07.18.2018
USD-480.37   EUR-563.47   RUB-7.69  

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հրաժեշտի արարողությունը

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հրաժեշտի արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռումեն Ռադեւը կարճատեւ հանդիպում են ունեցել, որի ժամանակ ամփոփել են այցի արդյունքները:

«Հարգելի՛ պարոն նախագահ, տիկի՛ն Ռադեւա,Մեկ անգամ եւս ուզում եմ ուրախությունս հայտնել Ձեր այցի կապակցությամբ եւ գոհունակությամբ արձանագրել, որ Ձեր այցը շատ դրական արձագանք ունի մեր հասարակության մեջ: Եվ սա այն դեպքերից է, երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ. մենք մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, մյուս կողմից՝ մեր հասարակության արձագանքը, իրոք, խոսում է այն մասին, որ Բուլղարիան եւ բուլղարացիները մեր ժողովրդի հարգանքն են վայելում: Վստահ եմ, որ երեկ Երեւանում ունեցած Ձեր հանդիպումների ժամանակ եւս Դուք տեսել եք այդ վերաբերմունքը, եւ հուսով եմ, որ արդյունավետ հանդիպումներ են եղել»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին հրավերի եւ բացառիկ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ երեկ Երեւանում, իսկապես, իրենց զգացել են ինչպես տանը: 

«Նույնը կարող եմ ասել նաեւ Բուլղարիայի կողմից ձեր երկրի եւ ժողովրդի հանդեպ վերաբերմունքի մասին: Շատ ուրախ եմ, որ կարողացանք ակտիվացնել մեր հարաբերությունները եւ նոր լիցք հաղորդել դրանց: Շատ կարեւոր է լավ մթնոլորտ ստեղծել քաղաքական դաշտում: Ես վստահ կարող եմ ասել, որ երեկ ավելի հաստատակամ դարձա իմ այն զգացողության մեջ, որ մեր ազգերի միջեւ հարաբերությունները, իրոք, շատ ջերմ են: Հատկապես ուզում եմ նշել Պեյո Յավորովի անվան դպրոցի մասին, որտեղ բավականին ջերմ ընդունելության արժանացանք: Անչափ ուրախ եմ, որ գործարար միջավայրն ավելի կակտիվացնի իր գործունեությունը: Կունենանք եւս երկու հուշագիր, ինչը համագործակցության զարգացման համար մեծ խթան կլինի: Ես մեծ հույսեր եմ կապում հունիսին Բուրգասում կայանալիք գործարար համաժողովի հետ»,- ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:

president.am

13.02.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: