06.23.2018
USD-482.19   EUR-561.8   RUB-7.64  

Ամուլսարի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ նոր տեխնոլոգիաների կիրառման տեսակետից. նախարարության պատասխանը

Ամուլսարի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ նոր տեխնոլոգիաների կիրառման տեսակետից. նախարարության պատասխանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը արձագանքել է հանքարդյունբերության վերաբերյալ մի քանի հասարակական կազմակերպությունների առաջարկներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարությունը, անդրադառնալով Ամուլսարի ծրագրին, մասնավորապես տեղեկացրել է. «Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել միայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված դեպքերով, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը չի կարող դադարեցվել օտարերկրյա կազմակերպությունների կողմից տրված եզրակացության հիման վրա: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն ընդերքօգտագործման իրավունքը տրվում է համապատասխան փորձաքննական, այդ թվում նաեւ Շրջակա միջավայրի վրա ազդեցության, դրական եզրակացությունների հիման վրա:

 Հարկ է նշել, որ Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը, իսկ 2018թ. հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն անկախ աուդիտի արդյունքների, Լիդիանը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին եւ պրակտիկային:

 Ամուլսուրի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ նոր տեխնոլոգիաների կիրառման, պատասխանատու սոցիալական ու բնապահպանական ծրագրերի իրականացման տեսակետից: Ներկայումս, Ամուլսարում, արդյունահանման համար նախապատրաստական աշխատանքների մոտ 80%-ն արդեն իրականացվել են: Կատարվել են մի քանի միլիոն խ/մ հողային, 9000 խ/մ բետոնային աշխատանքներ: 90 000 խ/մ ծավալի մակաբացման աշխատանքներ են կատարվել, կառուցվել է շուրջ 20 կմ ճանապարհ: Իրականացվել են ջրերի կառավարման, ինչպես նաեւ բնապահպանական կառավարման մյուս համակարգերի շինարարություն զգալի մասը: Պատրաստ են տարրալվացման 2 հարթակները, որոնցում իրականացված են ջրամերժ կավային շերտի տեղադրման աշխատանքները եւ ընթացքի մեջ են պոլիմերային գեոմեմբրաների տեղադրման աշխատանքները»:

Պատասխանն ամբողջությամբ տեղադրված է ecolur.org կայքում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: