04.20.2018
USD-480.18   EUR-590.67   RUB-7.82  

Նախագահն ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին

Նախագահն ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյին:

Ողջունելով հյուրին՝ հանրապետության նախագահը կարեւորել է նրա գլխավորած պատվիրակության հերթական առաքելության այցը Հայաստան ԱՄՀ-ի հետ համագործակցության նոր ծրագրի բանակցություններից առաջ եւ հույս հայտնել, որ այցն արդյունավետ կլինի զարգացման հետագա ծրագրերի, թիրախային ուղղությունների, ինչպես նաեւ ընթացիկ խնդիրների ու մարտահրավերների շուրջ մտքերի փոխանակման տեսանկյունից: 

Նախագահը տեղեկացրել է, որ ներկայումս մշակման փուլում է մինչեւ 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը, ուստի, ըստ նրա, ԱՄՀ առաքելության այցը եւ հիմնադրամի թիմի կարծիքն ու գնահատականները այդ ռազմավարության մեջ նախանշված թիրախների վերաբերյալ բավականին օգտակար կլինեն: 

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անցած տարիներին ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը՝ նշելով, որ միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՀ-ի ակտիվ մասնակցությամբ Հայաստանում իրագործված համատեղ ծրագրերի շնորհիվ հնարավոր է դարձել ամենատարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնել եւ բարձրացնել տնտեսության արդյունավետությունը: Նախագահը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին այդ աջակցության, իսկ գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյին՝ ՀՀ շահերը ԱՄՀ-ում պատշաճ ներկայացնելու համար: Նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է իրականացնելու ԱՄՀ նախորդ ծրագրից բխող բարեփոխումներն ու կառուցվածքային փոփոխությունները, որոնք կրելու են շարունակական բնույթ: 

ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյը եւս դրվատանքով է խոսել հիմնադրամի հետ Հայաստանի նախորդ ծրագրի հաջող իրականացման մասին եւ հույս հայտնել, որ հաջորդ ծրագիրը նույնպիսի արդյունավետությամբ կմշակվի եւ հաջողությամբ կյանքի կկոչվի: 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տնտեսական աճը պետք է ներառական եւ զգալի լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, ուստի հետագա համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն նաեւ այդ նպատակին: Ընդգծելով, որ Հայաստանն արդեն իսկ ճիշտ ճանապարհի վրա է՝ ԱՄՀ գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման եւ նրա քաղաքացիների բարեկեցության:

president.am

12.03.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: