11/15/2018

Մասնագետը հորդորում է առանց աշխատանքային պայմանագրի գործնական հարաբերություններ չսկսել

Մասնագետը հորդորում է առանց աշխատանքային պայմանագրի գործնական հարաբերություններ չսկսել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է առանց գրանցման աշխատելու վտանգների, աշխատաժամանակի և աշխատունակության կարգի մասին:

Նրա խոսքով՝ առանց պայմանագրի աշխատանքը մեծ ռիսկեր է պարունակում. «Չգրանցված աշխատելու վտանգները բավականին շատ են, որովհետև եթե չկա աշխատանքային պայմանագիր, չկան ո՛չ աշխատողներ, ո՛չ վերջիններիս իրավունքների պաշտպանություն: Իսկ նրանք իրենց իրավունքները կարող են պաշտպանել գործատուի մոտ գրանցված ու հաշվառված լինելու դեպքում»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխատողին պետք է գրանցեն հենց առաջին վայրկյանից. «Աշխատանքային հարաբերություններ կարող են ծագել միայն համապատասխան պայմանագրի ստորագրումից հետո: Որովհետև հենց դրանով են կարգավորվում վարձատրության չափը, հանգստի ժամանակը և այլ հարցեր: Հակառակ դեպքում չկա պայմանագիր, և չկան պարտավորություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Վարչության պետի հավաստմամբ՝ չի կարելի որոշ ժամանակ աշխատել գործատուի մոտ, հետո կնքել պայմանագիր. «Նույնիսկ փորձաշրջան անցնելիս դարձյալ կնքվում է համաձայնագիր, որտեղ նշվում է այդ մասին: Քանի որ փորձաշրջանի ընթացքում խնդիր տեսնելու դեպքում, գործատուն կկարողանա լուծարել աշխատանքային պայմանագիրը՝ փորձաշրջանի արդյունքները չբավարարելու հիմքով»,-ընդգծեց նա:

Մասնագետը ներկայացրեց նաև օրենքով սահմանված աշխատաժամանակը: Նրա խոսքով՝ լրիվ դրույքով աշխատանքի դեպքում անձն աշխատում է 8 ժամ՝ շաբաթական 40 ժամ տարբերակով: Իսկ եթե աշխատանքը ոչ լրիվ դրույքով է, աշխատում են մինչև ութ ժամ. «Չնայած կան որոշակի դեպքեր, երբ կառավարության համապատասխան որոշմամբ, (խոսքը 201 N որոշման և մի քանի այլ որոշումերի մասին է), մի շարք ոլորտների մասնագետների համար նախատեսված է աշխատաժամանակի այլ տևողություն»,-հավելեց նա: Ժորա Սարգսյանի խոսքով՝  լրիվ աշխատունակությունը օրենսգրքով սահմանվում է տասնվեց տարեկանից: Բայց օրենքը հնարավորություն է տալիս որոշակի ոլորտներում աշխատանքի ներգրավել զրոյից բարձր ցանկացած անձի. «Խոսքը թատերական, ստեղծագործական, աշխատանքերի մասին է: Այստեղ խիստ կարգավորում կա այն մասով, որ անպայման պետք է լինի ծնողի, հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, որովհետև տվյալ պարագայում պայմանագրի կողմ են հանդիսանում»,-եզրափակեց նա:

    Սոնա Մկրտչյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: