08.17.2018
USD-483.14   EUR-549.38   RUB-7.23  

Կարեն Կարապետյանը Սյունիքում շրջանցեց մեկ ուրիշ գլխավոր հարց եւս՝ ինչո՞ւ իր խոստումները մնացին թղթի վրա

Կարեն Կարապետյանը Սյունիքում շրջանցեց մեկ ուրիշ գլխավոր հարց եւս՝ ինչո՞ւ իր խոստումները մնացին թղթի վրա

Վարչապետի պաշտոնում վերջին անգամ այցելելով Սյունիք, Կարեն Կարապետյանը գոնե պետք է հաշվետվություն տար բնակչությանը՝ Սյունիքում իր կառավարության իրականացրած տարածքային քաղաքականության, սյունեցիներին տված խոստումների կատարման արդյունքների կամ ընթացքի մասին:

Դա, խոստովանենք, նաեւ բարոյականության ու պատասխանատվության հարց է: Չէ՞ որ մինչեւ մարտի 7-ը չորս անգամ պաշտոնական այցով, դրնգդրնգոցով, հարայհրոցով ժամանել է Սյունիք եւ անթիվ-անհամար խոստումներ տվել. 4 նոյեմբերի 2016թ., 12 մարտի 2017թ., 29 հուլիսի 2017թ., 15 դեկտեմբերի 2017թ.:

Դե, եթե ինքը խուսափում է կամ ամաչում է իր անկատար խոստումների մասին խոսել, գոնե մենք հիշեցնենք նրանցից մի քանիսը՝ ակնկալելով պատասխան:

Մարզի հինգ քաղաքում ստեղծվելու են վթարավերականգնողական ծառայություններ՝ նոր աշխատատեղերով:

Կապանում հիմնվելու է ռետինե նյութերի վերամշակման եւ խողովակների արտադրության երկու գործարան՝ նոր աշխատատեղերով:

Օժանդակություն է տրվելու հաջողակ եւ ներուժ ունեցող ֆերմերներին:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի շրջանակներում, վեց ռազմավարական ուղղությամբ, 95 մլն դոլարի ներդրում է կատարվելու «Տաթեւի դարպասներ» կառուցվելիք համալիրում, որի շնորհիվ ստեղծվելու է 1500 աշխատատեղ, իսկ Տաթեւ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան հասնելու է 400 հազարի:

Մարզի անասնապահությունն ու գյուղատնտեսությունն ուղղվելու են դեպի իրանական շուկա:

2017-ին Սյունիքի մարզում նախատեսվում են 55 մլն դոլարի ներդրումային ծրագրեր տարբեր ոլորտներում:

Իրանի հետ մեր առեւտրաշրջանառությունը տարեկան 50-57 մլն դոլար է՝ առանց էներգետիկ ոլորտի, այդ թիվը հասցվելու է 1 մլրդ դոլարի:

Ներդրումներ են արվելու մարզի առողջապահական հիմնարկներում:

Կլուծվի մարզն ամբողջությամբ գյուղտեխնիկայով ապահովելու խնդիրը:

Գրեթե բոլոր այցելությունների ընթացքում խոսել է Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին:

Սկզբում հայտարարվել է, որ ազատ տնտեսական գոտին կգործի 2017թ. հոկտեմբերի 1-ից, որ այնտեղ կհիմնվի 2500 աշխատատեղ: Հետո հայտարարվել է՝ ազատ տնտեսական գոտին կկառուցվի երկու փուլով. առաջին փուլն ավարտվել է 2017թ. դեկտեմբերի 15-ին: Ավելի ուշ սրբագրվել է՝ կստեղծվի ոչ թե 2500, այլ 2000 աշխատատեղ, մի փոքր ուշացումով էլ ճշտվել է՝ կստեղծվի 1500 աշխատատեղ:

Ազատ տնտեսական գոտում կընդգրկվի 50-70 շահագործող ընկերություն, որոնք կիրականացնեն 100-130 մլն դոլարի ներդրում՝ տարեկան ապահովելով 250 մլն դոլարի ապրանք կամ ծառայություն:

Գրեթե բոլոր այցելությունների ընթացքում խոսել է Կապանի օդակայանի վերագործարկման եւ այդ նպատակով կատարվող ներդրումների մասին: Հայտարարվել է 2017թ. օդակայանում 2.5 մլն դոլարի ներդրման մասին (Միջանկյալ ասենք՝  մեկուկես տարվա ընթացքում ավարտին չի հասցվել սովորական մի սպասասրահի կառուցումը, որի վրա մինչեւ այժմ հազիվ թե կատարված լինի մի քանի տասնյակ հազար դոլարի ներդրում: Եվ այդքանից հետո հայտարարվում է՝ 2018-ին օդակայանում կներդրվի 4.5 մլրդ դրամ):

Չենք ուզում վարչապետի խոստում-հավաստիացումներից յուրաքանչյուրի կատարողականի մեջ խորանալ՝ թողնելով  դա պարոն Կարապետյանին: Ընդ որում՝ ասվածը միայն խոստումների մի մասն է:

Ոչինչ, որ Սյունիքում ամաչել-խուսափել է անդրադառնալ իր խոստումների կատարմանը: Գոնե Երեւանից, գոնե ուշացումով, գոնե իր զբաղեցրած աթոռն ու անձը հարգելով, կարծում ենք, Կարեն Կարապետյանը պետք է հաշվետվություն տա, թե սյունիքյան խոստումներից որ մեկն է կատարել կամ չկատարել:

Հակառակ դեպքում (Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի հանդեպ մեծագույն հարգանք ունենալով հանդերձ) ստիպված կլինենք եզրակացնել՝ վարչապետը խաբել է սյունեցիներիս կամ ոչ իրատեսական, չհաշվարկված խոստումներ է տվել մարդկանց…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: