11/21/2018

Մեկ մատնիչի շուկայական գինը Կապանում (ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. հաղորդում հանցագործության մասին)

Մեկ մատնիչի շուկայական գինը Կապանում (ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. հաղորդում հանցագործության մասին)

Սյունիքի մարզի Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ տեղի ունեցող իրադարձություններում նորանոր բացահայտումներ են ջրի երես դուրս գալիս:

Ինչպես արդեն ասվել է՝ Սյունիքի մարզպետի 2018թ. հունվարի 9-ի կարգադրությամբ այդ դպրոցում մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվել է համակարգի գնահատում եւ ֆինանսական աուդիտ: 

Գնահատումն ու ֆինանսական աուդիտն ընդգրկում էին «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 2016թ. հունվարի 1-ից մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի գործունեությունը:

Ըստ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի 2018թ. հունվարի 19-ի եզրակացության՝ աշխատավարձի հաշվարկման եւ վճարման գործառույթների ուսումնասիրման ընթացքում արձանագրվել է, որ 2016 եւ 2017 թվականներին, հակառակ տարիֆիկացիայի, հաշվապահին վճարվել է 100 հազար դրամ ամսական աշխատավարձ (տարիֆիկացիայով նախատեսված էր 0.5 դրույք հաստիք՝ 50 հազար դրամ աշխատավարձով):

Այդ ամենի արդյունքում փորձ է արվում պատասխանատվության ամբողջ բեռը բարդել դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանի վրա, ինչի համար էլ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել է ոստիկանության Կապանի բաժին:

Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ ճիշտ է, օրենքով է, տրամաբանական է, բայց…

Լիլիթ Առաքելյանը, ինչպես քանիցս է ասվել, թիրախավորվել էր «Սյունյաց երկիր» թերթ բաժանորդագրվելու, այդ թերթում հոդվածներ հեղինակելու, խմբագրին հեռաձայնելու համար:

Վերջին օրերին, սակայն, նորանոր հանգամանքներ են բացահայտվում՝ կապված Սյունիքի դպրոցում իրականացված ստուգման արդյունքների հետ: 

Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը թաքցրել է ստուգման իրական արդյունքները եւ այն դարձրել առեւտրի առարկա այդ դպրոցի նախորդ տնօրեն Արթուր Մնացականյանի հետ:

Լիլիթ Առաքելյանից առաջ դպրոցը ղեկավարել է Արթուր Մնացականյանը, ասել է թե՝ ստուգումն ընդգրկել է նախեւառաջ Արթուր Մնացականյանի ղեկավարման շրջանը՝ 2016թ. հունվարի 1-ից մինչեւ այդ տարվա հուլիս:

Այնպես որ՝ հայտնաբերված հավելագրումն ընդգրկում է նախեւառաջ Արթուր Մնացականյանի ղեկավարման շրջանը:

Ստուգման արդյունքների քննարկումներում, մինչդեռ, բացակայում է Արթուր Մնացականյանի անունը:

Ինչո՞ւ է Վահե Հակոբյանը պարտակում Սյունիքի դպրոցի նախկին տնօրեն Արթուր Մնացականյանի (ով ներկայումս Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրենն է) օրերում սկիզբ դրված հավելագրումները:

Պարզվում է՝ մարզպետը պետության հաշվին առեւտրի մեջ է Արթուր Մնացականյանի հետ:

Նրան առաջարկվել է սուտ մատնություն ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի, ինչի դիմաց խոստացել է թաքցնել բացահայտված հավելագրումը եւ հանդուրժել պաշտոնավարումը Կապանի թիվ 3 միջնակարգում:

Այսպիսով՝ ըստ ստուգման արդյունքներն արձանագրող հաշվետվության (19.01.2018թ.)՝ Արթուր Մնացականյանի ղեկավարած դպրոցում բացահայտվել են հավելագրումներ, որին գնահատական չի տրվել Սյունիքի մարզպետի կողմից:

Հարցն ունի մեկ այլ եւ շատ ուշագրավ կողմ նույնպես:

Սյունիքի միջնակարգ դպրոցը, ինչպես եւ մյուս դպրոցները, եռամսյակային ու տարեկան հաշվետվություններ են ներկայացնում մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Սուսաննա Դավթյանին: Բայց վերջինս տարիներ շարունակ «չի նկատել», որ փոքրիկ այդ դպրոցում տարեկան առնվազն 600 հազար դրամ գերածախս կա աշխատավարձի ուղղությամբ:

Իսկապե՞ս Սուսաննա Դավթյանը, ով ի պաշտոնե հանգամանալից զննում է յուրաքանչյուր դպրոցի ֆինանսական հաշվետվությունը, չի նկատել ո՛չ հավելագրումը, ո՛չ աշխատավարձի ֆոնդի գերածախսը:

Եթե չի նկատել՝ ուրեմն չի տիրապետում իր պարտականություններին: Իսկ եթե նկատել ու աչք է փակել, ապա ինչո՞ւ:

Արթուր Մնացականյանի եւ Սուսաննա Դավթյանի արարքն ակամա նոր հարցերի տեղիք է տալիս:

Նախ՝ արդյո՞ք Արթուր Մնացականյանը նախկինում եւս նման հավելագրումներ է կատարել իրեն վստահված Սյունիքի միջնակարգում:

Այնուհետեւ՝ արդյո՞ք նման «մանրուքներից» զերծ են Սյունիքի մարզի հանրակրթական մյուս դպրոցները եւս, չէ՞ որ նրանց ֆինանսական գործունեության վերահսկողությունը նույնպես դրված է Սուսաննա Դավթյանի վրա:

Հույս ունենք, որ պատկան մարմինները կպատասխանեն հանրությանը հետաքրքրող այդ հարցերին՝ դրանց տալով օրենքով սահմանված գնահատական:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: