11/20/2018

Սուր էր ճոճում՝ «մեջքս պինդ է, իմ դեմ խաղ չկա». բա ինչո՞ւ է փախչում դատարանից, ո՞ւր է արժանապատվության զգացումը

Սուր էր ճոճում՝ «մեջքս պինդ է, իմ դեմ խաղ չկա». բա ինչո՞ւ է փախչում դատարանից, ո՞ւր է արժանապատվության զգացումը

Ընդդեմ Արթուր Օրբելյանի եւ «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայցադիմումի դատական քննությունն աստիճանաբար փոխակերպվում է իսկական զավեշտի:

Ընթերցողին հիշեցնենք՝ 2017թ. սեպտեմբերի 19-ին syuniacyerkir.am կայքում հրապարակվել է Արթուր Օրբելյանի հոդվածը՝ «Վահե Հակոբյանը ստել է. հայտարարագրում նշված տեղեկությունները եւ նրա ֆինանսական հոսքերն իրար չեն համընկնում, ինչը վկայում է հնարավոր կոռուպցիայի առկայության մասին»:

2017թ. հոկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Վահե Հակոբյանի հայցադիմումը՝ իր պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման ու հերքման պարտավորեցնելու պահանջով:

Այդ գործով մարտի 12-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրու նստավայրում երրորդ անգամ նշանակված էր դատական նիստ:

Առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2017թ. դեկտեմբերի 15-ին, երկրորդ դատական նիստը՝ 2018թ. փետրվարի 2-ին:

Առաջին եւ երկրորդ դատական նիստերին Վահե Հակոբյանը խուսափել է ներկայանալ՝ պնդելու, հիմնավորելու, որ իրոք իրեն զրպարտել են:

Երկու դեպքում պատշաճ կարգով նա ծանուցված է եղել, երկու դեպքում էլ դատարանին չի տեղեկացրել իր կամ իր ներկայացուցչի բացակայության պատճառները:

Որքան էլ զարմանալի ու տարօրինակ է՝ մարտի 12-ի դատական նիստին Վահե Հակոբյանը դարձյալ չի ներկայացել՝ դատարանին տեղյակ չպահելով երրորդ անգամ չներկայանալու պատճառների մասին:

Կգա՞ մարզպետը հաջորդ դատական նիստին, թե՞ ոչ. հարցին առայժմ դժվար է պատասխանել, չենք ուզում նաեւ ենթադրություններ անել:

Առայժմ, մինչդեռ, ակնհայտ է՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը համառորեն փախչում է դատարանից՝ մոռանալով իր ավանդական հաթաթան՝ «մեջքս պինդ է, իմ դեմ խաղ չկա»:

Մի ուրիշ հանգամանք էլ արձանագրենք՝ ինքը չի հարգում Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը, այլապես նման արհամարհանք չէր բանեցնի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հանդեպ:

Ըստ երեւույթին ինքը համոզված չէ նաեւ, որ կհաղթի դատարանում, իսկ պարտության դեպքում ավելի ծիծաղելի կդառնա:

Մնում է խաղը՝ խաղ ժամանակի վրա՝ մինչեւ ինքը կճողոպրի Սյունիքից, որից հետո էլ, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի հայցից:

Դատական հաջորդ նիստը՝ մայիսի 15-ին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: