11/19/2018

Փաստաբան Արշավիր Խալափյանն արդարացվեց նաև մեղադրանքի երկրորդ դրվագով

Փաստաբան Արշավիր Խալափյանն արդարացվեց նաև մեղադրանքի երկրորդ դրվագով

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արսեն Սարդարյանի նախագահությամբ, երկրորդ դատաքննության արդյունքում այսօր արդարացրել է, ճանաչել ու հռչակել է փաստաբան Արշավիր Խալափյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առեւտրային կաշառք, առաջադրված մեղադրանքում: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը՝ հավելելով, որ փաստաբանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով: Գործընկերոջ պաշտպանությունն իրականացնում էին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ փաստաբան Արմինե Ֆանյանի հետ համատեղ: 

Հիշեցնենք, որ առաջին դատաքննության արդյունքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, ճանաչել եւ հռչակել էր փաստաբան Արշավիր Խալափյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առեւտրային կաշառք ստանալը՝ (1-ին դրվագով), եւ նրան արդարացրել` ապացույցների անբավարարության (հանցագործությանն ամբաստանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու) հիմքով:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով (երկրորդ դրվագով) Արշավիր Խալափյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման:

ՀՀ վճռաբեկ դատարանը մեղադրանքի հիշյալ երկրորդ դրվագով առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռն ու այն ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել էր եւ այդ մասով գործն ուղարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանն, այդպիսով, մասնակի բավարարել էր Ա.Խալափյանի պաշտպանների՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ու փաստաբան Արմինե Ֆանյանի, բողոքները: Պաշտպանական կողմը միջնորդել էր երկրորդ դրվագով բեկանել դատական երկու ատյանների դատական ակտերը, հանցակազմի բացակայության հիմքով Ա.Խալափյանին արդարացնել, ճանաչել ու հռչակել նրա անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքում:

pastinfo.am

   05/14/2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: