12/17/2018

Սամվել Ալեքսանյանի մամուլի ասուլիսը Երեւանում

Սամվել Ալեքսանյանի մամուլի ասուլիսը Երեւանում

2018թ. մարտի 2-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում տեղի է ունեցել «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի մամուլի ասուլիսը:

Թեման էր ՝ ««Սյունյաց երկիր» թերթի դեմ մարզպետ Վահե Հակոբյանի ձեռնարկած ապօրինությունների վերջին դրսեւորումները»:

Մոտ երկու հազար հոգի ուղիղ հեռարձակման շնորհիվ հետեւում էին ասուլիսի ընթացքին:

Սամվել Ալեքսանյանը մեծ բացթողում համարեց իրողությունը, որ մայրաքաղաքային հարթակները չեն օգտագործվում Սյունիքում տեղի ունեցող կամայականությունները հանրայնացնելու համար եւ խոստացավ, որ նման ասուլիսներ պարբերաբար կլինեն: Ըստ բանախոսի՝ Սյունիքը մեր պատմության բոլոր փուլերում (սկսած ուրարտական ժամանակներից մինչեւ Հայաստանի 3-րդ հանրապետություն) եղել եւ մնում է Հայոց անկախ պետականության ողնաշարը: Եվ Սյունիքի մարզի կենսունակությամբ է պայմանավորված մեր նոր պետության կառուցման հաջողությունը: Ուստի եւ սյունիքյան անցուդարձը հետայսու պետք է լինի հայ հանրության ուշադրության կենտրոնում:

Ասուլիսին մասնակցող լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է թերթի խմբագիրը պատկերացնում մարզպետ-թերթ կոնֆլիկտի ելքը, Սամվել Ալեքսանյանը մասնավորապես ասաց. «Վահե Հակոբյանի հետագա պաշտոնավարման հարցը կառավարության լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարց է: Բայց չմոռանանք, որ ցանկացած իշխանության աղբյուր ժողովուրդն է, ինչը դեռեւս 19-րդ դարի կեսերին հռչակել են ֆրանսիացի լուսավորիչները: Դա նշանակում է, որ Վահե Հակոբյանի հետագա պաշտոնավարման հարցը քննարկելիս պետք է նկատի ունենալ նաեւ Սյունիքի բնակչության կարծիքը: Իսկ որպես առաջին քայլ պետք է հրապարակավ արձանագրել ակնհայտ ճշմարտությունը՝ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում չի կայացել, ինչից չպետք է ողբերգություն սարքել, լացուկոծ անել:

Նրա ուժերը միգուցե եւ այլ ոլորտում օգտագործվեն, բայց պայմանով, որ հանրության հետ, մարդկանց հետ շփումներ չունենա, քանի որ դա նրան չի հաջողվում:

Մեկ ուրիշ ճամփա էլ կա. մենք քրիստոնյաներ ենք, իսկ քրիստոնեության յոթ խորհուրդներից մեկն ապաշխարությունն է: Նա կարող է մեղքերի խոստովանություն անել եւ թողություն խնդրել, իսկ մենք, Սյունիքի հոգեւոր դասի հետ, ապաշխարության արարողություն կկազմակերպենք Տաթեւի վանքում՝ Սուրբ Գրիգոր Տաթեւացու շիրիմի մոտ»:

Սամվել Ալեքսանյանը վերահաստատեց նախկինում հաստատած տեսակետն առ այն, որ մենք անպայման տեսնելու ենք Վահե Հակոբյանի փախուստը Սյունիքից: Եվ դա այնքան հանկարծակի կարող է տեղի ունենալ, որ զորակոչված կանանց գնդի առաջապահները չեն հասցնի նույնիսկ սեւ զգեստներ հագնել ու Սիսիանի դարպասներից, հրաժեշտի երաժշտության ներքո, ճանապարհել նրան գրողի ծոցը:

Մամուլի ասուլիսի ամբողջ տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: