09.25.2018
USD-482.27   EUR-567.63   RUB-7.31  

ԸՕ փոփոխությունների կառավարական հանձնաժողովն ու ԱԺ աշխատանքային խումբը քննարկման կներկայացնեն երկու տարբեր նախագիծ

ԸՕ փոփոխությունների կառավարական հանձնաժողովն ու ԱԺ աշխատանքային խումբը քննարկման կներկայացնեն երկու տարբեր նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների կառավարական հանձնաժողովը և ՀՀ ազգային ժողովում ստեղծված աշխատանքային խումբը երկու առանձին նախագիծ կներկայացնեն պատգամավորներիքննարկմանը: Հուլիսի 10-ին ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի 4-րդ նիստի սկզբում այսպիսի համաձայնություն ձեռք բերվեց կառավարական հանձնաժողովի և խորհրդարանական աշխատանքային խմբի միջև:

«Մեր հանձնաժողովը մասնագիտական է, ու այդտեղ քննարկումներն ընթանում են բավականին մանրակրկիտ, բոլոր կետերը քննարկելուց հետո են միայն որոշումները կայացվում։ Մենք լսել ենք այստեղ քննարկված հարցերն ու քննարկել ենք, անգամ դրանցից մի քանիսն ընդգրկել ենք հայեցակարգի մեր նախագծում։ Սակայն, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են համատեղվել ԱԺ աշխատանքային խմբի և մեր հանձնաժողովի աշխատանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանը պատգամավորներին ներկայացրեց իրենց առաջարկները, որոնցից առաջինը վերաբերում էր փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի անցնելուն: Այս հարցում խորհրդարանական ուժերը դեռ միասնական համաձայնության չեն եկել: Վարչապետին առընթեր հանձնաժողովի մյուս առաջարկը կուսակցությունների և դաշինքների խորհրդարան անցնելու շեմը 1-ական տոկոսով իջեցնելու մասին էր:

«Ուսումնասիրել ենք ամենաժողովրդավար պետությունների փորձը։ Այն երկրներում, որտեղ համամասնական ընտրակարգ է գործում, խորհրդարանի անցողիկ միջին թիվը 3.9% է, ինչ վերաբերում է հայաստանյան իրողություններին, կարծում եմ լավ կլինի պետության համար, եթե խորհրդարանն ավելի ներկայացուցչական լինի։ ԱԺ-ն համամասնական ներկայացուցչական մարմին է, և այսօր այս նորմը խախտվում է, երբ քաղաքացին ձայն է տալիս մի ուժի, որը շեմի պատճառով խորհրդարան չի անցնում»,- նշեց Իոաննիսյանը:

Այս հարցի շուրջ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը բավարար չհամարեց Իոաննիսյանի փաստարկները, և որոշվեց հարցը այլ նիստի ընթացքում կրկին քննարկել:

«Խորհրդարանական պետություններում այնպես են անում, որ խորհրդարանում լինեն ոչ թե մասնատված փոքրիկ ուժեր, որոնց դժվար կլինի ձևավորել մեկ միասնական դիրքորոշում, այլ լինեն խոշոր ուժեր։ Այս փոփոխությունից հետո կտուժի քաղաքական կայունությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հաջորդ հարցը զորամասերում քարոզչություն իրականացնելու մասին էր: Հանձնաժողովն առաջարկում է ամրագրել մեխանիզմներ, որոնք կապահովեն քարոզչության հասանելիությունը զինվորներին:

«Կարելի է օրենսգրքով ամրագրել, որ զորամասերում լինելու են հատուկ պաստառներ կամ զինծառայողներին հնարավորություն է տրվելու հեռուստատեսությամբ հետևել նախընտրական հաղորդումներին։ Բայց այնքանով, որ դա չի խանգարի ծառայությանը»,- նշեց Իոաննիսյանը:

Նախընտրական շրջանում Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճեր անցկացնելու մասով ևս կառավարության հանձնաժողովն առաջարկ ունի: Իոաննիսյանի խոսքով` դրանք պարտադիր են լինելու, բայց մասնակցությունն՝ ըստ ցանկության:

«Եթե կուսակցությունը կամ դաշինքը չեն ցանկանա մասնակցել բանավեճին, այդ աթոռը բաց կմնա, ու ընտրողները իրենք եզրակացություններ կանեն։ Ընդ որում, բանավեճերից մեկը լինելու է կուսակցությունների առաջին համարների մակարդակով»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Վարչապետին առընթեր հանձնաժողովն առաջարկում է նաև արգելել քաղաքացիներին ընտրություններին մասնակցել անվավեր անձնագրերով: 

«Ընտրողների ցուցակի հետ կապված կրկնաքվեարկության շատ մեծ ռիսկ կա: Մենք որոշեցինք որ քվեարկության իրավունքն ունենալն ու ընտրողների ցուցակում ներառվելը կատարվի միմիայն վավեր անձնագրով կամ նույնականացման քարտով։ Այս պահին խոսքը շուրջ 200.000 մարդու մասին է, ովքեր վավեր անձնագիր չունեն, բայց հույս ունենք, որ նրանց մեծ մասը կգնա և նոր անձնագիր կստանա»,- նշեց Իոաննիսյանը:

ԱԺ խմբի անդամ, ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց այս խնդրի հեշտ լուծման համար ստեղծել լրացուցիչ ցուցակ ու ազդանշանային համակարգ, որով հնարավոր կլինի վայրկյանների ընթացքում պարզել անձնագրի սեփականատիրոջ իսկությունը:

Վարչապետին առընթեր հանձնաժողովի մյուս առաջարկները կներկայացվեն ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների խմբի հաջորդ նիստի ընթացքում:

ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ բոլոր չորս ուժերն արդեն ներկայացրել են բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկները:

Նորայր Շողիկյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: