11/19/2018

Բացահայտվել է հակասյունիքյան մի դավադրություն եւս. Քաջարան գյուղն են ուզում տեղահանել

Բացահայտվել է հակասյունիքյան մի դավադրություն եւս. Քաջարան գյուղն են ուզում տեղահանել

Դեռեւս 4-5 տարի առաջ էր խնդիր դրվել՝ տեղահանել Քաջարան գյուղը՝ տարածքը տրամադրելով «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությանը՝ նկատի ունենալով, որ գյուղի ընդերքում պղնձամոլիբդենային հանքանյութի հարուստ պաշարներ կան:

Սյունեցիները հիշում են, թե ինչ խայտառակ վերջաբան ունեցավ ամոթալի այդ ծրագիրը:

Ոտքի էր ելել ոչ միայն Քաջարան գյուղը, ոչ միայն Սյունիքը, այլեւ ամբողջ Հայաստանը, չէ՞ որ խոսքը Նախիջեւանի հետ մեր պետական սահմանի կարեւոր հանգույցներից մեկում գտնվող բազմադարյա գյուղի մասին էր…

Պարզվում է, սակայն, որ Մհեր Պոլոսկովը, Վահե Հակոբյանը, Նարեկ Ամբարյանն ու Զարուհի Տոնապետյանը գաղտնածածուկ, իրենց բնորոշ անազնիվ մեթոդներով, ձեռնամուխ են եղել Քաջարան գյուղը տեղահանելու՝ տարիներ առաջ սառեցված ծրագրի իրագործմանը:

Ու, նախեւառաջ, բանակցություններ են սկսել քաջարանյան ծագումով մի քանի հոգու հետ, ովքեր վաղուց չեն բնակվում Քաջարան գյուղում: Նրանց համոզել են վաճառել իրենց նախնիներից ժառանգություն ստացած, բայց եւ անտերության մատնված տներն ու հողամասերը:

Նրանց միջոցով նաեւ փորձ է արվում գյուղում ձեւավորել հանրային բարենպաստ տրամադրություն՝ հօգուտ ասպատակների:

Մյուս կողմից՝ Քաջարան համայնքի տարածքում գտնվող երբեմնի Գիրաթաղ գյուղում (Կապան-Քաջարան ավտոմայրուղի-Քաջարանի պրոֆիլակտորիա խաչմերուկի հյուսիսային լեռնալանջին գտնվող) քոթեջներ կառուցելու եւ Քաջարան գյուղի բնակիչներին այնտեղ տեղափոխելու քայլեր են ձեռնարկվել ու ձեռնարկվում:

Գաղտնաբար իրականացվող ծրագիրը վերջին օրերին բացահայտվել է, ինչը դժգոհության ալիք է առաջացրել ոչ միայն գյուղաբնակների, այլեւ հանրապետության տարբեր վայրերում բնակվող՝ ծագումով քաջարանցիների շրջանում:

Քաջարանցիները հիշեցնում են, որ գյուղում իրենց նախնիների գերեզմաններն են, գյուղում Սուրբ Հակովբ եկեղեցին է (17-րդ դար), որը Մաքսիմ Հակոբյանի ու տեղաբնակների ջանքերով վերանորոգվելուց հետո գործում է, գյուղում է Մեծ հայրենականում զոհված քաջարանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, գյուղում է մշտապես բնակվում 23 ընտանիք, գյուղում են բազմաթիվ քաջարանցիների սեփական տնտեսությունները, այդ թվում եւ նոր ստեղծված տնտեսություններ…

Խմբագրություն դիմած քաջարանցիները պահանջում են Հայաստանի նոր իշխանություններից՝ զսպել Վահե Հակոբյանի եւ Մհեր Պոլոսկովի՝ սահմաններ չճանաչող ախորժակը, թույլ չտալ, որ սահմանապահ Քաջարան գյուղը եւս հայտնվի հրոսակների երախում:

- Քաջարան գյուղի ամեն մի տուն տեր ունի եւ իբրեւ սեփականություն պաշտպանված է օրենքով, ու ոչ ոք չի կարող ուրիշի փոխարեն որոշում կայացնել գյուղը տեղահանելու մասին, Քաջարան գյուղում սրբություններ կան, որ ոչ ոք եւ ոչ մի գումարով չի կարող պղծել, - ասաց խմբագրություն դիմած գյուղացիներից մեկը: - Միայն մոր կաթ չկերած, միայն տգետ եւ ընչաքաղց մարդիկ կարող են առեւտրի առարկա դարձնել մեր գերեզմանները, գյուղի եկեղեցին, ինչին կհակադրվենք թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր մեթոդներով:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: