10/21/2018

Բաքվում չեն համակերպվում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանի արած հայտարարության հետ

Բաքվում չեն համակերպվում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանի արած հայտարարության հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «թավշյա հեղափոխության» արդյունքում ստեղծված նոր իրավիճակը երկսայր սուր է Բաքվի համար: Մի կողմից՝ Բաքուն որպես այդպիսին չի ճանաչում իշխանության եկած նոր ուժերին, մյուս կողմից՝ Բաքվում չեն  համակերպվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ արած հայտարարության հետ: Այս մասին հունիսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը: «Այս հայտարարությունը շատ ծանր տարան Բաքվում եւ սկսեցին արագորեն արձագանքել: Դրան հաջորդեց Մամեդյարովի այցը Փարիզ, որտեղ  նա հավաստիացնում էր, որ իրենք պետք է սահմանված ձեւաչափով շարունակեն բանակցությունները»,-նշեց Հայրապետյանը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե Մինսկի խմբի համանախագահների այսօր՝ հունիսի 13-ին Հայաստան կատարած այցը ինչ բնույթ կկրի, եւ ինչ հարցերի կանդրադառնան կողմերը, ադրբեջանագետը պատասխանեց, որ համանախագահների այցն այս անգամ ավելի շատ ճանաչողական բնույթ կկրի՝ հասկանալու համար, թե  ինչ մտադրություններ կան առկա գործընթացներում: «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված՝ Հայաստանում հստակ նշել են, որ պատրաստ են բանակցությունները շարունակել առկա ձեւաչափով, եւ Ղարաբաղի բանակցությունների սեղան բերելն էլ ավելի շատ պայմանավորված է բանակցությունների շոշափելի արդյունքներ տեսնելու ցանկությամբ»,-նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ համանախագահներն ամեն ինչ կանեն առաջիկայում Ալիեւ- Փաշինյան հանդիպում կազմակերպելու համար:

Անդրադառնալով Նախիջեւանում ստեղծված իրավիճակին՝ բանախոսն ասաց, որ  Բաքուն կարծես միտումնավոր սրում է իրավիճակը, եւ դրան էլ հաջորդում է Թուրքիայի այն հայտարարությունը, թե իրենք շուտով պատրաստվում են երկաթուղի կառուցել դեպի Նախիջեւան: «Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են ազդեցությունը մեծացնել Նախիջեւանում: Բաքուն ամեն կերպ փորձելու է շարունակել սադրանքները՝ ցույց տալու համար, որ հայկական հեղափոխությունն իր վրա մեծ ազդեցություն չի թողել և հարկ եղած դեպքում պատրաստ է գնալ ռազմական գործողությունների վերսկսման»,-ասաց Հայրապետյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: