07.19.2018
USD-480.3   EUR-558.49   RUB-7.62  

Քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստները պահանջում են հանդիպում Տարոն Մարգարյանի հետ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստները պահանջում են հանդիպում Տարոն Մարգարյանի հետ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյասնիկյանի արձանի հարակից այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք եւ հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մոտ 3 տասնյակ ակտիվիստներ ներխուժեցին քաղաքապետարանի շենք եւ բարձրացան Տարոն Մարգարյանի աշխատասենյակ: 

Ակտիվիստներին դիմավորեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Այնուհետեւ քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ եւ ոստիկանները փակեցին դեպի քաղաքապետի աշխատասենյակ տանող մուտքը:

Ակտիվիստներին մոտեցավ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա նշեց, որ նման ձևով հարցեր չեն լուծում: Նա առաջարկեց վերադառնալ ճեպազրույցների դահլիճ, որտեղ հանդիպում կունենան քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի եւ համապատասխան մարդկանց հետ, ովքեր կպատասխանեն նրանց հարցերին:

Ակտիվիստներն իրենց հերթին պնդեցին, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ, քանի որ այդ ամենի պատասխանատուն Տարոն Մարգարյանն է: Դավիթ Օհանյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանում յուրաքանչյուր ոլորտ ունի իր պատասխանատուն: «Հիմա բարձրանանք, դուք կհանդիպեք այդ ոլորտի պատասխանատուների հետ, եթե ձեր հարցերի պատասխանները չստանաք, դրանից հետո քննարկենք»,- ասաց Երեւանի փոխքաղաքապետը՝ խոստանալով հրավիրել նաեւ Տարոն Մարգարյանին:

Ակտիվիստները մերժում են այլ առաջարկներ ու պնդում են, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանին:

Մինչ քաղաքապետարանի շենք մտնելը ակցիայի մասնակիցները պատռեցին այգու տարածքն առանձնացնող պաստառները: 

14:40- Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստներին կոչ արեց լքել քաղաքապետարանի շենքը, քննարկում կազմակերպել մեծ դահլիճում, որին մասնակից կլինի նաեւ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետարանի շենք ներխուժած ակտիվիստներին մինչ այդ նույն առաջարկն արել էր նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, սակայն ակտիվիստները մերժեցին այդ առաջարկը:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը եւ քաղաքապետարանի շենքում որեւէ մեկն անտարբեր չէ այն հարցերի նկատմամբ, որ բարձրացնում են քաղաքացիները:

15:35- Երեւանի 2800-ամյակին նվիրված այգում ծառերի հատման դեմ բողոքող եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները փակել են քաղաքապետարանի հարակից Արգիշտի փողոցը: Ակտիվիստների մի խումբ էլ հավաքված է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ եւ փորձում են ներս մտնել ու միանալ շենքում գտնվող ակտիվիստներին: Ոստիկանության աշխատակիցներն այս պահին փակել են քաղաքապետարանի գլխավոր մուտքը եւ թույլ չեն տալիս ակտիվիստներին ներս մտնել:

Քաղաքապետարանի դիմաց են հավաքվել նաեւ Տարոն Մարգարյանին սատարողները՝ ձեռքին՝ «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրություններով:Քաղաքապետարան է եկել նաեւ այսօրվանից ԱԺ պատգամավորների մանդատն ստացած Ալեն Սիմոնյանը, ով Երեւանի ավագանու անդամ էր «Ելք» խմբակցությունից:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: