12/17/2018

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «Թշնամու ոտքը երբեք մեր հողը չի մտնի»

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «Թշնամու ոտքը երբեք մեր հողը չի մտնի»

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով նպատակահարմար գտանք վերահրատարակել նրա հետ հարցազրույցը, որ տեղի է ունեցել 1992թ. Գորիսում՝ Արցախյան պատերազմի դժվարին օրերին: Հարցազրույցը մեկ անգամ եւս ապրողներիս հիշեցնում է առ այն, թե ինչպիսի գնով ու մաքառումով է կերտվել հաղթանակը, ինչպես են նորանկախ Հայաստանի հիմնադիրները մտածել հող հայրենիի մասին:

- Պարո՛ն նախարար, ինչպե՞ս եք բնութագրում օպերատիվ կացությունը սահմանագծում:

- Զուտ պաշտպանական իմաստով դրությունը որոշ չափով թեթեւացել է Լաչինի վտանգի սպառման հետեւանքով: Փաստորեն, մեր ձեռքն ազատվեց: Մյուս` հարավային ուղղությամբ վտանգն առկա է, եւ մենք կարող ենք հանկարծակիի գալ, եթե այսօր ինտենսիվորեն չնախապատրաստվենք հնարավոր հարձակումների դիմակայմանը: Անհրաժեշտ է բոլոր օղակներում բարձրացնել կարգապահության, կազմակերպվածության մակարդակը, որը վերջին օրերին հայտնի իրադարձություններից հետո բավականաչափ խարխլվել է: Անհրաժեշտ է բարձրացնել զգոնությունը, ուժեղացնել սպառազինությունը, վերջին հաշվով` պաշտպանվածությունը: Այս խնդիրն իրականացնելու համար էլ գտնվում եմ Գորիսում: 

- Փաստորեն չհայտարարված պատերազմ է:  Պետական ո՞ր կառույցն  է ղեկավարում շրջանի պաշտպանությունը, կոորդինացնում զինյալ ստորաբաժանումների գործողությունները: Այս հարցում անորոշությունն այնքան ընդգծված է, որ վերջին մեկ-երկու ամսում տարբեր օղակներում փորձ է կատարվում ստեղծելու ինքնապաշտպանության խորհուրդներ, զինյալ միավորումներ: 

- Ոչ մի նորաբույս կառույց, առավել եւս ինքնապաշտպանության խորհուրդ ու կոմիտե, ում կողմից էլ որ ստեղծված լինեն, չեն կարող իրականացնել շրջանի պաշտպանությունը: Ցանկացած կառույց իր ստեղծման պահից օրենքից դուրս է: Գորիսում եւ սահմանային մյուս շրջաններում պաշտպանությունն իրականացնում է սահմանապահ պարետատունը` իր հրամանատարությամբ, ներքին օղակներով` ուղեկալներով, պահակակետերով: Պաշտպանական խնդիրներ իրականացնելիս պարետատան պարետի ենթակայությամբ են գործում նաեւ զինվորական կոմիսարիատը, պահեստազորայինների գումարտակը, շրջանային միլիցիայի աշխատակիցները: Դրսից գործուղված ռազմական բոլոր ջոկատները նույնպես մտնում են պարետատան ենթակայության տակ: Կարծում եմ` այս ուժերն ի զորու են պաշտպանելու սահմանների անվտանգությունը: Իրավիճակի կտրուկ բարդացումների դեպքում գործողության մեջ կդրվեն պաշտպանության նախարարության ցամաքային ուժերի չորս գնդերը: Գեներալ-մայոր Մ.Սարգսյանը վերջին ամսում գտնվում է Զանգեզուրում` չորս շրջանի պաշտպանական կառույցների գործունեությունը կոորդինացնելու նպատակով: Քանի որ հանգամանքների բերումով իրավիճակն ավելի ռազմականացված էր Գորիսում, ուստի պարոն Սարգսյանն իր գործունեությունը հիմնականում ծավալում էր Գորիսի շրջանում: 

- Հաճելի է լսել, որ տարածաշրջանի պաշտպանությունն իրականացվում է եւ կիրականացվի պետական մակարդակով, պետական կառույցների միջոցով: Այդ դեպքում ինչպե՞ս եք մտադիր օգտագործել այն երիտասարդների ուժերը, ովքեր, գիտակցելով հայ ժողովրդին սպառնացող վտանգը, իրենց պատրաստակամությունն են հայտնում մասնակցելու երկրամասի պաշտպանությանը: 

- Նման երիտասարդները, անշուշտ, կարող են իրականացնել իրենց ցանկությունը: Գորիսի սահմանապահ պարետատանը պահանջվող զինվորների հաստիքաքանակը մոտ 300 է: Մինչդեռ ծառայողների թիվը երկու հարյուրից չի անցնում: Ինչպես տեսնում եք, պարետատան հաստիքացուցակը հեռու է լրացված լինելուց: Մինչեւ 33 տարեկան բոլոր երիտասարդները, ովքեր ցանկանում են ընդգրկվել պաշտպանության գործում, այդ հնարավորությունն ունեն: Ի դեպ, խոսքս իսկական զինվորական ծառայության, ազնիվ մղումով հայրենիքին ծառայելու մասին է եւ ոչ թե սեփական անձը ռեկլամելու, դեպքից դեպք թեժ կետերում երեւալու մասին: Ասել եւ ասում եմ` յուրաքանչյուր հայ մարդ, ով կարող է եւ ուզում է մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, չունի եւ չի ունենա կառույցի, զենքի, զինամթերքի, աշխատավարձի պրոբլեմ: Կան պետական կառույցներ, որոնք ոչ ոքի առաջ իրենց դռները չեն փակում: Պետք է եւս մեկ անգամ հիշեցնեմ` պաշտպանությունը զուտ պետական խնդիր է եւ չի հանդուրժում ոչ մի խմբակային, կուսակցական, թայֆայական մոտեցում: 

- Իսկ ի՞նչ կարգավիճակով են օժտված երկրապահ ջոկատները:  

- Երկրապահ ջոկատները, որոնցից ծնունդ առան այսօրվա պետական ռազմական կառույցները, հանդիսանում են զինվորական կոմիսարիատում կազմավորվող պահեստայինների կորիզը: Երկրապահ ջոկատների շրջանային շտաբների պետերը ծառայության են անցնում պահեստազորային գումարտակում` անձնակազմի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ: Ժամանակավորապես պահեստազորայինների գումարտակի հրամանատար է նշանակված շրջանի զինվորական կոմիսարը: Թվարկածս կառույցներից դուրս որեւէ ռազմական կառույց, որեւէ ջոկատ օրինական համարվել չի կարող եւ պատժելի է քրեորեն: Մենք պետք է հասնենք այն վիճակին, որ պետական կառույցից դուրս չգրանցված որեւէ զենք անգամ չմնա մարդկանց մոտ, քանզի հսկողությունից դուրս գտնվող զենքը չարիք է հասարակության համար: Եվ դա վերաբերում է բոլորին` առանց որեւէ բացառության: 

- Քանի որ խոսվեց քաղաքացիների կողմից զենք կրելու մասին, ուստի ցանկալի է իմանալ, թե Հայաստանի Հանրապետությունում ով, որ մարմինը կարող է քաղաքացուն, պաշտոնատար անձին զենք կրելու իրավունք վերապահել: 

- Գոյություն ունի զենք կրելու թույլտվության կարգ` սահմանված հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից: Կա նաեւ զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկ: Այդ ցանկից եւ կարգից դուրս Հայաստանի Հանրապետությունում ոչ մի մարմին, ոչ ոք չի կարող որեւէ մեկին զենք կրելու իրավունք վերապահել:

- Գորիսեցիներս պակաս մտահոգված չենք  Գորիս-Կապան ավտոխճուղում անվտանգության ապահովման հարցով:

-  Թույլ տվեք այդ մասին խոսել մի քանի օր հետո: 

- Ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ Լաչինի միջանցքը: 

- Այդ հարցը կլուծվի կլոր սեղանի շուրջ: Իրավիճակից դուրս գալու համար շատ ճկուն, բազմապլան քաղաքականություն պետք է իրականացնել, ինչով եւ զբաղված են ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարները: Կարող եմ շեշտել, որ դա հավասարազոր է, եթե ոչ ավելի դժվար, ռազմական գործողություններին: Բոլոր դեպքերում համոզված եմ, որ մենք պայքարի այս փուլից նույնպես պատվով դուրս կգանք: 

Հարցազրույցը` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

«Զանգեզուր», N 43, 10.06.92թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: