12/17/2018

Հոգսաշատ երկիր. հայացք Գորիսից

Հոգսաշատ երկիր. հայացք Գորիսից

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մարզային առաջին այցը Սյունիք էր։ Սա եւ՛ պարտավորեցնող է, եւ՛ ինչ-որ տեղ՝ փաղաքշող։ Պարտավորեցնողը Սյունիքի մարզի վճռորոշ դերն է երկրի ու պետության համար, որտեղ օր առաջ պետք է հաղթահարվեն երկրին հատուկ խոչընդոտները, մարզը պետք է դուրս գա իրական զարգացման ուղի եւ դրսեւորի իր ունեցած հնարավորությունները։ Կարծում եմ՝ վարչապետի այցն առաջին հերթին այդ նպատակն էր հետապնդում։ 

Բնականաբար, վարչապետը չէր կարող գոհ լինել մարզում տիրող վիճակից՝ հասկանալի պատճառով։ Բայց կարծում եմ՝ նրան ավելի շատ հետաքրքրում էին այն հարցերն ու խնդիրները, որոնք պետք է բարձրացվեին հանդիպումների ժամանակ՝ որքանով են տեղում պատկերացնում առաջիկա անելիքները, ինչ ուղիներ են տեսնում տասնամյակներով կուտակված եւ արդեն երկրի անվտանգությանը սպառնացող  խութերը վերացնելու  համար։ Միանշանակ պետք է արձանագրել, որ ո՛չ մարզկենտրոնում, ո՛չ Քաջարանում եւ ո՛չ էլ տարածաշրջանի մյուս քաղաքներում հանդիպումներին ոչ միայն վարչապետը, այլեւ մեզնից ոչ ոք դա չտեսավ։

Սկսած սիսիանյան հանդիպումից, ապա՝ ավարտված Գորիսի, Մեղրիի, Քաջարանի, Կապանի հանդիպումներով՝ կառավարության ղեկավարին ներկայացվում էին մասնավոր, անձնական, կենցաղային չափանիշների պահանջ-առաջարկություններ, որոնք նախեւառաջ բնութագրում են մեր իրականության գորշ վիճակը եւ բոլոր հույսերն ի դերեւ հանում։ Եթե դրան էլ ավելացնենք տեղական «իշխանիկների» անտեղյակությունն ու հիվանդ պատկերացումներն իրենց ղեկավարությանը հանձնված համայնքների, կազմակերպությունների, հիմնարկների անելիքների մասին, ամեն ինչ պարզ կդառնա։ 

Սկսված հասարակական, տնտեսական, քաղաքական վերափոխումները հրամայական են, այլ ուղի չկա։ Դրանք իրականացնելը չափազանց դժվար է լինելու, սակայն, բարեբախտաբար, իշխանությունները, նաեւ՝ ժողովուրդը, չեն նահանջելու։

Ի՞նչ է կատարվում այսօր։ 

Կատարվում է այն, ինչ պետք է արվեր ուղիղ քսան տարի առաջ։ 

Գաղտնիք չէ, մեր անկախ ժամանակի առաջին նախագահի ղեկավարած տարիներին՝ 1991-1998 թվականներին, երկրում ոչ թե պարզապես արմատ էին գցել հովանավորչությունն ու կոռուպցիան, ոչ միայն կրիմինալը սերտաճել էր խորհրդարանի, կառավարության հետ ու վճռորոշ տեղ գրավել հասարակական կյանքում, այլ պարարտ հողում անասելի տեմպերով զարգանում էին։ 

Խնդիր էր հասունացել։ Երկրի, պետության զարգացման հաջողությունը կախված էր այդ կործանարար ախտերի վերացումից։ 

Լավ հիշում եմ՝ շատ թե քիչ ճկուն դատող եւ երկիրն անկեղծ սիրողներն ու գնահատողները կարծում էին՝

1. անհրաժեշտ է արմատախիլ անել հովանավորչությունը եւ կոռուպցիան,

2. պետական ողջ համակարգը՝ խորհրդարան, կառավարություն, բանակ եւ այլն, անհապաղ ազատել կրիմինալից, հասարակությունը մաքրել հանցավոր տարրերից եւ դարձնել համընդհանուր մերժելի,

3. օրենսդիր մարմնի մակարդակով գնահատական տալ նախորդ իշխանության, նրա ղեկավարների գործունեությանը՝ պետական-տնտեսական, հասարակական, քաղաքական տեսանկյուններից, համապատասխան հիմքերի դեպքում տալ նաեւ իրավական գնահատական, որն օրենքի պահանջ է։

Նշված առաջին երկու կետերի բովանդակությանը համապատասխան այսօր վճռական աշխատանք է տարվում, եւ տարակուսանք չի կարող լինել։ Վերջին՝ երրորդի կապակցությամբ տեսնում եմ, որ առաջին երկուսի զարգացումները տանում են դրան։ Այս վերջինն իմ կարծիքով ունենալու է նախ կանխարգելիչ նշանակություն, ապա կոնկրետ վարքագծային պահանջներ է սահմանելու բարձր ղեկավարների համար, որպեսզի նրանք այլեւս աջ ու ձախ չնայեն։

Վարչապետ Ն. Փաշինյանն ի լուր հայության եւ ողջ աշխարհի ասել է, թե ոչ ոքից ոչինչ չի վերցնելու, որեւէ մութ գործարքի չի միանալու եւ այլն, իսկ նման քայլերի դիմողներին օրենքով համապատասխան տեղն է ցույց տալու։ Սա շատ սպասված եւ վճռորոշ ուղերձ է։

Ինչպես տեսնում եք, այս վերջին պահանջների ամրագրումն ուղղակիորեն նպաստում է առաջին երկուսի անվերապահ կատարմանը, որն անչափ կարեւոր է։ Այսինքն՝ թվարկած երեք ուղղությունն էլ լրացնում են մեկը մյուսին եւ վճռական նշանակություն ունեն մեր երկրի բնականոն զարգացման, նրա ներքին ու արտաքին անվտանգության ապահովման գործում։

Մեր նախորդ կառավարությունները, բարձր ղեկավարները բազմաթիվ ծրագրեր են նախաձեռնել, դրանց զգալի մասը գործողության մեջ դրել ու բոլոր առումներով թողել անորոշ վիճակում։ Երբեւէ չեն անդրադարձել այն հարցերին, թե ի՞նչ են տվել՝ ի՞նչ ստացել, ո՞ւմ մեղքով է տեղի ունեցել ձախողումը, ինչո՞ւ այս կամ այն պաշտոնյան պատասխանատվության չի կանչվել եւ այլն։

Հիմա պե՞տք է անդրադառնալ այս հարցերին, թե՞ ոչ։ Խոսքը հատկապես մեծամասշտաբ ծրագրերին է վերաբերում։ Այլապես մենք ինչպե՞ս պետք է առողջացնենք մեր տնտեսական կյանքը։

Ակնհայտ է, որ նախորդ իշխանություններն ամբողջապես ձախողել են Հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհի շինարարությունը։ Պե՞տք է ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ դրան ու տալ համապատասխան գնահատականներ։ Իհարկե։ 

Նման մոտեցման խիստ պահանջ է զգում տասնյակ տարիներով չարչրկված Նաիրիտի գործը։ 

Մի քանի տարի առաջ պարզվեց, որ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարները հասցված են աղետալի վիճակի։ Ու՞մ թեթեւ ձեռքով էր արվել դա, ինչպե՞ս, ինչու՞. պատասխան տվողներ չեղան։ Համաճարակի նման երկիր ներխուժեց փոքր հէկեր կառուցելու մոլուցքը։ Պաշտոնավորներն ու «լավ տղերքը» գործի անցան երկրի հյուսիսից հարավ ։ Ոչ միայն էներգետիկ լուրջ խնդիր չլուծվեց, այլեւ էկոլոգիական աղետ բերեցին երկրի գլխին՝ միաժամանակ մսխելով հսկայական վարկային միջոցներ։ Պե՞տք է հետ նայել, քննարկել, վերլուծել ու գնահատել։

Ի դեպ, այս աղետը պատուհասել է նաեւ Գորիս-Քարահունջ հեքիաթային ձորին եւ շնչահեղձ արել այն։ Երբեմնի փարթամ այգիներից հատուկենտ նիհար նմուշներ են մնացել։ Ճարպիկները ձեւ-ձեւ են արել պատմական- մշակութային արժեք ունեցող տարածքը, մեր Վարարակը շղթայել եւ չարխ են պտտեցնում երեք-չորս հոգու համար։ Հարյուրավոր գյուղացիներին, այգետերերին թողել են քաղաքի կեղտաջրերը՝ հարստացված քիմիական անթույլատրելի տարրերով, թույներով, կենցաղային մզվածքներով եւ այլն։ Այդ լուծույթը շատ արագ չորացնում է ցանկացած բուսատեսակ, էլ չեմ ասում, թե դրանով ոռոգած բանջարեղենն ու կանաչին իրենցից ինչ են ներկայացնում։

Քանի որ խոսքը Քարահունջի ձորի մասին է, պետք  ընդգծել, որ այն անբաժանելի լրացնող մաս է Հին Գորիսի բնակերտ ժայռերի սքանչելի անտառի եւ բազում ու բազմապիսի բնական պատկերների, որոնք զարդարում են մեր սքանչելի Գորիսն ու Քարահունջը։

Ձորը հարուստ է բնական առանձնահատուկ անկյուններով, թեմատիկ ժայռախմբերով, դարավոր կամուրջներով, որոնց կողերին քանդակված են կաքավը՝ ճտերի, եղնիկն՝ իր ձագի հետ, շուրջ քսանի հասնող գինու եւ օղու հնձաններով, որոնք իրենց առանձնահատկություններով հարուստ ժառանգություն են ներկայացնում, պատմական պատաշար՝ ժայռափոր առուներով եւ այլն։ Որն ասես, որը թողնես։ Եվ այսքան հարուստ ժառանգությունը բոլորիս աչքի առաջ ոտի տակ ամենադաժան ձեւով տրորվում է, ոչնչացվում հանուն մի քանի բախտախնդիրների։ Մինչդեռ այդ հրաշք պատկերները, հնձանները, կամուրջները, հինավուրց արահետները պետք է ողջունեին զբոսաշրջության սիրահարներին, նրանց հրամցնեին ձորի անուշահամ միրգը եւ գինին, թթի, հոնի օղիները, հովություն բերեին նրանց՝ իրենց թաքստոցներում ու խորշերում։

Նման մի խայտառակություն էլ արվել ու շարունակվում է Տաթեւ-Տանձատափ գյուղերի տարածքի մի գեղատեսիլ անկյունում։ Տաթեւ ազգային պարկ հայտարարված տարածքի այս տեղամասում բառիս ուղիղ իմաստով մի առու է ձեւավորվում Սվարանց գյուղի գոգավորությունից, մյուսը՝ Գյազբել սարի Աղանձու գետի տարածքից։ Ուրիշ ջրեր չկան այստեղ։ 

Որպեսզի պատկերացնեք, թե ինչ քանակի ջուր են հավաքում այդ առուները, ասեմ, որ ամռանը, աշնանը եւ ձմռանն այս երկուսի ջրերը հավաքում էին մի տեղ, որ կարողանան աշխատեցնել Տանձատափի ձորի ջրաղացը։ Այդ գետակները հազիվ ոռոգում էին երկու գյուղի այգիներն ու բանջարանոցները։

Սվարանցից եկող ջուրը հսկայական խողովակների մեջ են առել (խողովակները, ի դեպ, ի տես բնաշխարհի եւ տարածք այցելողների, լիարժեք ցուցադրված են) մոտ մեկ կիլոմետր տարել ու հասցրել Աղանձու գետին, միավորել իրար հետ, իջեցրել Տանձատափից ներքեւ ու ձորի պռնկին դրել մի մանր հէկ։ Պլանավորված է ջուրն այդտեղից էլ ցած տանել եւ նման մի հէկ էլ դնել Որոտանի ափին։

Մեր կուսական բնաշխարհից ահագին բան են ավերել՝ անտառաշերտեր, թփեր, բնակերտ պատկերներ, կանաչ տարածքներ եւ այլն։ Իսկ երբ նայում ենք գյուղահայաց գողտրիկ ջրվեժի՝ Շռռանի՝ չորությունից ճագած շրթին, մեր շուրթն էլ է ճաքում ու քթներիս մուխը հանում։ Տաթեւ, զբոսաշրջային գոտի, զբոսաշրջություն, ակտիվ հանգիստ, անկրկնելի բնաշխարհ եւ շղթայված առուներ։ Պատասխան պե՞տք է տրվի, թե՞ ոչ։ Ովքե՞ր են թույլտվություններ, վարկեր տրամադրողները, բնապահպան կոչվածները։ 

Մասնավոր կարծիքս այն է, որ այդ փոքր կոչված հէկերի ճնշող մասը մանր են, ոչինչ չտվող, բայց՝ մեր եդեմական երկրի բնաշխարհին աղետ բերող։ Դրանք պետք է հետ հավաքել, ջրերն ուղղել իրենց բնականոն հունին։ Սա եւս հրամայական է ամբողջ հանրապետության համար։

Քանի որ երկու դրվագով անդրադարձ կատարեցի մեր տեղական խնդիրներին, չեմ կարող անտարբեր անցնել Գորիսին ու Քարահունջին հուզող շատ կարեւոր հարցի կողքով։

Դեռ խորհրդային տարիներից խոսվում է քաղաքի կոյուղաջրերի հավաքման կոլեկտորի եւ մաքրման կայանի կառուցման մասին։ Սա բոլոր առումներով կենսական նշանակության հարց է, մասնավորապես՝ էկոլոգիական։ Հայտնի է, թե 1970-1980-ականների համեմատ մեր կենցաղում ինչ չափերով են ավելացել արտադրություններում, կենցաղում օգտագործվող քիմիական միջոցները։ Դրանք աղտոտում են ողջ շրջակա միջավայրը։ Գորիսի զարգացման հեռանկարը դիտարկվում է նաեւ զբոսաշրջության ծավալման համատեքստում։ Եթե նման մոտեցում, ինչը հիմա կա, շարունակվի, դրան էլ գումարած բաց աղբավայրի գոյությունը, ոչինչ չի ստացվի։ Հարցն ուղղակի վերաբերում է Գորիս համայնքին ու Սյունիքի մարզպետարանին, որի լուծմանը պետք է իր օժանդակությունը բերի նաեւ երկրի կառավարությունը։ Վերը նշվածների հետ ճիշտ կլիներ նաեւ այս հարցը բարձրացնել վարչապետի առաջ։

…Վերջին տասը տարիներին մեկ ու կես միլիարդ դոլարից երկրի արտաքին վարկային պարտքը հասցվել է շուրջ յոթ միլիարդ դոլարի, այսինքն՝ աճել է հինգ ու կես միլիարդով։ Ինչպես տեսնում եք՝ այդ տարիներին երկրում այնպիսի մեծ ծրագրեր չեն արվել (ճանապարհ, երկաթուղի, գազատար, հզոր ձեռնարկություն եւ այլն), որոնցով գեթ մասամբ կարողանանք բացատրել վարկային հսկա ռեսուրսի ծախսը։ 

Մի՞թե անհրաժեշտ չէ հետ նայել՝ ինչքան ենք ստացել, ինչ նպատակով, ինչի վրա ծախսել, օրինական, թե անօրինական են եղել դրանք։ 

Անվերջ կարել ի է ուրիշ այլ ծրագրեր նշել։ Բայց ամեն ինչ պարզ է։ Մի երկրում, որտեղ ասելը, խոստանալը համազոր է եղել չանելուն, խաբելուն, շատ-շատ մերժելի բաների կհանդիպես։ 

Ցավով ասվող այս մտքերը նրա համար են, որ եղածն այլեւս երբեւէ չկրկնվի։ Իրար քորելով երկիր չեն կառուցում։ Տնավարությունը քանդել է մեր երկրի տունը։ 

Ներկա իշխանությունը վճռական է տրամադրված։ Մենք պետք է նրա կողքին լինենք, օժանդակելը քիչ է, գործնականորեն օգնենք, քանի որ անելիքը հսկայական չափերի է, տեւողության առումով՝ անժամկետ։

Սուրեն Վարդանյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: