11/18/2018

Մհեր Եղիազարյանը 50 տարեկան է

Մհեր Եղիազարյանը 50 տարեկան է

1990-ականների սկզբից Սյունիքի հասարակական- քաղաքական անդաստանում ասպարեզ ելան նոր դեմքեր՝ իրենց հետ բերելով նոր մտածելակերպ ու գերծելակերպ, նոր պատկերացումներ մեր պետական ընթացքի, նաեւ մեր փոքր հայրենիքի հետագա հզորացման վերաբերյալ:

Համազգային զարթոնքի օրերի գործիչներից ոչ բոլորը, սակայն, մինչեւ վերջ գնացին իրենց ու մեր ընտրած ճանապարհով: 

Շատերն էլ, բարեբախտաբար, մնացին իրենց երազած Հայաստանի, իրենց երազած Սյունիքի մասին պատկերացումների տիրույթում ու ձգտեցին սեփական ջանքով նպաստել ազգային երազանքների իրականացմանը:

Նրանցից մեկը, անշուշտ, Սյունյաց աշխարհի Մհեր Եղիազարյան զավակն է, ով հուլիսի 24-ին դառնում է հիսուն տարեկան:

Ծնվել է Սիսիանի տարածաշրջանի Լծեն գյուղում:

Շամբի դպրոցն ավարտելուց հետո մասնագիտական կրթություն է ստացել Կապանի շինարարական տեխնիկումում, ապա բարձրագույնն ավարտել Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում:

Ծառայել է խորհրդային բանակում՝ Խաղաղօվկիանոսյան ռազմածովային նավատորմում:

Հասարակական- քաղաքական՝ ի սկզբանե ակտիվ գործունեությունը սկսել է Սիսիանում, շարունակել Սյունիքի մարզում, ապա՝ հանրապետության ամբողջ տարածքում: 

20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզբի՝ մեզ բաժին հասած գերխիտ ժամանակաշրջանում, անկախության ճամփա ելած Հայաստանում, նա, որքանով ճանաչում ենք, չէր կարող ստույգ հավատամք, ապրելու եւ գործելու չափված- նժարված բանաձեւ չունենալ:

Եվ անդամագրվեց Պարույր Հայրիկյանի՝ հայոց կորսված պետականության վերականգնման բացառիկ երախտավորներից մեկի, գլխավորած քաղաքական ուժին՝ Ազգային Ինքնորոշում Միավորմանը:

Հիմա, իհարկե, ոչ մեկիս լեզուն չի պտտվում՝ մեծարանքի խոսքով պսակավորելու քաղաքակական այդ ուժին եւ նրա առաջնորդին, մինչդեռ իրականությունն այն է, որ անկախ պետականության գաղափարը՝ անթեղված յուրաքանչյուր հայի ներաշխարհում, խորհրդային էպոխայում ծնված ու ապրած սերնդակիցներիս մեջ արթնացրեց հատկապես այդ ուժը:

Հենց այդ կուսակցության ծրագիրն էլ առավել սրտամոտ եղավ Մհեր Եղիազարյանին: Այդ կուսակցության  գաղափարական հիմնադրույթները, ըստ նրա, ավելի կանխատեսելի էին դարձնում մեր անցնելիք ճանապարհը, նորանկախ Հայաստանի հզորացման հույս ներշնչում:

Բայց այդ ամենին զուգահեռ, այդ ամենից առաջ նա իր տեղն էր գտել մեկ այլ «փարախում». դա հայրենի երկրամասի՝ Սյունիքի նվիրյալ զավակների առաջապահ գունդն էր, որի զինվորն է մինչեւ հիմա ու, համոզված ենք, որի շարքերում մնալու է մինչեւ կյանքի վերջ:

Եվ քաղաքական, մարդկային, բարոյական այդ կողմնորոշումներում, այդ տեղում, այդ ճանապարհին երբեք չաղարտվեց, չաղավաղվեց, կիսատ չմնաց, որովհետեւ հայրենապաշտության արեւոտ այդ հարթավայրում ի սկզբանե ոտք էր դրել որդու եւ տիրոջ, տիրոջ ու մշակի իրավունքով եւ առաքելությամբ:

Վերջին մեկ- երկու տարում մեր երկրամասը ենթարկվեց դաժան փորձությունների:

Կյանքի եւ հրապարակի տերերը փախան, ծակուծուկ մտան, երեկվա կուռքերը տապալվեցին:

Հատուկենտ մարդիկ մնացին ասպարեզում, քչերը տեր կանգնեցին Սյունիքի եւ սյունեցու արժանապատվությանը. նրանցից մեկն ինքն էր՝ Մհեր Եղիազարյանը:

Նա չընդունեց օրվա իշխանավորի եւ երկրամասն ավարառության ենթարկողների պարտադրած պարտությունը, որն ընդունել էին սյունեցի պատգամավորները, սյունեցի համայնքապետերը, մեծ ու փոքր իշխանավորները, կուսակցություն- թայֆաների տեղական լիդերները, «լավ տղերքը», «գործարարները»…

Ու դրանով երիցս հաստատելով, որ լույսն անպայման բացվելու է:

Ընդամենը նոր անուններով նորացվող մեր օրերում Մհերը ժամանակ առ ժամանակ հառնում է նոր գործերով ու նախաձեռնություններով:

Մայրաքաղաքում է՝ լրագրողական ընտանիքում, հեղինակավոր «haynews.am» կայքի հիմնադիրն ու տնօրենն է: 

Լրատվական դաշտւմ էլ նրա տեղը հաստատուն է, նրա քայլերը՝ վստահ:

Այսօրվա՝ այնքան էլ ոչ խաղաղ մեր հանգրվանում տեսնում ենք՝ ծավալված ու շարունակվող իրականությունն իրեն այնքան էլ չի բավարարում: Չէ, ընդիմադիր չէ համաժողովրդական վստահությամբ օժտված իշխանությանը: Պարզապես իր վերածնվող հայրենիքի ու հայրենիքի վերածնման արժանապատիվ շարքայինն է ու մարտիկը եւ ուզում է ավելի լավ տեսնել մեր երկիրը, ավելի հաստատուն՝ մեր ընթացքը:

Զարմանալի մարդ է. նրա ներսի թագավորությունն անծայրածիր է ու այնքան բազմամարդ, բազմաբեւեռ, որ քչերի մոտ կարելի է հանդիպել մարդկային հարաբերությունների նման իրողություն:

Ու այդ թագավորության յուրաքանչյուր բնակչի տեղը գիտի: 

Յուրաքանչյուրի հաջողությունից շառագունվում է, անհաջողությունից՝ գունատվում, մտահոգվում, կարեկից լինելու ջանքեր գործադրում: Մի խոսքով՝ ընկերության մեջ, բարեկամության մեջ նրա քայլը միշտ էլ մեր քայլից առաջ է եղել ու առաջ է, նրա վարքը՝ ընդօրինակման արժանի:

Նա իր ընկերներին սիրտ ու ձեռք է պարզում՝ անկեղծությամբ ու մաքուր եղբայրությամբ:

Ընկերության մեջ յուրօրինակ տեղ ունի Սյունյաց աշխարհի մեկ այլ արժանավոր զավակ՝ Խաչիկ Ասրյանը, ում ազգանպաստ գործին ու նախաձեռնություններին վերջին տասը տարում ձգտել է աջակից լինել իր կարելիությունների չափով:

Մհեր Եղիազարյանը բարեհամբավ գերդաստանի շառավիղ է՝ օրինակելի օջախով, հայոց ազգային բանակում հպարտորեն ծառայած երկու որդիներով, գերդաստանի լավագույն ավանդույթները պատվախնդրորեն շարունակող տիկին Նորվարդով: 

Նրա օջախում կարելի է սիրտ ջերմացնել: 

Նրա օջախում կարելի է սյունիքյան ավանդույթներից շատերին հաղորդակից դառնալ:

Առանձնահատուկ վերաբերմունք ունի նախնյաց հիշատակի հանդեպ. ծննդավայրում լինելիս առաջինն այցելում է Ծաղիկ տատի գերեզմանը, ում բոլորից շատ է սիրել, ում խորախորհուրդ պատգամներն այսօր էլ կողմնորոշիչ են նրա համար:

Հայորդու նրա զորավորության հորդաբուխ ակունքը, հոգեւոր սկիզբը, հենման կետը Սյունիքն է՝ մեր սրբասուրբ լեռնաշխարհը:Ամենադժվարին իրավիճակում անգամ, ինչի մեջ հայտնվել է քանիցս, հոգնություն եւ հուսահատություն չես տեսնի նրա դեմքին:

Ամենադժվարին իրավիճակում անգամ նա անհաղորդ չէ սյունիքյան անցուդարձին, մեր լեռնաշխարհի առօրյային:Գրեթե ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է որդիական սիրով գուրգուրում իր փոքր հայրենիքը՝ Սյունիքը:

Մայրաքաղաքից, ցավոք, չեն երեւում հանրապետության մարզերը, չի երեւում, որ երկրի ներքին կյանքը գավառների ու մայրաքաղաքի է բաժանված՝ ինչպես երեկ, այնպես էլ այսօր: Եվ երեկվա ու այսօրվա իշխանավորների գլուխներում այդպես էլ տեղ չի գտնում լեռնային, սահմանամերձ գյուղերի ճակատագիրը: Բայց տեղաբնակներս, նաեւ մեր հոբելյարը, տեսնում ենք այդ ամենն ու ցավ ապրում:

Ավելի վաղ Համո Սահյանն էր նկատել ու մասրենու մարդկային էությամբ եւ «մտածումներով» եղերերգել՝

«Պտուղդ քաղող չկա,

Մասրենի, սարի մասրենի,

Պատիվդ պահող չկա,

Մասրենի, բարի մասրենի:

 

Ասում են՝ էլ մարդ չկա, 

Որ փնտրի քնքշանքդ փշոտ,

Քեզ գրկի ու տաքանա,

Մասրենի, ժայռի մասրենի»:

Հայոց  մեր լեզուն, ասում են, ավելի սարսափելի անեծք չի ճանաչում, քան «տունդ քանդվի» անեծքը: Եվ մեր աչքի առաջ՝ անկախ Հայաստանում, սարսափելի այդ անեծքը համառորեն, հետեւողականորեն առարկայանում է հազարամյակների խորքից եկող լեռնային մեր գյուղերում:

Ու ամեն օր…

Դրան զուգահեռ մարզի երեւելիներին լուսանցք մղեցինք, մի մասին էլ երկրամասից քշեցինք, որ միջակների հանդեսը չխաթարվի հանկարծ…

Կկարողանա՞նք տանտիրոջ իրավունքով ու պատվախնդրությամբ յուրաքանչյուրին հետ բերել եւ մասնակից դարձնել մեր երթին, թե՞ կթողնենք ամայացման մեր հանդեսի վկաների, ժամապահների դերում՝ նրանց հոգսը մերը չհամարելով:

Իսկ երկրամասը համակած անհամերաշխության ալիքն ու պառակտվածությունը… Որքա՜ն հետեւողականությամբ է մանրագործվել այդ ամենը, որքա՜ն հաջողությամբ է այդ ամենն օգտագործվել եւ օգտագործվում ընդդեմ Սյունիքի… 

Չէ, չենք շեղվել թեմայից. բոլորս էլ հայրենիքավոր ենք մեր փոքր հայրենիքով, յուրաքանչյուրիս ապրած տարիներն ու անցնելիք ճանապարհն էլ առանց հայրենի տան  հնարավոր չէ պատկերացնել:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ Սյունիքի զավակներից մեկի տարեդարձի առիթով վերստին չբարձրաձայնենք այդ մասին, մանավանդ որ հոբելյարը եւս այդկերպ է մտածում, մանավանդ որ ինքն էլ անելիք ու ասելիք ունի այս իրավիճակում, թե չէ Սյունիքը ոգու կրակ չի փոխանցի ոչ մեկիս եւ վեմ քար չի լինի հայոց պետականության համար, ինչպես կանխորոշված է ի վերուստ…

Մհեր Եղիազարյանի ծննդավայրը Լորաձորի առաջին գյուղն է (ներքեւից)՝ Որոտանի աստվածասկիզբ կիրճի աջափնյա պռնկին՝ դեռեւս Ստեփանոս պատմիչի մատյանում հիշատակված: Եղիա մարգարեի լեռան ստորոտում է, ինչպես եւ մեծ քնարերգուի բնօրրան Լորը: Կիրճի մյուս քարափին Որոտնաբերդն է, Որոտնավանքը, Սուրբ Հովհան Որոտնեցու ծննդավայրը, եւ այդ ամենը՝ Մեծ Իշխանասարի, Եռաբլրի, Արամազդ  լեռան ու Գյազբելի հավերժական հայացքի  ներքո…

Բանաստեղծականացված եզերքում, նաեւ հայոց մեծերից շատերի մասին հիշողություններով ու զրույցներով են հարգելի Երամիշ  Եղիազարյանը եւ տիկին Մարիետան դաստիարակել իրենց ավագ որդուն…

Հիսուն տարին, անկասկած, մարդու մասին ամփոփիչ եւ ամբողջական խոսք ասելու ժամանակը չէ, թեեւ հոբելյարը տարեդարձը դիմավորում է բեռով- բարձով:

Հիսուն տարին խորիմաստ եւ հետաքրքիր հանգրվան է մարդու կյանքում. տարիների փորձ, իմաստություն, ծրագրեր, երազանքներ, կիսատ մնացած եւ անցնելիք ճանապարհ… Այնպես որ՝ 20-30 տարի ժամանակ ունենք դեռ՝ մինչեւ ստիպված կլինենք ընթերցել սահյանական ասքի հայտնի էջը՝ «Օրը մթնեց»: 

Ու այդ ընթացքում նոր գործեր, նոր ու համարձակ նախաձեռնություններ ենք սպասում Մհեր Եղիազարյանից, ինչին անպայման ականատես ենք լինելու:

Ուրեմն եւ՝ շնորհավորենք մեր սիրելի հոբելյարին՝ 50-ամյակի կապակցությամբ, ցանկանք նրան քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ, անավարտ ծրագրերի, մտահղացումների, երազանքների իրականացում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: