09.25.2018
USD-482.27   EUR-567.63   RUB-7.31  

Նա իր տաք հացից, իր տաք խոսքից բաժին է հանում բոլորին

Նա իր տաք հացից, իր տաք խոսքից  բաժին է հանում բոլորին

Գորիսի քաղաքային պատկերասրահում գորիսեցի Նվարդ Բալասանյանի անհատական ցուցահանդեսն է բացվել. դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ ու նաեւ անիմալիստական ժանրի ստեղծագործություններ, որոնց  թագն ու պսակը  կենդանիներից ձիերն են:   Նվարդ Բալասանյանի «կերպավորած» ձիերն ուրիշ  են:

-Ձիերը հավատարմության խորհրդանիշ են, ընտանիքի խորհրդանիշ: Նրանք խորհրդանշում են սեր, ուժ, համախմբվածություն,-ասում է Նվարդ Բալասանյանը,-դրա համար էլ իմ շատ կտավների  «հերոսները»  ձիերն են:

Նվարդի ձիերը սլանում են ժամանակի ու տարածության մեջ, նրանց սլացքի  միջից ծնվում է  հավատի լուսաբացը, ժամանակը պահմտոցի չի խաղում ձիերի հետ, ձիերը սանձում են  ժամանակը, եւ երկրակեղեւն անգամ ճեղք է տալիս, եւ այդ ճեղքից պոռթկում է սերը, բարությունը եւ տարածվում ամենուր ու ամենեցուն, որովհետեւ Նվարդ Բալասանյանն ուզում է, որ մարդիկ սիրեն իրար, որ սերն ու բարությունը կամրջեն աշխարհն ու մարդկանց, որ աշխարհի ոչ մի անկյունում  ռումբեր չպայթեն, այլ խաղաղ լուսաբացները դառնան բոլորի բարի առավոտի ավետաբերը: Եվ այդ խաղաղ լուսաբացի մեջ իրար սիրող ու գգվող ձիերն ու անգամ վերջալույսի շողերի հետ ասես պար բռնած ձիերի երամակը  վերջալուսի շողերից  է կերտում աշխարհի խաղաղությունը եւ  այն ասես  կոչ է մարդկանց՝ մարդիկ, կյանքը հավերժ չէ, բարին գործեք եւ վայելեք  աշխարհը, բնությունը, թաթախվեք բնության գույներով, միաձուլվեք բնությանը եւ ձեր շուրջը խենթություն տարածեք:

-Իմ տեսակը տարածությունն է,-ասում է Նվարդ Բալասանյանը:

Եվ Նվարդ Բալասանյան նկարչուհին տարածության մեջ ամուր է կանգնել եւ այդ տարածությունից բուռ-բուռ տալիս է մարդկանց որպես սուրբ նշխարք, բաժանում է դարձյալ... Սեր ու բարություն: Եվ  դա այն պատճառով, որ մարդկային  գոյության ամենաանհրաժեշտ բաղադրիչը՝ խիղճը, միշտ պայքարի ելնի  մարդու ես-ի դեմ, որ նյութապաշտ այս դարի թոհուբոհում նա իր տաք հացից ու իր տաք խոսքից բաժին հանի բոլորին. «կարդում» եմ նրա կտավներում:

-Բոլորի մեջ գենետիկան խոսում է,-ասում է Նվարդ Բալասանյանը,- եւ դիմանկար ստեղծելուց հենվել եմ նրանց գենետիկայի վրա, որպեսզի դիմանկարները սոսկ դիմանկարներ չլինեն, այլ տվյալ դիմանկարը դառնա այդ գերդաստանի պատմությունը:

Իսկ դիմանկարներում գորիսեցիներն են, ծանոթ դեմքեր, ծանոթ պատմություններ ու կենսագրություններ: Եվ ոչ ոք չի վիճարկում Նվարդի «գենետիկական տեսությունը»: Նա ճիշտ շեշտադրում է կատարել: Նրա ստեղծած դիմանկարներն  իրենց գենետիկական կոդն ունեն: Եվ այդ կոդն այն բանալին է, որով Նվարդ Բալասանյանը կարողացել է ստեղծել մնայուն դիմանկարներ: Իսկ կոդն այդ գտնել ու կարդալը քչերին է հաջողվում:

Էլ ինչ գորիսեցի նկարիչ, որ ժայռեր չի նկարելու: Ժայռերն ասես  մեր թալիսմանն են, մեր լինելիությունը, մեր պատմությունը, մեր կենսագրության խոսուն վավերագրերը: Եվ Նվարդի ժայռերը քարացած չեն, անշարժ չեն: Դրանք խոսում են քեզ հետ, բոլորի հետ, ամեն ազգի հետ՝ իր լեզվով եւ բոլորի հետ յուրովի: Եվ ցուցահանդեսի այցելուներն ասես  ժայռերի մեջ փնտրում են մեր ապուպապերի պատմությունը, որ գալիս է անհիշելի ժամանակներից:

Նվարդի համար ներշնչանքի աղբյուր է դարձել նաեւ  ջուրը: Ջուրը նկարչուհու համար ազատություն է , օդ: Եվ նրա կտավներում ջուրը դարձել է գիրկընխառն ալիքներ, բայց հեզ ու խաղաղ ալիքներ, որ քնքշորեն փարվում են ամենքին ու զովացնում բոլորին:

Նվարդ Բալասանյանը մանկուց է նկարում: Նկարելու սերը նրան տարել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Այն ավարտելուց հետո ստացել է  նկարիչ-գծագրողի որակավորում:  Աշխատանքի է անցել Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 դպրոցում:

-Ամեն տարի իմ աշակերտներից առնվազն հինգը նկարչության ասպարեզն է ընտրում,-ասում է Նվարդը: -Դա  իմ աշխատանքի ամենամեծ գնահատականն է:

Նրա գնահատականն է նաեւ հետեւյալ փաստը. այս տարի Նվարդ Բալասանյանը դարձավ Ռուսաստանի Դաշնության նկարիչների ակադեմիայի  անդամ:

-Ես շնորհակալ եմ մեր համաքաղաքացի, մոսկվայաբնակ Մարտիկ Գասպարյանին, ով այդ գործում մեծ դեր խաղաց: Նա իմ ստեղծագործությունները ներկայացրեց ակադեմիայի խորհրդին, խորհուրդն էլ հավանություն տվեց իմ գործերին, ու ես դարձա ակադեմիայի անդամ:

Եվ այս ցուցահանդեսը, որ  հանդիսավորությամբ բացվել է Գորիսի քաղաքային պատկերասրահում ու որի ժամանակ այցելուները դրվատանքի ջերմ խոսքեր ասացին նկարչուհու հասցեին, Նվարդի սերն է  մեր քաղաքի հանդեպ:

Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: