07.19.2018
USD-480.3   EUR-558.49   RUB-7.62  

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ

«Անկախ մարմինների համար դրա համար սահմանված են անկախության երաշխիքներ։ Այդ երաշխիքներից մեկը դրանց կազմավորման կարգն է։ Հիմա, եթե գործադիր իշխանության փոփոխության պարագայում պետք է անկախ մարմինները պետք է հրաժարական տան, ես կարծում եմ, որ մենք այդ երաշխիքները կոտնահարենք», - Ազգային ժողովում այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Դավթյանը։

Հեղափոխությունից հետո էլ գլխավոր դատախազը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետ եւ շարունակում է պնդել՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
«Ես ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ չկան քաղբանտարկյալներ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Քաղբանտարկյալների վերաբերյալ սկզբունքորեն հակառակ տեսակետները հրաժարականի հիմք չեն, ըստ Դավթյանի տարակարծությունը ժողովրդավարության ցուցիչ է։

Արթուր Դավթյանն այսօր խորհրդարան էր եկել ներկայացնելու Դատախազության նախորդ տարվա գործունեությունը։ Ինչո՞ւ եւ ո՞ւմ հրահանգով ապրիլի 22-ին ձերբակալվեցին ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ պատգամավոր Սասուն Միքայելյանը, գլխավոր դատախազից հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Քաղաքական պրոցես. իրավական գործընթաց այստեղ չկա»,- կարծիք հայտնեց Մարուքյանը, - «Եվ ես Ձեզ կխնդրեմ, որ ասեք, թե ո՞վ է Ձեզ ասել, ո՞վ է հրահանգել, որ նշված պրոցեսը սկսեք»։

«Ձեզ եւ բոլորին վստահեցնում եմ՝ ոչ մի քաղաքական նկատառում չի եղել, պարոն Մարուքյան», - արձագանքեց գլխավոր դատախազը, - «Եվ ինձ ոչ ոք ոչ մի բան չի հանձնարարել։ Ես իրականացրել եմ մասնագիտական գործունեություն»։

Գլխավոր դատախազը չի թաքցնում՝ Փաշինյանին ու մյուսներին ազատ արձակելու որոշումն արդեն կայացրել է քաղաքական քննարկումների, մասնավորապես վարչապետի այն ժամանակվա առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի դիրքորոշմանը ծանոթանալու արդյունքում. - «Շատ անկեղծ Ձեզ ասեմ. այո՛, Ազգային ժողովի մեծամասնություն կազմող խմբակցության ներկայացուցիչը՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահը, դիրքորոշում է հայտնում, գտնում է, որ այդ միջնորդությունը չքննարկվի։ Սա ինձ համար՝ որպես դատախազի, առնվազն ի՞նչ է նշանակում, որ իմ միջնորդությունը մերժվելու է, ճի՞շտ է։ Իսկ եթե ինձ համար ակնհայտ է, որ իմ միջնորդությունը մերժվելու է, իմաստը ո՞րն է այդ միջնորդության քննարկման շարունակության»։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ գլխավոր դատախազն այսօր եւս մեկ անգամ հայտարարեց, հեղափոխության առաջնորդները ձերբակալվեցին անօրինական հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու համար, միաժամանակ ընդգծելով՝ այդ մասով քրեական գործը չի կարճվել, եթե լինեն մեղավորներ, անկախ ներկայիս զբաղեցրած դիրքից պատասխանատվություն կկրեն։

«Բայց ուզում եմ հաստատել, որ այստեղ ապօրինությունը ո՛չ երթուղուց շեղվելը, ո՛չ էլ իրազեկման բացակայությունն է, այլ թե դրա իրականացման ընթացքում որքանով անհամաչափ են սահմանափակվում համապատասխան այլոց իրավունքները եւ հասարակական կարգը», - հավելեց նա։

Արթուր Դավթյանը համամիտ չէ այն պնդմանը, որ ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանն ու շարժման մյուս առաջնորդները, ոչ թե ձերբակալվել այլ առեւանգվել են։ - «Դա քրեական գործի նյութերով ձերբակալման գործընթաց էր», - նշեց նա։

Ապրիլի 13-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում անցկացված զանգվածային միջոցառումներին վերաբերող 51 քրեական գործեր են հարուցված: Արթուր Դավթյանը վստահեցնում է՝ պատշաճ վերահսկողություն է իրականացնելու, քրեական պատասխանատվությունից խուսափողներ չեն լինելու։

«Ազատության» դիտարկմանը, որ արձանագրվել են դեպքեր, երբ նաեւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են խախտումներ թույլ տվել, օրինակ՝ Առաքել Մովսիսյանը, գլխավոր դատախազը հայտարարեց. - «Յուրաքանչյուր դեպքով տրվելու են գնահատականներ»։

azatutyun.am

Մայիս 15, 2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: