09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Լոռիում եւ Սյունիքում ստեղծվում են «Երիտասարդական նորարարական եւ դիմակայուն կենտրոններ»

Լոռիում եւ Սյունիքում ստեղծվում են «Երիտասարդական նորարարական եւ դիմակայուն կենտրոններ»

Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության «Աղետների ռիսկի նվազեցում եւ դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում » (DIPECHO) ծրագրի շրջանակում Հայաստանի Լոռու մարզի Ստեփանավան եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքներում կստեղծվեն «Երիտասարդական նորարարական եւ դիմակայուն կենտրոններ»: DIPECHO ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին, հիմա ընթացքում է ծրագրի հինգերորդ փուլը: Նպատակն է նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը եւ ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական եւ մարդածին աղետների նկատմամբ:

Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի կառտավարման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի խոսքով, այս փուլում զարգացման ծրագրերն են ուշադրության կենտրոնում: Մասնավորաբար.

  1. Զարգացնել Սենդայի եւ ԱՌԿ ռազմավարության գործողությունների իրականացման մոնիթորինգի էլեկտրոնային գործիքները,
  2. Զարգացնել համայնքների ԱՌԿ կարողությունները՝ Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի կարողությունների զարգացման տրամաբանության մեջ, կատարելագործել մարդկային, տեխնիկական, ֆինանսական ռեսուրսների ներգրավման մոտեցումները:

Այս համատեսքտում, համայնքների արդյունավետ զարգացման եւ համագործակցության նպաստավոր միջավայր ձեւավորելու համար, զարգացման ծրագրերում երիտասարդության ակտիվ ընդգրկելու նպատակով Լոռու մարզի Ստեփանավան եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքներում ստեղծվում են «Երիտասարդական նորարարական եւ դիմակայուն կենտրոններ»: Քաղաքապետարաններն արդեն տրամադրել են տարածքները, տեխնիկական համալրման հարցը հոգում է ՄԱԿ-ը: Ստեփանավանի կենտրոնը կբացվի օգոստոս-սեմտեմբերին, Կապանինը՝ մինչեւ տարեվերջ:

Արմեն Չիլինգարյանի խոսքով, կենտրոններում լինելու է միջավայրը՝ նորարարության կիրառման, դասավանդման կարողություններ, որտեղ կմշակվեն ԱՌԿ ծրագրեր եւ կձեւավորվի համագործակցություն ԱՌՆԱՊ հիմնադրամի հետ: ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները կվերապատրաստեն «Երիտասարդական նորարարական եւ դիմակայուն կենտրոնների» կամավորներին եւ մարզերում կունենանք վերապատրաստված հրահանգիչներ, որոնք տեղում մարդկային ռեսուրս կդառնան, կզարգանա համայնքի մարդկային ռեսուրսը: Ամեն տարի Հայաստանում տարբեր պետական գերատեսչություների ներկայացուցիչների համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ: Կենտրոնների հրահանգիչները կարող են նման դասընթաց կազմակերպել իրենց կամ հարեւան մարզում՝ առանց Երեւանից մասնագետ հրավիրելու: Նաեւ օգնել համայնքի զարգացման ծրագրերում ԱՌԿ քայլեր ներառելու հարցում:

Այսօր Հայաստանի ոչ բոլոր համայնքներն ունեն նորարարական կենտրոններ, ռոբոտաշինության կամ քիմիայի լաբորատորիաներ: «Երիտասարդական նորարարական եւ դիմակայուն կենտրոններում» կլինեն ռոբոտաշինության, ծրագրավորման, ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներ: Այս կենտրոնները կդառնան համայնք-երիտասարդություն-ԱՌՆԱՊ համագործակցության հարթակ եւ համատեղ ծրագրերով ծառայություններ կմատուցեն: Օրինակ. Ստեփանավանն էլ, Կապան էլ անտառամերձ համայնքներ են: Կենտրոնները կարող են անօդաչու թռչող սարքեր ստեղծել եւ անտառի կառավարման, զբոսաշրջային երթուղիների մշակման, վտանգների բացահայտման ծառայություններ մատուցել պատկան կառույցներին:

«Բազմաթիվ կազմակերպություններ պատրաստ են ֆինանսավորել երիտասարդական նախաձեռնությունները՝ start-up ծրագրերը, աջակցել երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացմանը: Այս կենտրոններում կմեկտեղվեն թե երիտասարդների, թե նրանց ֆինանսապես օգնելու պատրաստ կառույցների ջանքերը: Կարող են միավորվել անտառային հրդեհների կառավարման, զբոսաշրջության անվտանգության, բնապահպանական կրթության հարցերը: Բոլոր ռեսուրսները կծախսվեն մեկ կենտրոնում: Փոքր ռեսուրսներով լուրջ արդյունքներ կունենանք», — վստահ է Արմեն Չիլինգարյանը:

Ստեփանավանում եւ Կապանում իրականացվող «Երիտասարդական նորարարական եւ դիմակայուն կենտրոններ» ծրագրի ամփոփ արդյունքների հիման վրա կմշակվի ծրագրի հայեցակարգային մոդուլը կներկայացվի կառավարության հաստատմանը, որից հետո կտարածվի այլ համայնքներում:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

911tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: