10/21/2018

Մարզպետը հանրապետության նախագահի անունից խոսել է կամայականորեն՝ ուղղակի ստելով

Մարզպետը հանրապետության նախագահի անունից խոսել է կամայականորեն՝ ուղղակի ստելով

2018թ. մայիսի 12-ին «Հրապարակ» օրաթերթում լույս է տեսել «Էժանագին մեղադրանքներ» վերտառությամբ հոդվածը:

Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանի հեղինակած այդ նյութը պատասխան է նախօրեին նույն լրատվամիջոցում հրապարակված մի հոդվածի, որ գրվել էր ինձ հետ ունեցած զրույցի հիման վրա:

Փորձեմ համառոտ անդրադարձ կատարել այդ պատասխանին: 

Նախ նշեմ, որ 2018թ. ապրիլի 26-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի այցը Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղ ոչ թե հերթական էր, այլ արտահերթ, եւ ուսանողության հետ նրա հանդիպումն ուներ բացառապես մեկ նպատակ. ամեն գնով համոզել ուսանողներին, որ նրանք հեռու մնան մարզկենտրոնում թափ առնող հակաիշխանական շարժումից ու կազմակերպվող ցույցերից:

Մարզպետի «քարոզ-դասախոսությունը» նվիրված էր գործող իշխանության վերջին տարիների «ազգանվեր» գործունեությանը, որի արդյունքն այն էր, որ մի ամբոջ ազգ ի վերջո դուրս եկավ փողոց՝ մերժելու ռեժիմին:

Մարզպետը երեւի չէր էլ ջոկում, որ իր մարզպետության օրոք Սյունիքի «թռիչքաձեւ» զարգացման մասին իր կողմից ներկայացվող ստահոդ հավաստիացումները ներկաներից որեւէ մեկին հավատ չեն ներշնչում, ինչն էլ ամրագրվեց իմ ելույթին հաջորդած ծափահարություններով:

Ինչ վերաբերում է այդ հանդիպման մասին իմ նկատառումների առթիվ Վազգեն Սաղաթելյանի պատասխանին, ապա դա ոչ լուրջ եւ ոչ հավաստի խոսքերի հերթական շարան է:

Հրապարակման մեջ ակնարկվող մասնավոր ներդրումների մասին. դա ընդամենը ֆիկցիա է: Քաջատեղյակ մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչպես է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական միջոցների մի զգալի մասը շինծու հիմնավորումներով փոխանցվում տարբեր հիմնադրամներ եւ կատարվող աշխատանքները ներկայացվում որպես բարեգործություն, իսկ մեծ մասն էլ վճարվում է մարզպետի շրջապատի մարդկանց՝ իբրեւ «խորհրդատվական» ծառայությունների վճար:

Սյունեցիները գիտեն, որ Վահե Հակոբյանի գործունեությունը Սյունիքի մարզպետի պաշտոնում ավելի շատ նշանավորվել է նրանով, որ նրա աշխատաոճի զինանոցում ներդրվել են մեթոդներ, որոնք հիմնականում կիրառվում են տարբեր երկրների հետախուզական եւ հակահետախուզական ծառայություններում: Դրա վերաբերյալ «Սյունյաց երկիր» թերթի հրապարակումներն ավելի քան խոսուն են: Բավական է ասել, որ մարզպետարանի աշխատողներին թվում է, թե իրենց գաղտնալսում են: Իսկ մարզպետարանի ու մարզպետարանից դուրս ամենատարբեր պաշտոնյաների մոտ ձեւավորվել է տպավորություն, թե իրենց բջջային հեռախոսներն են գաղտնալսում, թե մարզպետը մշտապես տեղեկատվություն է ստանում ու քաջատեղյակ է՝ որ հեռախոսահամարներից են միմյանց զանգեր եղել ու այդպես շարունակ: Այդպիսի մտահոգություններն ունեն նաեւ հիմքեր. եթե մարզպետն առանց ամաչելու խորհրդակցությունում կանանց ներկայությամբ հայտարարում է, որ գիտեմ նույնիսկ ձեր տակաշորերի գույնը, կամ դպրոցի տնօրենին ասում է, որ դու այսինչ մարդու հետ հեռախոսով այսքան րոպե խոսել ես, ապա այդ դեպքում մի՞թե պարզ չէ, որ մարդկանց մտավախությունը գաղտնալսումների վերաբերյալ միանգամայն տեղին է: 

Իր աշխատանքային կենսագրության ընթացքում Վահե Հակոբյանը որոշ տարիներ աշխատել է տարբեր, ըստ իրեն՝ գաղտնի ծառայություններում, որտեղ գուցե նման մեթոդներն ընդունված են: Սակայն քաղաքացիական կյանքում ղեկավար մարդիկ նման ապօրինի մեթոդները շատ հաճախ օգտագործում են այն դեպքում, երբ իրենց կազմակերպական եւ ինտելեկտուալ կարողությունները, մեղմ ասած, բարձր չեն: Եվ ահա մարդկանց ղեկավարելու համար մնում է տաբեր մեթոդներով նրանց վախեցնելը եւ հլու-հնազանդ պահելը: Իսկ մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներին «աուդիտով», «կռու»-ով, դատախազությամբ ահաբեկելը Վահե Հակոբյանի հոբբին է: Դա է վկայում մարզպետի պաշտոնում իր գործունեության 1,5 տարվա ընթացքում մարզի ԲԿ-ներում եւ դպրոցներում մեծաթիվ, շատ դեպքերում չհիմնավորված աուդիտների եւ ստուգումների անցկացումը:

Ինչ վերաբերում է մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանի հրապարակման մեջ նշված մտքին՝ «վերջերս» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից իմ ազատման մասին, կասեմ հետեւյալը. մամլո խոսնակն իրերի վիճակը ներկայացնում է միանգամայն խեղաթյուրված՝ իրականության հետ որեւէ կապ չունեցող մեկնաբանությամբ: Նախ՝ տնօրենի պաշտոնակատարի պարտականությունից ազատվել եմ ոչ թե վերջերս, այլ 2016թ. դեկտեմբերի 8-ին: Բացի այդ, ինձ համար բացարձակ հասկանալի չէ, թե ուսանողության եւ դասախոսական կազմի ինչ դժգոհության մասին է խոսում Վահե Հակոբյանի ներկայացուցիչը, քանզի նման դժգոհության առիթ որեւէ անգամ չի գրանցվել ոչ իմ պաշտոնից դուրս գալուց առաջ, ոչ դրանից հետո: Իսկ եթե այդպիսի դժգոհության գոնե մեկ օրինակ իրեն հայտնի է, ապա թող ներկայացներ: Այն տպավորությունն է, որ մարզպետի շինծու կարծիքը հրամցվում է իբրեւ մասնաճյուղի ուսանողության եւ աշխատանքային կոլեկտիվի կարծիք, որը ծիծաղելի է: 

Համենայնդեպս՝ քանի առիթը ներկայացել է, ասեմ, թե ինչպես եւ ինչու եմ դիմում գրել ու հրաժարվել Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի տնօրենի 2016թ. դեկտեմբերի 6-ին նշանակված մրցույթից:

2016թ. հոկտեմբերի 19-ին ՀԱՊՀ ռեկտորատը հայտարարել է մրցույթ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի թափուր տեղի համար: Այդ պաշտոնում աշխատում էի պաշտոնակատարի կարգավիճակով: Մրցույթը պետք է կայանար 2016թ. նոյեմբերի 26-ին, որը, սակայն, հետաձգվեց ու պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին: Մինչ մրցույթը, սահմանված ժամկետում, պահանջվող փաստաթղթերը ներկայացրել էի ՀԱՊՀ հոգաբարձուների խորհուրդ:

Հետագա իրադարձություններն ընթացան այնպես, որ ինձ համար շատ հանգամանքներ մնացին խիստ կասկածելի: Նոյեմբերի 24-ին, երբ ՀԱՊՀ տարեկան գիտաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էի Երեւանում, մարզպետն իր մոտ է հրավիրում մասնաճյուղի գիտական աստիճան ունեցող դասախոսներին եւ հարցնում, թե իմ փոխարեն ո՞ւմ կցանկանային տեսնել մասնաճյուղի տնօրենի պաշտոնում: Հանդիպման եկած դասախոսներն անակնկալի գալով միանշանակ պնդում են, թե ամենահարմար թեկնածուն հենց Լեռնիկ Պետրոսյանն է: Դրանից հետո մարզպետը հարցն այլ կերպ է ձեւակերպել՝ եթե պարոն Պետրոսյանին տանեն նախարարություն՝ բարձր պաշտոնի, ո՞ւմ կցանկանայիք տեսնել նրա տեղում: Ներկաները պատրաստ չլինելով նման հարցադրումի, սկսում են առաջարկել տարբեր անուններ: 

Հետագա իրադարձություններից պարզ դարձավ, որ մասնաճյուղի աստիճանակիր դասախոսների հետ մարզպետի «հանդիպում- շոուն» հետապնդում էր ընդամենը մեկ նպատակ՝ ստեղծել հիմք, որ ինքը հետագայում հայտարարի, թե ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում չի տեսնում որեւէ կապանցի կադր, ով կարող է ղեկավարել մասնաճյուղը եւ, որ անհրաժեշտ է տնօրեն նշանակել դրսից, ինչը եւ տեղի ունեցավ:

Ես, իհարկե, տեղյակ չեմ, թե ինչպես է իմ՝ տնօրեն մնալ-չմնալու հարցը քննարկվել նախագահ Սերժ Սարգսյան-մարզպետ հանդիպման ժամանակ, կամ նման հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ: Այնուամենայնիվ նոյեմբերի 28-ին՝ ժամը 16.00-ին, Երեւանից ինձ զանգհարում է Վահե Հակոբյանը եւ բառացի ասում հետեւյալը. «Պարոն Պետրոսյան, հանրապետության նախագահի անունից եմ ասում՝ Դուք պետք է դիմում գրեք եւ հրաժարվեք դեկտեմբերի 6-ին կայանալիք մրցույթին մասնակցելու մտադրությունից»: Հավատալով, որ հրահանգն իջեցվել է ՀՀ նախագահի կողմից, դիմեցի ՀԱՊՀ հոգաբարձուների խորհուրդ՝ թեկնածությունս հանելու խնդրանքով, որից հետո մրցույթը համարվեց չկայացած: Դրան հետեւեց խորհրդի նախագահի ոչ հիմնավորված միջնորդությունը ՀԱՊՀ ռեկտորին՝ ինձ տնօրենի պաշտոնակատարի պարտականությունից ազատելու առաջարկով:

Հետագայում պարզ դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից որեւէ միջամտություն չի եղել տնօրենի ընտրությանը, որ 2016թ. նոյեմբերի 28-ին մարզպետը հանրապետության նախագահի անունից խոսել է կամայականորեն՝ ուղղակի ստելով:

Ինչ վերաբերում է մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանի կողմից հրապարակված պատասխանին, ապա դա լրիվ դատարկաբանություն է, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ մարզպետն իսկապես հոգեվարք է ապրում…

ԼԵՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի դասախոս, 

գիտությունների դոկտոր, պորֆեսոր

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: