09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Մասնավոր բուհերի ռեկտորները սկզբունքորեն դեմ չեն բուհերի միավորմանը

Մասնավոր բուհերի ռեկտորները սկզբունքորեն դեմ չեն բուհերի միավորմանը

Դիմորդների թվի կտրուկ անկման պատճառով այս տարի Հայաստանում գործող պետական և ոչ պետական բուհերը փաստի առաջ են կանգնել։ Պետական բուհերում որոշ ֆակուլտետներում առհասարակ ընդունելություն չի իրականացվել, որոշ ֆակուլտետներում էլ՝ ընդամենը մի քանի տասնյակ ուսանող։

Խնդիրն առավել սուր է մասնավոր բուհերի դեպքում։ Որոշ մասնավոր բուհերում այս տարի առհասարակ ընդունելություն չի իրականացվել, քանի որ պետականներում սահմանված շեմերը շատ ցածր էին, և դիմողները, ըստ էության, ընդունվել են հենց պետական բուհեր։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օրերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված վիճակին, այն որակել էր որպես ճգնաժամային՝ նկատելով, որ բուհերը այս տարի իրենց հնարավորության մեկ քառորդով են համալրվել։ «Բուհերը համալրվել են մեկ քառորդով։ Խնդիրն իրականում ավելի բարդ է հատկապես մասնավոր բուհերի համար, որտեղ խնդիր կա ոչ միայն ընդունելություն հետ կապված, այլև կազմակերպական և որակի խնդիրներ կան։ Մենք մեր գործառույթների սահմաններում՝ լիցենզիաների ստուգման, որակավորման ստուգումների շրջանակներում փորձելու ենք վեր հանել խնդիրները, որի արդյունքում կլինեն բուհեր, որ կփակվեն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ խիստ ցանկալի կլիներ, որ բուհերը գնային միավորման ճանապարհով, որն ավելի արդյունավետ լուծում է բուհերի համար։ Այս առաջարկը ԿԳ նախարարը այսօր ներկայացրել է նաև մասնավոր բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ։ «Մենք, իհարկե, չենք ցանկանում արտաքին միջամտություն իրականացնել, բայց նաև բուհերը ստեղծված իրավիճակում պետք է մտածեն իրենց ապագայի մասին և քննարկեն միավորումների հարցը, որպեսզի խնդիրը չհասնի լիցենզիաների համապատասխանեցմանը կամ բուհերի փակմանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ոչ պետական բուհերից ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցել ընդամենը երկու ուսհաստատություն՝ կոչ անելով մյուսներին ևս անցնել այդ գործընթացը:

Նախարարի հետ հանդիպմանը մասնակցած Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բուհերի միավորման վերաբերյալ նախարարի առաջարկը ընդունելի է, քանի որ բուհերի խոշորացումը կնպաստի որակի արդյունավետությանը։ «Դրանից բուհերի որակը կբարձրանա։ Ասենք, եթե փոքր բուհը մի լաբորատորիա պետք է ունենա, մեծ բուհում հնարավոր կլինի մի քանիսն ունենալ։ Բուհի խոշորացմանը ես կողմնակից եմ, նաև գիտական ինստիտուտների միավորմանը բուհերին, որի դեպքում մենք ավելի մեծ հնարավորություն կունենանք բուհերում եռաստիճան կրթություն ապահովել, կգնանք ասպիրանտական կրթության։ Գիտաշխատողներ կընդգրկենք, որի արդյունքում կրթության կազմակերպումն ավելի արդյունավետ կլինի։ Այնպես որ, նախարարի առաջարկին ես սկզբունքորեն դեմ չեմ»,- ասաց Մակիչյանը՝ հավելելով, որ հանդիպմանը մասնակից մասնավոր բուհերի գրեթե բոլոր ռեկտորներն էլ համակարծիք են եղել նախարարի հետ։ Կոշտ դեմ արտահայտվողներ չեն եղել։ Խնդիրը միայն միավորման եղանակների շուրջ է եղել։ «Բուհերի ռեկտորներից շատերը իրենց լավագույն օրինակը ներկայացրեցին, բոլորն էլ սկզբունքորեն դեմ չէին միավորմանը։ Քննարկեցինք և որոշում կայացվեց մեկ ամիս հետո նորից հանդիպել։ Բայց կարծում եմ, որ ճիշտ լուծումն այն է, որ փոքր բուհերը միանան ավելի մեծերին, բայց պարտադիր ուշադրություն պետք է դարձվի այդ մեծ բուհի վարկին, բացառվեն կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Մակիչյանը։

Մասնավոր բուհերի այլ ռեկտորներ ևս մեզ հետ զրույցում նույն տեսակետը հայտնեցին։ Եթե բուհերի միավորման արդյունավետ մոդել ընտրվի, սկզբունքորեն ոչ ոք դեմ չի արտահայտվի։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մասնավոր բուհերի միավորումն ընդամենը տեխնիկական լուծում է։ «Եթե ուսանողների թիվը փոքր է, բնականաբար, բուհերը կամ պետք է փակվեն, կամ միավորվեն։ Ուրիշ տարբերակ չկա։ Բայց փորձը ցույց է տալիս, որ դա էլ ինչ-որ արդյունքի չի բերում։ Դա երկարացնում է բուհի կյանքը, բայց դա որակական առաջընթաց չի ապահովում»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ ճիշտ կլինի, որ քիչ թվաքանակ ունեցող բուհերը միավորվեն ավելի մեծ թվով ուսանողներ ունեցող բուհերին։

Սերոբ Խաչատրյանի խոսքերով՝ որպեսզի միավորման արդյունքում հնարավոր լինի նաև որակական առաջընթաց ապահովել, ապա դա մեծ ներդրումներ է պահանջում։ «Դրա համար լուրջ ընկերություններ, մարդիկ են պետք, որ ներդրումներ անեն երկարաժամկետ։ Կարճաժամկետը ոչ մի արդյունք չի տա։ Բայց հիմա այդտեսակ մարդ գտնելը դժվար է, որ համաձայնի ինչ-որ բուհում փող դնի երկարաժամկետ»,- ասաց փորձագետը։

Իսկ մասնավոր բուհերում կրթության որակը չի բարձրանում, քանի որ նրանք չունեն դասախոսական անձնակազմ։ Դասախոսների հիմնական մասը պետական բուհերի դասախոսներ են, ովքեր մի քանի ժամով գալիս են, դասավանդում, գնում։ «Բուհերը ռեսուրսներ չունեն, որ սեփական դասախոսական կազմ ստեղծեն, որը կաշխատի այդ բուհի համար մենակ և որակ կապահովի։ Դա հսկայական գումար է պահանջում, իսկ Հայաստանում մասնավոր բուհերի ռեկտորներն էլ այդքան մեծահարուստ չեն, որ իրենք ներդրում անեն։ Նրանք կախված են ուսանողների վարձավճարներից։ Իսկ կրթությունը, կրթության որակը ներդրում է պահանջում, մեծ ներդրումներ, որին այսօր Հայաստանում ոչ մեկ չի գնում»,-եզրափակեց փորձագետը։

1in.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: