07.19.2018
USD-480.3   EUR-558.49   RUB-7.62  

Լուսավոր այդ շարժումը չպետք է հանգի միայն պաշտոնների վերաբաշխմանը

Լուսավոր այդ շարժումը չպետք է հանգի միայն պաշտոնների վերաբաշխմանը

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, սիրելի սյունեցիներ

Հայաստանի Հանրապետության առաջադեմ ու անձնազոհ երիտասարդության նախաձեռնած համազգային այդ շարժմանը հետեւում եմ առաջին իսկ օրվանից ու հոգիս փառավորվում է: Ես հպարտանում եմ, որ ունենք նման երիտասարդություն եւ ուրախ ու երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ապրել ու տեսնել մեր փառապանծ երիտասարդության ինքնաբուխ ու արդար համազգային զարթոնքը:

Յուրաքանչյուր մարդ սխալական է, սակայն իմ կարծիքով երիտասարդությունը չի կարող լինել սխալական: Երիտասարդությունը կարող է որոշակի ժամանակահատվածում լինել մոլորության մեջ, բայց ոչ սխալական: Ավելին, երիտասարդության հավաքական ցանկություններն ու ձգտումը՝ արժանապատվորեն ապրել  ազատ եւ արդար հայրենիքում, բացարձակ ճշմարտություն է, ու նաեւ բոլորիս երազանքն է:

Քսան տարուց ավելի գիտամանկավարժական գործունեության ընթացքում բախտ եմ ունեցել զբաղվել հազարավոր աշակերտների եւ ուսանողների կրթության ու դաստիարակության պատվաբեր աշխատանքով, եւ միշտ իմ պարտքն եմ համարել սաներիս մեջ սերմանել գիտակից, ազատ եւ արդար քաղաքացու մտածելակերպը: Համոզված եմ, որ շատ արժանի մանկավարժներ եւ դասախոսներ նույնպես իրենց մեծ ավանդն ունեն մեր այս փառապանծ երիտասարդության կայացման գործում:

Սիրելի հայրենակիցներ եւ հատկապես շատ սիրելի երիտասարդություն 

Կոչ եմ անում ձեզ՝ հետեւել այս շարժման հիմնական կարգախոսներից մեկին` «Մենք ենք տերը մեր երկրի», ու տեր կանգնել ձեր իրավունքին, Հայաստանը դարձնել ազատ, անկախ, օրենքի երկիր, դրախտային ՀԱՅՐԵՆԻՔ: Եվ  ինչքան էլ որոշ քաղաքական ուժեր ու որոշ անհատներ փորձեն աղավաղել շարժման գլխավոր նպատակը` ազատ, արդար, օրենքի երկիր Հայաստանի կերտումը, ու փորձեն շարժման գլխավոր նպատակը բերել  պաշտոնների վերաբաշխումը, որ անխուսափելի է, դուք պետք է միշտ տեր կանգնեք ձեր իրավունքին: Պետք է մեր բոլորիս խնդիրը դարձնենք Հայաստանում այնպիսի մշակույթի ձեւավորումը, որ յուրաքանչյուր պաշտոն, անկախ աստիճանից, ոչ թե իշխանություն եւ արտոնություն լինի սեփական բարեկեցությունն ապահովելու համար  (տարիներ շարունակ այդպես էլ դիտարկվել է), այլ այն պետք է դառնա ծառայություն՝ իրենց իրավասությունների շրջանակում սեփական ունակությունները ներդնել վստահված գործը կատարելու մեջ, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության ապահովմանը:

Վստահ եմ, որ նման մշակույթի ձեւավորումը հնարավոր է, եթե բոլորս տեր զգանք մեզ մեր երկրի, տեր կանգնենք մեր իրավունքներին ու պահանջատեր լինենք, որ ամեն մի պաշտոնյա իր կատարած աշխատանքի, իր ընդունած որոշումների համար հաշվետու լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:  Վստահ եմ, որ նման մշակույթի ձեւավորումը կհանգեցնի մի իրավիճակի, որ մարդիկ ոչ թե պայքարեն ու ձգտեն այս կամ այն պաշտոնին, այլ կլինի հասարակական պահանջ (գուցե նաեւ խնդրանք)՝ ունակ եւ արժանի մարդկանց այս կամ այն պաշտոնը վստահելու: Եվ ոչ մի դեպքում, ոչ մի վարկյան չպետք է մոռանանք, որ բոլորիս գլխավոր խնդիրն է կառուցել այնպիսի Հայաստան, որ յուրաքանչյուր քաղաքացի եւ հատկապես երիտասարդությունը հնարավորություն ունենա ինքնադրսեւորվելու, ապրելու ազատ, անկախ, արդար, երջանիկ իր ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ:

Արթուր Սարգսյան

Եվրոպական համալսարանի Կապանի կառուցվածքային ստորաբաժանման տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: