04.20.2018
USD-480.18   EUR-590.67   RUB-7.82  

Կանանց միամսյակի մեկնարկը

Կանանց միամսյակի մեկնարկը

Մարտի 7-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հանդիսություն: Դրանով ըստ ամենայնի մեկնարկեցին կանանց միամսյակի նվիրված միջոցառումները: 

Ինչպես առաջացավ այդ միամսյակ կոչվածը: Խորհրդային տարիներին մարտի 8-ը նշվում էր որպես կանանց միջազգային օր: Հայաստանի անկախության հռչակումից հետո մարտի 8-ը հանվեց Հայաստանի պետական տոնացույցից, փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցության օր: 2001-ից մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Այդպես ծնունդ առավ կանանց միամսյակը մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը: 

Ինչեւէ, մարզկենտրոնի մշակույթի պալատում տոնական տրամադրություն էր, նախ հրապարակվեց Կապանի համայնքի ղեկավարի շնորհավորանքի խոսքը տոնի առթիվ:Այնուհետեւ հերթը հասավ պարգեւատրումներին:

Համայնքում նշանակալի դեր ունեցած կանայք՝ Կապանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի միակ կին վետերան Քնարիկ Հայրապետյանը, մոտ մեկ տարի առաջ համայնքում ծնված եռյակի մայր Օֆելյա Առաքելյանը, հինգ երեխայի մայր Վերոնիկա Գոլիկովան (Կապանի համայնքի Տավրոս բնակավայրից), երկարամյա մանկավարժ, կենսաթոշակառու Էմմա Քարամյանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Կապանի մասնաճյուղի սոցիալական աշխատող Լենա Մուշկամբարյանն արժանացան դրամական պարգևների: Կրթության, առողջապահության, տեղական ինքնակառավարման ոլորտների մի խումբ կանայք պարգեւատրվեցին համայնքի ղեկավարի շնորհակալագրով եւ դրամական պարգեւով բարեխիղճ աշխատանքի համար:

Այնուհետեւ հանդիսության մասնակիցների համար տրվեց համերգ: Հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորների երգերի կատարումով հանդես եկան Վարշամ Ավագյանը, Վանուշ Հակոբյանը, Մելինե Խաչատրյանը, Գաբրիելը, Ինգա Մանուչարյանը (նվագակցողներ՝ Դավիթ Բաղդասարյան եւ Արթուր Դավթյան), պարային կատարումներով ՝ «Պարի աստղեր» շոու ստուդիայի սաները (ղեկավար՝ Էրիկ Քոչարյան), «Նարին» (ղեկավար՝ Նարինե Մովսիսյան) պարային համույթը:

Համերգը եզրափակվեց Ալեքսեյ Հեքիմյանի «Դռները բացեք, գարուն է գալիս» երգով (խոսք՝ Համո Սահյանի):

Հանդիսության ավարտին կանանց ու աղջիկներին ծաղիկներ հանձնվեցին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: