05.25.2018
USD-482.65   EUR-566.1   RUB-7.86  

Տեր կանգնենք մեր պատմական արժեքներին

Տեր կանգնենք մեր պատմական արժեքներին

Այսօր հեղափոխություն է, քաղաքացու գիտակցութան հեղափոխություն: «Եթե ուզում ես փոխել աշխարհը՝ սկսենք մեզնից». հանճարեղ խոսքեր… Սովորել եմ Կապանի թիվ 7 միջն դպրոցում: Ամեն օր դպրոց մտնելիս անցել եմ մի հուշաքարի մոտով, որը մեզ տեղեկացնում էր, թե այդտեղ պետք է տեղադրվի Անդրանիկ Օզանյանի (Զորավար Անդրանիկի) կիսանդրին: Դպրոցը պետք է կրեր Անդրանիկ Օզանյանի անունը: Բայց… Իմ դպրոցի բակում տեղադրվեց Անդրանիկի (ոչ Օզանյան), այլ Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին: Նախ անակնկալի եկա, հետո փորձեցի պարզել, թե ով կամ ինչպես որոշեց, որ իմ հարազատ դպրոցի բակում պետք է վեր խոյանա այդ կիսանդրին: Բոլորը թոթովում էին ուսերը եւ ասում, որ դպրոցի տնօրեն հանրապետական Կարինե Հովսեփյանի (նախկինում դաշնակցական) նախաձեռնությունն է եղել: Ահա այն խեղաթյուրված իրականությունը, այն խեղաթյուրված արժեհամակարգը, որը պրոպագանդվում է մեր պետությունում, մեր քաղաքում, մեր դպրոցում: Ու դա արվում է ոչ ավել, ոչ պակաս՝ պատմության մասնագետի կողմից: Սա առաջացնում է ոչ թե վրդովմունք, այլ սրտխառնոց նաեւ դպրոցի շրջանավարտների, դպրոցում դասավանդող ուսուցիչների մեծ մասի մեջ: 

Իմ սերնդակիցների հեղափոխությունը «սիրո եւ համերաշխության», կասեի «լույսի» հեղափոխություն է: Այսօր այդ լույսը, այն ամենը, ինչ կատարվեց վերջին օրերին, յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի իր մեջ: Յուրաքանչյուր ոք պետք է լույսի այդ կանթեղն իր գլխավերեւում պահի, որ վերջապես ցրվի այն խավարը, որ եղել է տարիներ ի վեր: Նաեւ մեզնից անդառնալիորեն հեռանա այն անտարբերությունը, որ արմատավորվել էր տասնամյակներ շարունակ: Կարծում եմ՝ ճշմարտությունն ի վերջո կհաղթանակի, եւ նորակառույց դպրոցի բակում կտեղադրվի ազգի նվիրյալ Զորավար Անդրանիկի հուշարձանը կամ կիսանդրին, ինչպես նախատեսել էին վաղօրոք:

Թող ընթերցողը չմտածի, որ ես դեմ եմ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը Սյունիքում հավերժացնելուն: Ընդհակառակը՝ այդկերպ ոչ թե հավերժացվել էր ազգային ու պետական նշանավոր գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը, այլ որոշ մարդկանց մտավոր սահմանափակության հետեւանքով հարցը տեղափոխվել էր շահարկման տիրույթ, որի կարիքը չկար: 

Քրիստինե Սլոյան

№7 միջնակարգ դպրոցի մտահոգ շրջանավարտ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: