11/19/2018

Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է. խոսք շնորհավորանքի

Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է. խոսք շնորհավորանքի

Օգոստոսի 8-ին Մաքսիմ Հակոբյանը դառնում է 69 տարեկան:

Նա, հիրավի, անկախության շրջանի ամենանշանավոր ու արժանապատիվ սյունեցիներից է, ուստի եւ պարտավորված ենք զգում շնորհավորել նրան՝ ծննդյան հերթական տարեդարձի առթիվ ու բարեմաղթանքի խոսք հղել:

Մենք նրան նախեւառաջ առողջություն ենք ցանկանում ու բարձրաձայնում երիցս՝ ինքը եղել եւ մնում է ընդօրինակման արժանի անձնավորություն հատկապես այն հարցում, թե ինչպես պետք է ծառայել երկրին ու հայրենի երկրամասին:

Այն, ինչ նա արեց 1998-2014 թվականներին Սյունիքի համար, ուրիշներն այլեւս չարեցին ու չեն անի մոտ ապագայում:

Ժամանակին նա լծվեց մի հանդուգն, շիտակ, անսեթեւեթ համապետական գործի, որի համար, ի վերջո, չներվեց:

Նա մեր ընդերքի ամենամեծ հարստությունը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, ծառայեցրեց հայոց անկախացած պետության հզորացմանը, ծառայեցրեց Սյունյաց աշխարհին՝ պետական բյուջեին տարեկան տալով մոտ 36 մլրդ դրամ (առայժմ չգերազանցված), Սյունիքի մարզին՝ մինչեւ 2 մլրդ դրամ, որը նույնպես չի գերազանցվել մինչեւ հիմա:

Նա այնքան գրավիչ դարձրեց հանրապետության լեռնահանքային արդյունաբերության հսկա ձեռնարկությունը, Քաջարանը, մարզի ենթակառուցվածքները, որ ամեն տարի մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրում էր կատարվում երկրամասում, այն էլ՝ առանց աղմուկ- աղաղակի:

Եվ ազգանվեր այդ պահվածքը, ինչպես երեւում է տարիների հեռվից, կասեցվեց:

Ու տկլորների, գլխաբացների, ընչաքաղցների, թերուսների շքերթ-իրականությունում, բնականաբար, նրա կարիքն այլեւս չզգացվեց:

Հետո եկան գաղութարարները՝ մոնղոլի, թաթարի կամ մորեխի պես, ինչպես մեր միջնադարում:

Եկան ու փակեցին բոլոր այն ակունքները, որով Սյունիք ամրոցն էր սնվում, որի ուժով առավել կանգուն էր մեր երկրամասը:

….Չորս տարի է անցել, որ նա հետ է քաշվել, որ նրան հետ են պահել:

Բայց ժամանակի ընթացքում, նաեւ հետագայում տեղի ունեցածի համապատկերի վրա, նրա կերպարն անընդհատ նորանում է, մարդու եւ երկրի քաղաքացու, կազմակերպչի նրա տեսակը դառնում առավել սպասված ու փնտրված:

Իշխանության համար պայքարի մեր օրերում դժվար թե գնահատվի նրա արած-դրածը, խարազանվի վերջին տարիներին նրա հանդեպ թույլ տրված սխալները: Ասել է թե՝ ժամանակը դեռ չի եկել…

Իսկ առայժմ մեծարգո Մաքսիմ Հակոբյանին ուզում ենք ակնհայտ մի ճշմարտություն հիշեցնել՝ Դուք ամենաերջանիկ մարդկանցից մեկն եք մեզանում, որովհետեւ Ձեզ ծնող լեռնաշխարհը՝ Սյունիքը, Ձեզ գնահատում է ամենայն պատշաճությամբ, Ձեզ սիրում եւ կարոտում է այնպես, ինչպես այն օրերում, երբ հայրենական մեր տնտեսության դրոշակակիրն էիք, երբ ապրում էիք սյունեցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու ոչ դյուրին առաքելությամբ:

Ծնունդդ շնորհավոր, Մաքսիմ Անուշավանի:Թո՛ղ ամենակարող Տերը Ձեզ պահապան լինի:

Սամվել Ալեքսանյան

Հ.Գ.

Մաքսիմ Անուշավանի Հակոբյան. ծնվել է 1949թ. օգոստոսի 8-ին՝ Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում:

Միջնակարգն ավարտելուց հետո սովորել եւ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետում եւ բարձր առաջադիմությամբ ավարտել այն:

1972-ից աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում, սկզբում՝ էքսկավատորավարի օգնական, ապա՝ լեռնային վարպետ, հերթափոխի պետ, տեղամասի պետ, արտադրամասի գլխավոր ինժեներ, կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ, աշխատանքի անվտանգության տեխնիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ, կոմբինատի գլխավոր ինժեներ:

1998թ. մայիսից գլխավորել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը:

Ձեռնարկության գլխավոր տնօրենի պաշտոնը վարել է մինչեւ 2014թ. հուլիս:

2002թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

2002թ. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը նրան արժանացրել է Հայ առաքելական եկեղեցու բարձր պարգեւին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի:

Մեղրի, Քաջարան, Ագարակ, Կապան քաղաքների, Արմավիրի մարզի, Արարատի մարզի պատվավոր քաղաքացի է:

2004 թվականից «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի պատվավոր անդամ է:

2005թ. նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական ակադեմիայի պատվավոր դոկտորի աստիճան:

«Դե ֆակտո» ամսագիրը 2007 թվականին նրան ճանաչել է տարվա մարդ Հայաստանի Հանրապետությունում:

Ունի երկու զավակ, չորս թոռ:

Անկուսակցական է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: