11/21/2018

Քաջարանում վարչապետը ստվերը ջրի երե՞ս է հանել

Քաջարանում վարչապետը ստվերը ջրի երե՞ս է հանել

Հրապարակի վրա է առաջին հազար խոշոր հարկատուների ցուցակը 2018թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով:

Ըստ այդ ցուցակի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը վերադարձել է առաջին հորիզոնական՝ կիսամյակում պետական բյուջե վճարելով 24.6 մլրդ դրամ հարկ:

Տարվա առաջին եռամսյակում կոմբինատը վճարել էր  4.1 մլրդ դրամ հարկ: Իսկ երկրորդ եռամսյակում՝ միանգամից 20.5 մլրդ դրամի աճ:

Իհարկե, հրաշալի է, հաճելի է, եւ ողջունում ենք, սակայն…

Վերջին շրջանում արտադրության ծավալները նույնն են, ինչ 2017 եւ 2016 թվականներին (ըստ պաշտոնական տվյալների՝ վերամշակված հանքաքարի ծավալը 2017-ին կազմել է 18.864.000 տոննա):

Վերջին ամիսներին պղնձի գները գունավոր մետաղների միջազգային բորսայում նահանջել են, իսկ մոլիբդենի գինը ս.թ. մարտից բարձրացել է մոտ 1.5 անգամ:

Այսինքն՝ շուկայում եւ արտադրության մեջ տեղի չեն ունեցել էական, նշանակալից այնպիսի փոփոխություններ, որ կարող էին հանգեցնել վճարվող հարկերի թռիչքային՝ մոտ 5 անգամ աճին. 20.5 մլրդ դրամ աճ միայն մեկ եռամսյակում…

Որպեսզի հասկանալի լինի  թռիչքի բարձրությունը, հիշեցնենք…

2013 թվականին, երբ ընկերությունը ղեկավարում էր Մաքսիմ Հակոբյանը, պետությանը մեկ տարում վճարվեց մոտ 38 մլրդ դրամ հարկ:

Գաղութարարների գալուց հետո վճարվող հարկը խայտառակ չափով նվազեց, թեեւ զուգահեռաբար տեղի էր ունենում հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման աճ:

2016 թվականին (տարվա արդյունքով) պետությանը վճարվեց 9.1 մլրդ դրամ հարկ:

Հիմա՝ ոգեւորությունը՝ ոգեւորություն, բայց մի հարց, այնուամենայնիվ, մնում է չպարզաբանված:

Եթե հնարավոր էր մեկ եռամսյակում վճարել 20.5 մլրդ դրամ հարկ, ապա ինչո՞ւ նախկինում՝ մի ամբողջ տարում (2016թ.) վճարվել է 9.1 մլրդ դրամ, իսկ 2017-ին՝ 18.6 մլրդ դրամ:

Կա՞ մեկը, որ կարող է բացատրություն  տալ հանրությանը հետաքրքրող այդ հարցին:

Մինչ այդ, սակայն, չենք կարող շնորհակալություն չհայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կարողացավ ստիպել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության ղեկավարներին ու ծպտված սեփականատերերին՝ 2018-ի երկրորդ եռամսյակում պետությանը վճարելու 20.5 մլրդ դրամ ավելի հարկ, քան նույն տարվա առաջին եռամսյակում:

Հավատում ենք, որ այսուհետ նույնպես պետության հասանելիքը կտրվի պետությանը…

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: