11/21/2018

3 մարզպետները 2 ամսում շուրջ 10 մլն են հատկացրել քաղաքացիներին

3 մարզպետները 2 ամսում շուրջ 10 մլն են հատկացրել քաղաքացիներին

Վայոց ձորի մարզպետ, ԲՀԿ-ական Արագած Սաղաթելյանն իր պաշտոնավարման օրվանից՝ հունիսի 1-ից մինչեւ այսօր ընդամենը մեկ որոշում է կայացրել մարզի սոցիալապես անապահով քաղաքացիներին դրամական աջակցություն հատկացնելու մասին։ Ըստ որոշման՝ 18 քաղաքացու ընդհանուր հատկացվել է 1 մլն 927 հազար ՀՀ դրամ։ Թե ովքեր են ստացել այդ գումարը, հրապարակված չէ։ Այսպիսով, Լոռու մարզպետի նման Վայոց ձորի մարզպետը եւս գաղտնի է պահում գումար ստացած քաղաքացիների ցուցակը։ Դեռ 2017 թվականի դեկտեմբերին Ասպարեզը պարզել էր, որ Լոռու, Վայոց ձորի եւ Արարատի մարզպետները չեն հրապարակում դրամական օգնություն ստացած քաղաքացիների ցուցկաները։ Նոր Հայաստանում այս մարզերի նոր ղեկավարներից Լոռու եւ Վայոց ձորի մարզպետները, փաստորեն, կրկնում են նախկինների գործելաոճը։ Արարատի նորանշանակ մարզպետը, ի տարբերություն նախկինի, հրապարակում է այս ցուցակները։

ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը Սյունիքի մարզպետ նշանակվեց հունիսի 8-ին։ Մինչեւ այսօր նա երկու որոշում է կայացրել մարզի անապահով քաղաքացիներին դրամական օգնություն հատկացնելու մասին։ Ըստ որոշումների՝ 25 քաղաքացու հատկացվել է ընդհանուր 980 հազար ՀՀ դրամ։ Առավելագույն գումարը եղել է 100 հազար ՀՀ դրամ, իսկ նվազագույնը՝ 20 հազար։ Ի տարբերություն մյուս մարզպետարանների կայքերի, Սյունիքի մարզպետարանի կայքի ցուցակում հրապարակված չեն քաղաքացիների բնակության հասցեները, փոխարենը անձնագրային տվյալներն են։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզպետ նշանակվեց հունիսի 1-ին։ Մինչ այժմ մարզի սոցիալապես անապահով քաղաքացիներին գումարհատկացնելու 6 որոշում է կայացրել։ Ըստ որոշումների՝ 245 քաղաքացու հատկացվել է 6 մլն 720 հազար ՀՀ դրամ։ Առավելագույն գումար հատկացվել է 70 հազար, իսկ նվազագույն՝ 20 հազար ՀՀ դրամ։

Անի Մկրտչյան

asparez.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: