05.24.2018
USD-482.48   EUR-565.61   RUB-7.83  

Կարապետյանը փորձում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը օրորոցում «խեղդել» թվերով

Կարապետյանը փորձում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը օրորոցում «խեղդել» թվերով

Մարտի 7-ին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցը մնաց իհարկե տոնական ծաղիկների ստվերում, մինչդեռ, այցն իհարկե պարունակում է մի քանի ուշագրավ համատեքստ:

Նախ, Կարապետյանը փաստորեն սկսել է մարզային այցելություններ, որտեղ նրան ներկայացնում են տնտեսական իրավիճակի թվային ցուցանիշներ, հասկանալիորեն բոլորն աճի տեսքով: Ակնառու է, որ Կարեն Կարապետյանի համար սա ոչ միայն տնտեսվարություն է, այլ ըստ էության քաղաքական պայքարի ձեւ, այն իմաստով, որ Կարապետյանը փորձում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը օրորոցում «խեղդել» թվերով կամ պարզապես «թվախեղդ» անել:

Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ մեծամասնությանը այլընտրանք չի մնում, քան կասկածի տակ դնել այդ թվերը կամ մտածել վարչապետության թվերից առավել ուժեղ գործոնների մասին: Իսկ անվտանգությունը կամ արտաքին քաղաքականությունը, անկասկած, ոչ պակաս ուժեղ, սակայն տվյալ պարագայում քիչ առարկայություն պարունակող գործոններ են, եթե շեշտը դրվելու է դրանց վրա: Այսինքն՝ այս դեպքում իհարկե կպահանջվի դրանց առարկայացման զգալի ջանք: Մյուս կողմից, թվերը, որ ներկայացվում են Կարապետյանին կամ ներկայացնում է Կարապետյանը, ըստ էության, հիպոթետիկ կապ ունեն իրականության հետ, որում ապրում է Հայաստանի շարքային քաղաքացին:

Այսինքն՝ խնդիրը, անշուշտ, աճը չէ, կամ թվերը կասկածի տակ դնելը չէ, այլ թվերի բավարարությունը կասկածի տակ դնելը, բավարարության հարցը բարձրացնելը, միաժամանակ նաեւ հնարավորության: Այսինքն՝ հնրավոր չէ՞ր անել ավելին, իսկ բավարա՞ր է եղածը, հատկապես հաշվի առնելով արտագաղթի եւ աղքատության բարձր մակարդակը եւ նվազեցնելու կենսական անհրաժեշտությունը: Այստեղ է խնդիրը եւ այստեղ պատասխանները, մեղմ ասած, միարժեք չեն, կամ պարզապես Կարեն Կարապետյանի հռետորաբանությամբ բնորոշելով՝ տնտեսական ներկայիս մոտ ութ տոկոս աճի «ֆիշկան», ուղղակի նկատելի չէ, կամ համենայնդեպս, իշխող համակարգից դուրս նկատելի չէ, Հայաստանի հեռանկարային զարգացման տեսանկյունից նկատելի եւ շոշափելի չէ: Իսկ իշխանության վերադասավորման համար պայքարում վիճակագրական, այսպես ասած, հաշիվների պարզաբանումը, շարքային քաղաքացու տեսանկյունից, ուղղակի հետաքրքիր չէ: Սրան զուգահեռ, վարչապետ Կարապետյանը, անկասկած, իրավացի է, որ Սյունիքի մարզի «ֆիշկան» Իրանի շուկային մոտ լինելն է:

Այստեղ սակայն ամբողջ խնդիրն այն է, որ պարզ չէ Հայաստանի հեռավորությունն Իրանից, այսինքն՝ պարզ չէ ի վերջո հայ-իրանական տնտեսա-քաղաքական հարաբերության մասշտաբը, ներուժը եւ առկա իրավիճակի համապատասխանությունն այդ ներուժին: Սյունիքն անկախ պետություն չէ եւ անմիջականորՊեն կախված է, թե Հայաստանն ինչքանով է հաղորդակից Իրանի հետ, հայ-իրանական լայն կոմունիկացիան ինչպես է աշխատում, որ Սյունիքն էլ կատարի իր դերն այդ հարցում: Իսկ այստեղ հատկանշական է մի հանգամանք:

Իրանի հետ լիարժեք հարաբերությունը կախված է ԵՏՄ-ից, Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի համաձայնագրից, որի հարցում սակայն կան խնդիրներ եւ այդ համաձայնագրով, կարծես թե, գործնականում շահագրգռված է միայն Հայաստանը, ԵՏՄ անդամ մյուս երկրները, կարծես թե, հակված չեն այդ ուղղությամբ առանձնապես արագ արդյունք արձանագրելուն: Իսկ այդ պայմաններում Իրանը կոմունիկացիոն առումով առավել արդյունավետ աշխատում է Բաքվի հետ, այն դիտարկելով տարանցիկ հնարավորություն դեպի Ռուսաստան կամ դեպի Վրաստան ու Սեւ ծով: Բանն այն է, որ Հայաստանն այդ տեսանկյունից ունի մի կարեւոր մեսիջ՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը, որը պետք է լինի իրանական ուղղությամբ Հայաստանի տնտեսա-քաղաքական արդյունավետության ինդիկատոր, եւ որն այդ իմաստով, առայժմ, ցույց է տալիս շատ տխուր պատկեր, եւ «ֆիշկան» այս դեպքում դառնում է ընդամենը ուրախ բառ:

mitk.am

10 մարտի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: