05.25.2018
USD-482.65   EUR-566.1   RUB-7.86  

Մարզպետի հերթական փարիսեցիությունը

Մարզպետի հերթական փարիսեցիությունը

Նախորդ շաբաթվա սյունիքյան ուշագրավ իրադարձություններից էր ՀՀ բնապահպանության նախարարի այցելությունը մարզ:

Բայց նախարարի այցը նորովի կարեւորվեց այն բանից հետո, երբ newspress.am կայքը մարտի 6-ին տարածեց Վահե Հակոբյանի հարցազրույցը թեմայի շուրջ:

Մարզպետն արտահայտեց մտքեր, որոնք առնվազն հպանցիկ անդրադարձի կարիք ունեն, քանզի հերթական անգամ աղավաղեց սյունիքյան իրականությունը եւ շփոթեց մարզային հիմնախնդիրների առաջնահերթությունները:

Նախ՝ հարցազրույցից իմացանք, որ մարզպետն այդպես էլ չի ընկալել, թե բնապահպանության նախարարն ինչո՞ւ է եկել մարզ, ինչի՞ համար է իր հետ հանդիպել եւ զրուցել: Չի հասկացել, որ նախարարը եկել է «երկու խոտը» պահպանելու պետական առաքելությամբ եւ ոչ թե ինչ-որ վառելափայտ բաշխելու-բաժանելու, ինչ-որ մեկի արտադրած պատուհաններն իրացնելու նպատակով:

Երկրորդ՝ մարզպետը հերթական անգամ ի ցույց դրեց իր երկերեսանի էությունը: Տեսեք. իր տիկնոջը պատկանող հեռուստածրագրերից մեկը շատ մեծ ծախսերի գնով ֆիլմ է նկարահանում եւ դատապարտում Ամուլսարում կատարվող աշխատանքները եւ բացատրում, որ Ամուլսարի «երկու խոտի» պահպանությունը խիստ կարեւոր, ազգային գործ է, իսկ սյունիքյան բնաշխարհի ներդաշնակությունը պահպանելը ստորադասելի է Քաջարանի կոմբինատի շահերին, քանի որ Վահե Հակոբյանն այնտեղ անձնական հետաքրքրություններ ունի:

Երրորդ՝ մարզպետը մեկ անգամ եւս ցուցանեց, որ ինքն ի վիճակի չէ հայերեն լեզվով հոդաբաշխ նախադասություն արտաբերել, որ հարցազրույցում իր համար կարեւորը բերանը բացուխուփ անելն է եւ ոչ թե միտք արտահայտելը:

Ասում է՝ «Ես վերացական եմ ասում», երբ խոսքը բնապահպանության մասին է:

Որեւէ մեկը կարո՞ղ է վերծանել այդ արտահայտությունը:

Կարելի է միայն այսպես ենթադրել՝ մարզպետը վերացական դատողություններով (առօրյա կյանքից, իրականությունից կտրված, իրականության վրա չհիմնված) տեսակետ է հայտնում մարզի բնապահպանական խնդիրների վերաբերյալ:

Չորրորդ՝ մարզպետի փարիսեցիությունը շարունակվել է խոսքի հետագա ընթացքի մեջ, երբ հայտարարել է, որ ցանկացած ծրագիր ողջունելի է, եթե բնակչի վիճակը դրանից կլավանա:

Ինքը ստում է… Իրականում մարզպետը ոչ թե դեմ է գործարար սյունեցիների նախաձեռնություններին, այլեւ թշնամաբար է տրամադրված նման մարդկանց հանդեպ: Նրա համար պաշտելի են այն հատուկենտ սյունեցիները, ովքեր մտել են իր կազմակերպած նախիրի մեջ եւ ծառայում են մայրաքաղաքից բերված ու այստեղ ներդրված չինովնիկներին:

Եթե ինքը դեռեւս չի կորցրել ազնվության վերջին նշույլները, ապա թող խոստովանի, թե Քաջարանի կոմբինատից նախկին ժամանակներում պատվեր ստացող կամ կոմբինատի համար ինչ-որ ծառայություն կատարող տեղացի քանի՞ ձեռներեց է լուսանցք մղվել իր քինոտ նախաձեռնությամբ՝ պատվերների ու ծառայությունների կատարումը մայրաքաղաք տեղափոխելով:

Եթե իսկապես ողջունում է ցանկացած ծրագիր բիզնես ոլորտում, ապա ինչո՞ւ է գերադասում մարզի վարելահողերը թողնել անմշակ՝ միայն թե մարզպետին մերժող ֆերմերներն ու գյուղացիները զրկված լինեն հող մշակելու հնարավորությունից, թեեւ մեր լեռնաշխարհում հող մշակելն արդեն իսկ հերոսություն է, թեեւ այդ ֆերմերներն ու գյուղացիները մեկ հեկտարի վարձակալության համար ավելի շատ գումար են առաջարկում պետությանը, քան մարզպետի շները: 

Հինգերորդ՝ ստում է մարզպետը, երբ կարեւորում է (իբր) մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը եւ հակակշռում այն «երկու խոտի» պահպանությանը («երկու խոտը» մարզպետի գործածած արտահայտությունն է, որը, նրա պատկերացմամբ, նշանակում է շրջակա միջավայր կամ բնաշխարհ):

Իրականում ինքն աննախադեպ խոչընդոտ է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին:

Նրա պաշտոնավարման ժամանակ միայն Քաջարանի կոմբինատը տարեկան 19-29 մլրդ դրամով պակասեցրել է պետությանը տրվող հարկերի չափը, թեեւ նույն ընկերությունում հանքաքարի արդյունահանումն այդ ընթացքում աճել է մոտ երեք անգամ, թեեւ գունավոր մետաղների միջազգային շուկայում գները 2017-ին բարվոք են եղել:

Նրա պաշտոնավարման ժամանակ 13 հազար հեկտարով պակասել է աշնանացանը:

Նրա պաշտոնավարման ընթացքում քարտեզի վրայից արդեն իսկ ջնջվել է Գորիսի տարածաշրջանի Քաշունի գյուղը:

Վեցերորդ՝ հարցազրույց կոչվածը վերստին ցույց տվեց՝ մարդն այդպես էլ չի գիտակցում, որ ինքը Սյունիքի մարզպետի պաշտոնն է զբաղեցնում եւ ոչ թե Քաջարանի կոմբինատի դեսպանն է Սյունիքում:

Հարցնում են պոչամբարների աղետաբեր եւ մահասփյուռ գոյության մասին,  ողորմելիորեն փախչում է պատասխանից՝ կարծելով, որ դրանով հերթական հնարամտությունը բանեցրեց ու թեման փակեց:Ամփոփենք մարզպետի հարցազրույցի վերաբերյալ մեր դիտարկումը:

Ամփոփենք վահեհակոբյանական բանաձեւ-հարցադրումով՝ «Մենք պետք է կշեռքի նժարին դնենք՝ ի՞նչն է մեզ համար կարեւորը՝ Վահե Հակոբյան անփառունակ մարզպետի հետագա պաշտոնավարման հանդուրժո՞ւմը, թե՞ Սյունիքը նրա չարափառությունից ազատագրելը»: 

Մարզը վաղուց արտահայտվել է կշեռքի երկրորդ նժարի օգտին: Եվ այդ համոզմունքն ավելի է կարծրանում ամեն անգամ, երբ լսում ենք նրա անհավասարակշիռ խոսքը եւ անհեթեթ մտքերը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: