07.18.2018
USD-480.37   EUR-563.47   RUB-7.69  

Վոլոդյա Աբրահամյանի խոսքը հուլիս 5-ին Կապանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած հանրահավաքի ժամանակ

Վոլոդյա Աբրահամյանի խոսքը հուլիս 5-ին Կապանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած հանրահավաքի ժամանակ

Այս հանրահավաքի մասնակիցներից ամենաավագը ես եմ՝ 84 տարեկան: Ուզում եմ ավագ սերնդի անունից շնորհավորել Ձեզ՝ վարչապետ ընտրվելու առիթով եւ շնորհակալություն հայտնել անարյուն հեղափոխություն իրականացնելու համար: Այսօր էլ եկել եք մեր քաղաքը, հազար բարով եք եկել: Ժողովուրդը միշտ Ձեզ հետ է, պինդ կացեք, միշտ Ձեզ աջակցելու ենք: Ձեր դիրքերը չզիջեք: Ուզում եմ միաժամանակ մի քանի հարց ուղղել Ձեզ:

Հարց առաջին. մեր երկրի ընդերքում Մենդելեեւի պարբերական աղյուսակի բոլոր էլեմենտները կան. եթե աշխարհի մոլիբդենի պաշարների ութ տոկոսը քոնը լինի, պղնձի 12 տոկոսը քոնը լինի, 36 ոսկու հանքեր ունենաս, որից 5-ը հիմա շահագործում են, այդ երկիրն աղքա՞տ կլինի: Ուզում եմ հասկանալ, ինչո՞ւ է մեր երկիրն աղքատ:

Երկրորդ՝ բնիկ քաջարանցի եմ, եղել եմ «Քաջարանշին» տրեստի կառավարիչ, մի շինարարական կազմակերպության, որ 22 փոխանցիկ դրոշ է բերել Հայաստան (միութենական), առաջին կարգի մրցանակներ, երկու անգամ Քաջարանը կառուցել ենք, մի անգամ Հայրենական պատերազմից հետո, մի անգամ էլ 1968թ. երկրաշարժից հետո, իսկ հիմա նույնիսկ Քաջարան գյուղի ճանապարհը չեն նորոգում, որ մարդիկ կարգին երթեւեկեն:

Ուզում եմ իմանալ, ինչո՞ւ կոմբինատում բոլոր քաջարանցիներին պաշտոնից հանել եւ դրսից են մարդիկ բերել, ովքեր 30-40 անգամ ավելի աշխատավարձ են ստանում, քան տեղացիները: Նախկին Խորհրդային Միության գունավոր մետալուրգիայի նախարարը՝ Լոմակոն 300 ռուբլի աշխատավարձ էր ստանում, իսկ Քաջարանի կոմբինատի բաց հանքի էքսկավատորավար Արտաշես Պետրոսյանը՝ 600 ռուբլի: Իսկ հիմա Քաջարանի կոմբինատի տնօրենը ստանում է 40 միլիոն դրամ, իսկ էքսկավատորավարը՝ 400 հազար դրամ, ո՞րն է պատճառը: Ինչո՞ւ տեղացիներին հանել են, դրսից մարդիկ բերել, ինչո՞ւ Կապանի կոմբինատում դրսից եկած սեւամորթը մի քանի անգամ ավելի աշխատավարձ է ստանում, քան տեղացի մասնագետները: Մեր մասնագետներն ո՞ւմից են պակաս: 

Այժմ ոչինչ չի արվում: Ահա նայեք, Կապանի մշակույթի կենտրոնը ցելոֆանով է պատված, նախկին վարչապետին էլ եմ այս հարցը տվել, խոստացավ եւ ոչինչ չարեց: 

Այո, բոլոր հանցագործները պիտի նստեն: Բայց ժողովրդին էլ պայմաններ տվեք: Ինչո՞ւ սեւամորթը գալիս է Կապանի կոմբինատում երկու- երեք միլիոն աշխատավարձ ստանում, իսկ մեր տեղացի հորատողը՝ 300 հազար դրամ: 

Խնդրում եմ՝ այս հարցերին ուշադրություն դարձրեք:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: