեզ հետ սկսում է նուրբ ու սիրալիր վարվել: Բայց բոլորս էլ գիտենք, որ բողոքելն իմաստ չունի. մեկ է՝ նա չի պատժվելու»: Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը փաստում է, որ յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ բռնությունից պաշտպանվելու իրավունք: Այս իրավունքը ոտնահարել եւ նրան ֆիզիկական կամ հոգեբանական բռնության ենթարկել փորձող ցանկացած անձ պետք է պատասխանատվություն կրի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: «Մաթեմատիկայի ուսուցչուհի Վիկտորյա Հայրապետյանը գրատախտակի մոտ երկար մտածելու ժամանակ չի տալիս, մի քանի անգամ հարվածել է ե՛ւ տղաներին, ե՛ւ աղջիկներին՝ պատասխանը չիմանալու կամ սխալ գրելու համար: Այդքանից հետո չեմ էլ ուզում դպրոց գնալ: Ես միշտ ձգտում եմ չբողոքել, սիրել ուսուցչին, որովհետեւ այդ դեպքում առարկան էլ կսիրեմ: Բայց մեկ-մեկ չբողոքել չի ստացվում»: Աշակերտներից մեկի ծնողը պատմեց, որ ուսուցիչների վերաբերմունքի պատճառով երեխան օրվա մեջ լարված է լինում, ագրեսիվ: Չի ցանկանում սովորել դասերը եւ դպրոց գնալ: Aravot.am-ը զրուցեց Անահիտ Ոսկանյանի հետ: Նա պնդեց, որ երբեւէ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն ոչ մի աշակերտի վրա չի գործադրել: Ինքը չի դրդել նաեւ, որ գնան իր մոտ պարապմունքների. «Ես սիրում եմ իմ աշակերտներին, իմ դասերին բոլորը հանգիստ են եւ միշտ փորձում եմ նրանց հոգեբանորեն հասկանալ»: Կապ հաստատեցինք նաեւ Նելլի Մելքումյանի հետ: Նա հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի: Իսկ Վիկտորյա Հայրապետյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ կատակով երեխային թեթեւ հրելը չի կարելի համարել բռնություն: Ինքը բոլոր աշակերտներին շատ է սիրում, հույս ունի՝ դա փոխադարձ է: Հոգեբանական բռնություն երբեւէ չի գործադրել: 

Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Հ.Գ. Նյութի հրապարակումից հետո մեր աղբյուրներից մեկը հեռախոսազանգով պարզաբանեց, որ ինքը, ասելով, թե Վիկտորյա Հայրապետյանը հարվածում է ե՛ւ աղջիկներին, ե՛ւ տղաներին, չափազանցրել է: Այսպիսի բան իրականում չկա, Վ. Հայրապետյանը իրենց վրա միայն կատակով է բարկանում: 

aravot.am

10 փետրվարի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: