09.24.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Կառույցներն էլ՝ ինչպես մարդիկ, ճակատագրեր ունեն…

Կառույցներն էլ՝ ինչպես մարդիկ, ճակատագրեր ունեն…

Կապանի մշակույթի կենտրոն. հիմնարկեքը կատարվել է 1967թ. Ղափան քաղաքի կենտրոնում…

10 տարի է տեւել, մինչեւ շինարարությունը հասցվել է ավարտին…

1977թ. նոյեմբերի 3-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի կապակցությամբ, բացվեց այն տարիների համար շքեղ մի կառույց՝ լեռնագործների մշակույթի պալատ: Քաղաքը ցնծության մեջ էր, մանավանդ որ բացման հյուրերն էին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի կոլեկտիվը: «Անուշ» օպերայի բեմադրությամբ բացվեցին վարագույրները: Քաղաքը մեծով ու փոքրով  դիտելու էր եկել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: 

1982թ. դեկտեմբերի 31-ին հրդեհ բռնկվեց մեծ դահլիճի բեմում: Դահլիճը եւ բեմը լուրջ վնասվել էին: Այրվել էին բեմի վրա գտնվող երկու մեծ համերգային ռոյալները եւ ամբողջ տեխնիկան: Դատարկ ու ահավոր տխուր պատկեր…

1983թ. փետրվարի 6-ին նշանակվում եմ մշակույթի կենտրոնի տնօրեն, եւ ձեռնամուխ լինում վերականգնողական աշխատանքներին: Մեկ տարի անց պալատն ավելի գեղեցիկ էր եւ հագեցած տեխնիկապես: Փառատոներ ու ցուցահանդեսներ, մեծարման եւ ստեղծագործական երեկոներ, տեխնիկական եւ ռացիոնալիզատորական ոլորտին առնչվող մրցույթներ, երիտասարդական բազմապիսի երեկոներ, մասնագիտական տոներ, մանկական ուրախ միջոցառումներ, ազգային եւ ժամանակակից պարեր, երգչախմբեր…

Այնուհետեւ՝ Հայաստան աշխարհում ծածանվեց ազգային-ազատագրական պայքարի դրոշը… Հավաքներն ու միտինգները, սահմանները պաշտպանելու մեկնող մարտիկների հերթափոխներին նվիրված արարողությունները՝ բոլորն էլ պալատում էին տեղի ունենում:

1992թ. սեպտեմբերի 17-ին արկն ընկավ պալատի կենտրոնում, եւ պայթյունը մեծ վնաս հասցրեց շենքին:

Սեպտեմբերի 18-ին շենքը կոնսերվացվեց, սակայն չդադարեց գործելուց: 

1995թ, երբ քաղաքում դեռ մարդիկ պատուհաններ չունեին, երբ ծանր էր պարենի խնդիրը, երբ կային ռմբահարված եւ ավերված բնակելի շենքեր, փողոցներ… Տկլոր ու սոված քաղաքում հանդգնեցի բարձրացնել մշակույթի պալատը վերականգնելու խնդիրը: Բոլորն իմ դեմ էին: Սակայն կային նաեւ մարդիկ, ովքեր հավատացին, որ հնարավոր է դա անել մեծ ցանկության դեպքում: Քաղխորհրդի գործկոմի նախագահ Ռադիկ Սարուխանյան, կոմբինատի տնօրեն Գառնիկ Առաքելյան եւ մշակույթի նախարար Հակոբ Մովսես…

1995թ մայիսի 28-ին վերաբացեցինք մշակույթի պալատի դռները…

Քաղաքը շնչեց:

«Արվեստի փառատոնը», որ յոթ օր շարունակ տեղի ունեցավ 1996-ի գարնանը, հանրապետության մշակութային գործիչների մասնակցությամբ, մեծ իրադարձություն էր:   

Իսկ հիմա… Կապանի մշակույթի կենտրոնը կիսաքանդ վիճակում է: Չորս տարի շարունակ ո՛չ համայնքի իշխանությունը, ո՛չ մարզպետարանը, ո՛չ Քաջարանի կոմբինատը, ո՛չ Կապանի կոմբինատը, ո՛չ մշակույթի նախարարությունը չեն ուզում մոտենալ խնդրին:

Մինչեւ ե՞րբ է շարունակվելու ամոթալի այդ վիճակը…

ՍՈւՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: