11/19/2018

Իսրայելի օրենսդիրները կրկին բարձրացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

Իսրայելի օրենսդիրները կրկին բարձրացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post-ը, Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին եւ Ամիր Օհանան հայտարարել են, որ ներկայացնելու են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ:

Նրանք ընդգծել են, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը ճանաչի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը՝ մի քայլ, որն իսրայելական կողմը խուսափում էր ձեռնարկելուց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվնասելու նպատակով:

«Մենք բարոյականության դասեր չենք ընդունելու հակասեմիտ թուրք մսագործից, ով ամեն օր Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ռմբակոծում է հազարավոր քրդերի եւ ում երկիրը պատասխանատու է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, ինչպես նաեւ ասորիների դեմ գործած պատմական սարսափների հարցում»,- ասել է Շմուլին՝ նշելով, որ Իսրայելը պետք է վաղուց ճանաչած լիներ ցեղասպանությունը:

Նրա գործընկերը՝ Օհանան ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը դիվանագիտական գործոններով պայմանավորելն արդեն վաղուց ժամանակավրեպ է: «Շատ ուշ չէ արդարություն հաստատելու համար: Ժամանակն է պաշտոնապես ճանաչել հայերի դեմ իրականացված անարդարությունը»,- ասել է նա:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ 2017 թվականի փետրվարին ներկայացրել էր «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, որը, սակայն, քվեարկության արդյունքում մերժվել էր: Դա նշանակում է, որ Լապիդի բանաձեւը նորից քննարկման չի կարող դրվել մինչեւ օգոստոս:

Jerusalem Post-ի դիվանագիտական աղբյուրն ընդգծել է, որ իրադրությունը շատ նուրբ է եւ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Իսրայելի արտգործնախարարությունը հրաժարվել է մեկնաբանել հարցը:Ուշագրավ է, որ իսրայելցի օրենսդիրները Հայոց ցեղասպանության հարցը պարբերաբար բարձրացնում են Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ՝ որպես պաշտոնական Անկարային զսպելու միջոց:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: