05.25.2018
USD-482.65   EUR-566.1   RUB-7.86  

Ինչո՞ւ են քաջարանցիները Սյունիքի մարզպետին անվանում «Միշիկի շուն»

Ինչո՞ւ են քաջարանցիները Սյունիքի մարզպետին անվանում «Միշիկի շուն»

Գրեթե ամեն օր մի նոր եւ տարօրինակ հանգամանք է ջրի երես դուրս գալիս՝ Սյունիքում ստեղծված հակապետական ու հակաազգային կացության վերաբերյալ:

Պարզվում է՝ Քաջարանում Սյունիքի գործող մարզպետին շատերը չեն անվանում ընկեր կամ պարոն Հակոբյան, ընկեր կամ պարոն Վահե, Վահե Ալբերտի կամ պարզապես Վահե:

Նրան տրվել է մեկ այլ եւ բավականին տարողունակ ու հետաքրքիր հորջորջում՝ «Միշիկի շուն»:

Խոսքը, իհարկե, հայտնի Միշիկի կամ Միքայել Մինասյանի մասին է:Ինչու եւ ինչպես է Վահե Հակոբյանը վաստակել նման «պատվանուն»:

… Դեռեւս 2017-ի գարնանը Վահե Հակոբյանը ձեռնամուխ է եղել Մեղրու տարածաշրջանի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը զավթելու եւ Միքայել Մինասյանին նվիրելու գործընթացին:

Անկախության տարիների Սյունիքի պատմությանը շատ թե քիչ քաջատեղյակները հիշում են, թե 1990-ականներից սկսած հայոց վերնախավում ինչ «մարտեր» էին մղվում այդ հանքավայրի համար, քանի-քանի անգամ են տերերը փոխվել, քանի-քանի անգամ են աշխատատեղեր բացվել ու փակվել…

Մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո Վահե Հակոբյանի առջեւ նաեւ այդ խնդիրը դրվեց՝ գործող տերերից խլել ոսկու հանքավայրը եւ նվիրել Միքայել Մինասյանին:

Վերջինս այդ նպատակով 2017-ի գարնանը երկու անգամ այցելեց Մեղրի, գիշերեց Քաջարանի կոմբինատի պրոֆիլակտորիայում, տեսավ, թե ինչպիսի հավատարմությամբ է իր ոտքերի տակ գալարվում Վահե մարզպետը:

Լիճքվազ-Թեյի «հաղթական» օպերացիայից հետո էր, երբ Վահե Հակոբյանն ավելի ուժեղացրեց ինկվիզիցիան Սյունիքի մարզում, դարձավ  ավելի լկտի, բայց եւ պաշտպանված: Դրանից հետո էր, երբ իր միջավայրում գլուխ գովեց. «Ինձ չեն կարող աշխատանքից ազատել ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ վարչապետ Կարեն Կարապետյանը, իմ ճակատագիրը կարող է որոշել միայն ու միայն Միքայել Մինասյանը»:

Վահե Հակոբյան-Միքայել Մինասյան գործակցությունը՝ Սյունիքի ունեցվածքը զավթելու ուղղությամբ, դրանով չավարտվեց:

Լիճքվազ-Թեյի խնդրից առաջ դրված էր մեկ այլ ու առավել կարեւոր խնդիր՝ վերաբաշխել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը՝ Միքայել Մինասյանի քիմքին հաճո ձեւով:

Իմիջիայլոց, դա վերջին երկու տարում Սյունիքում ամենաշատ քննարկվող հարցերից է, եւ Միքայել Մինասյանը, գոնե ուշացումով, պետք է բացատրություն տա այդ կապակցությամբ. ինքը կապ ունի՞ հանքարդյունաբերական այդ ընկերության բաժնետոմսերը վերաբաշխելու հետ:

Վահե ավազակապետ-Միքայել Մինասյան գործակցության մեկ այլ հասցե է Լիճքի պղնձի՝ դեռեւս չգործող հանքավայրը: Խոսքը Լիճք գյուղի մերձակայքում, Զվարի ջրահավաք ավազանին, Լիճքի նշանավոր ջրվեժներին հարող տարածքում գտնվող պղնձի պաշարներն արդյունահանելուն միտված քայլերի մասին է՝ ինչ-որ «Թաթսթոուն» ընկերության դրոշի ներքո:

2017-ի հունիսից այնտեղ կատարվում են մակաբացման աշխատանքներ:

Աշխատանքների կատարումը կամավորությամբ իր վրա է վերցրել Վահե Հակոբյանը, բնականաբար, Քաջարանի կոմբինատի հաշվին:Որպեսզի պատկերացնեք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հանքավայրի մակաբացումը, նշենք, որ այնտեղ մոտ 120 աշխատող է ընդգրկված, բազմաթիվ բուլդոզերներ, էքսկավատորներ, այլ մեքենասարքավորումներ, ինժեներատեխնիկական աշխատողներ: Եվ բոլորը՝ Քաջարանի կոմբինատի հաշվին, բոլորը՝ Վահե Հակոբյանի կամավոր հանձնառությամբ:

Օրեր անց Քաջարանում բացահայտվել է հակասյունիքյան մեկ այլ գործարք: Ըստ Քաջարանից ստացվող տեղեկությունների՝ Մհեր Պոլոսկովն ու Վահե Հակոբյանը փորձում են զավթել նաեւ Քաջարան գյուղի տարածքը եւ իբրեւ պղնձամոլիբդենային առանձին հանքավայր՝ դնել Միքայել Մինասյանի տրամադրության տակ:

Ահա, թե Սյունիքի հաշվին համագործակցության ինչ դաշտ է ստեղծվել Վահե ավազակապետի ու Միքայել Մինասյանի միջեւ:

Ահա, թե ինչու են Վահեին անվանում «Միշիկի շուն»:

Խնդիրը, սակայն, այդ ամենի մասին հանրությանը տեղյակ պահելը չէ, թեեւ դա էլ կարեւոր է:

Խնդիրն այն է, որ Միքայել Մինասյանը պետք է անկեղծորեն լույս սփռի այդ ամենի վրա (միգուցե ինքը կապ չունի՞ այդ ամենի հետ, միգուցե Վահեն միայնա՞կ է գործում), նաեւ պատասխանի, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել ինքը Վահե Հակոբյանի սյունիքյան չարագործությունները պարտակելու, Սյունիքի արժանապատիվ կադրերին հալածելու, Սյունիքում խոսքի ազատության դեմ միջնադարյան մեթոդներով պայքարելու գործում:

Մեկ այլ հարց եւս Միքայել Մինասյանին. ինքը տեղյա՞կ է, որ Քաջարան գյուղում կա գործող եկեղեցի, կան գերեզմաններ, կան բնակիչներ: Եվ ինչպե՞ս է պատկերացնում այդ տարածքը գործող հանքավայրի  վերածելը:

Կամ տեղյա՞կ է ինքը, որ Լիճքի պղնձի հանքավայրում կատարվող մակաբացման աշխատանքների հետեւանքով դատարկ ապարների կույտեր են առաջացել՝ բնական միջավայրի տեսքն էականորեն խախտող, որ Զվարի պատմական եկեղեցին է հայտնվում լինել-չլինելու վտանգի առջեւ, որ Լիճքի բացառիկ ջրվեժներն են դառնում այլեւս անհետաքրքիր, որ Մեղրու խմելու ջրի պաշարներն են այլեւս անօգտագործելի դառնում:

Եվ, ի վերջո, Միքայել Մինասյանը գիտակցո՞ւմ է, թե իր անունը դրոշակ դարձրած մարզպետը թրքաբարո ինչ արարքներ է կատարել Սյունիքի մարզում:

Ինքը՝ Միքայել Մինասյանը, չի՞ ուզում ներողություն խնդրել Սյունիքից:

Հ.Գ.

Հարգելի Միքայել

Դուք ներդրում ունեցաք Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքը դասելու նշանավոր գործում:

Դուք ներդրում ունեցաք Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Սուրբ պատարագ նախաձեռնելու գործում:

Դուք ներդրում ունեցաք Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզներում տեղադրելու գործում:

Դուք մեծ սյունեցի Մորուս Հասրաթյանի շառավիղներից եք:

Ձեր զավակների երակներում նաեւ սյունեցու արյուն է հոսում:

Եվ այդքանից հետո Դուք «տանիք» ու զորավիգ եղաք չարին՝ մի մարդու, ով բացահայտ, պետական ողջ մեքենայի օժանդակությամբ ելավ ընդդեմ Սյունիքի:

Ձեր աջակցությամբ Սյունիքում վերացվեցին մարզային դատախազությունը, մարզային ոստիկանությունը, ԱԱԾ-ի մարզային կառույցը, 1-ին ատյանի դատարանը, քննչական կառույցը… Եվ դրանք միասին դրվեցին մի թերատ մարդու գրպանում, որպեսզի կարողանա այս կողմերում «արժանապատվորեն» պաշտպանի Ձեր շահերը:

Մայրաքաղաքային բազմաթիվ լրատվամիջոցներ, մարդու իրավունքների պաշտպանությանն իբր կոչված կազմակերպություններ, խոսքի ազատության պաշտպանությանն իբր կոչված կառույցներ տարիներ շարունակ մրցում էին, թե ով ավելի արագ եւ ավելի շատ կվարկաբեկի Սյունիքը եւ բացասական լույսի տակ կներկայացնի մեզանում տեղի ունեցող իրադարձությունները, բայց վերջին մեկուկես տարում բոլորը միանգամից ջուրը բերանն առան եւ չհամարձակվեցին ծպուտ հանել Վահե Հակոբյանի չարագործությունների մասին: Միայն հետո հասկացանք, որ դա Ձեր կախարդական «փայտիկի» շնորհիվ է:  

Ափսոս…

Մենք քրիստոնեաբար Ձեզ ներում ենք, բայց Սյունիքի պատմությունը, վստահ ենք, Ձեզ չի ներելու…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: