11/20/2018

Հավատավորի՛ ճանապարհն ընտրած… Մաքսիմ Հակոբյան. դիմանկարի ուրվագիծ

Հավատավորի՛ ճանապարհն ընտրած… Մաքսիմ Հակոբյան. դիմանկարի ուրվագիծ

Կապանա բիբլիական ձորն ի վեր բերդավերակները կարկամել են քարապռունկների վրա: Սա Յոթնաբերդ Կապանն է, որտեղ, ըստ Ալիշանի, «առատ է պղինձն եւ անհալ իբր 56 առ հարյուր»: Դար առաջ Ֆրայբուրգում ուսանած ագուլեցի Նազարբեկյանցը ձիով շրջում էր Զեւու, Քրդիկանցի, Փուխրուտի ու Փիրդավդանի գործատներն ու երազում սեւ պղնձի մեծ գործարան կառուցելու մասին: Մեծահարուստ ագուլեցու երազանքը սերունդները կյանքի կոչեցին 5-6 տասնամյակ հետո: Իսկ չորս տարի առաջ երբեմնի քաղաքատեղի Տանձուլենջից Քաջարան գնալիս, փափկահարմար մեքենայում Մաքսիմ Հակոբյանը խորհում էր ձուլարանի արտադրամաս կառուցելու մասին: Չանցած երեք տարի, մոլիբդենի եռօքսիդի արտադրությունը գլուխ եկավ, եւ աշխարհի հեռուներից եկած գնորդները «կռիվ են տալիս» միջազգային շուկային հարիր փաթեթավորված արտադրանքի համար: 

Սյունյաց լեռնաստանում հայկազն-հսկա է պղնձամոլիբդենային գործարանը, որ խորհրդային ժամանակներից մեր խոսքում համառոտվել է կոմբինատ անվամբ: Այն, ինչ այստեղ արել են մեր նախնիները եւ անում են գերհզոր տեխնիկայով զինված մեր ժամանակակիցները, ինչ-որ տեղ դուրս է երեւակայությունից, թեպետ սովորական է տեղաբնակի համար: Ընդերքից առած շնչառությամբ կոմբինատն աքցանել է սարի մերկացող ստորոտը: Սարը Կոպուտջուղ դիցալեռն է, որ շլացնում է թագապսակ ձյան ու տեղ- տեղ պեծին տվող լեռնապարների ցոլքերով: Լեռնաբուխ գետի երկու կողմերին կռթնած քաղաք- կոմբինատի բազմահարկերից մեկում լեռան ճակատագրի հերթական քննարկումն է: Այսպես է հիսուն տարի: Մտքի ու ձեռքի արդյունքում ստեղծված հայկազն- հսկան իր բոլոր հոգսերով, համակարգիչների ու սրաթռիչք կապի միջոցներով, հանգուցվում է ԶՊՄԿ գործադիր տնօրենի փառահեղ «գլխատանը»: Ասելիքի վճռականությամբ կողք- կողքի տեղ գրաված մտախոհ այրերը «ընդհանուր հայտարարի» են գալիս, զեկուցում արտադրության գլխավոր հրամանատարին: Ստորաբաժանումների պետերը, ինչպես երեւում է, մտահոգիչ խնդիրներ չունեն: Եվ գոհության ու բավականության նկատելի երանգը հրամանատարի պահվածքում աստիճանաբար վերաճում է անթաքույց փայլի:

Հակոբյանի «թիմի» աչքի զարնող հատկանիշը ճշտապահությունն է: Զարմանալ կարելի է. բոլորն ունեն րոպեների հաշվարկ, հստակ պատկերացում օրվա, շաբաթվա կամ ամսվա անելիքի մասին: Պատասխանատվության զգացումն ու հոգացավությունը բազմամարդ կոլեկտիվում հետեւողականորեն ամրակայվում են որպես բնորոշ չափորոշիչներ: Հոգացավությունն առկա է ոչ միայն մարդկային հորաբերություններում:

Ինչպես հները, նույնպես եւ «նորակարգ» աստիճանավորները վիթխարատես աղացի, ԲելԱԶ-ի կամ էքսկավատորի մասին խոսում են այնպիսի մտահոգությամբ, կարծես, գործ ունեն մարդու հետ:

-Մեքենան թանկ ազգային հարստություն է, կոմբինատի մետաղակուռ սիրտը,- տնօրենի այս խոսքն ընկալում են որպես հավատամք: 

Կարող է թվալ, թե այս ամենը վարչարարության սպասված պտուղն է: Բայց իմ «դավադիր» հարցումներին շիտակ էին պատասխանում. «Տնօրենը բարեկրթության վարչարար է» կամ «Գիտի յուրաքանչյուրի թույլ եւ ուժեղ կողմերը»:

Վարչակազմում  եւ մյուս պատասխանատու պոստերում գրեթե միայն «նոր հայեր» են:

Մեր զրույցի «լրագրողամետ» հենքն ակնկալելով եւ դույզն- ինչ նեղվելով համեստության բարդույթից, խոսում է «անխնամ հռետորի» պես, խուսանավում հաջողություններ գովերգելուց եւ առավել եւս՝ շրջանցեց իր անձնական դերն ընգծելու առիթները, որոնք ստեղծվում էին խոսքի տրամաբանության թելադրանով կամ իմ «հրահրումներով»: Խտանյութի իրացման շուկան, խոշոր պայթեցումը, արտակառուցվածքային օբյեկտների հիմնումը եւ նման հարցերը, թվում է, պետք է դառնային ամենաոգեւորիչը մեր զրույցի ընթացքում: Բայց «անխնամ հռետորի» տպավորությունն իսկույն չքանում էր, երբ 52-ամյա գործադիր տնօրենը խոսում էր բնակչության զբաղվածության, քաղաք-կոմբինատ Քաջարանն ավելի բարեկեցիկ դարձնելու, հանրապետության տնտեսական վերելքի ետնախորքի վրա կոմբինատի հեռանկարն ավելի հստակ ուրվագծելու, բնապահպանական ձեռնարկումները կյանքի կոչելու մասին: Օրեր առաջ վաստակաշատ տրակտորիստը (քարշակավարը) ճանապարհահատվածում մոտեցել է նրան եւ հայտնել, որ փեսաները վերադարձել են հեռուներից: Դա խնդրանք է, որ տնօրենը մտահոգվի նրանց աշխատանքի տեղավորելու մասին: Եվ թեպետ նոր աշխատատեղերն  արագ չեն ստեղծվում, մի բան պետք է անել: Ինքն է սահմանել, որ քաղաքի եւ մերձակա բնակավայրերի ամեն մի ընտանիքից առնվազն մեկ հոգի կոմբինատում աշխատանք պետք է ունենա: Քաջարանում աշխատավոր չունեցող ընտանիք Հակոբյանը չի հանդուրժում: 

Մինչեւ ղեկավարման բուրգի գագաթնակետին հասնելը, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետն ավարտելուց հետո, աշխատել է բանվոր, արտադրագետ, հանքի պետ, գլխավոր ճարտարագետ եւ ըստ այդմ մեկ առ մեկ գիտի բոլորին՝ արտադրամաս առ արտադրամաս, անգամ՝ արտադրության հանգամանքներով տարածված մականուններն ու զավեշտական պատմությունները: Պարբերաբար հետաքրքրվում է, թե քաղաքում ինչքանով են ավելացել սեփական ավտոմեքենա ունեցողները, ովքեր են կահույքի համալիրներ գնել: Իսկ առողջությունը խաթարված աշխատավորի համար Հակոբյանը, հիրավի, ամենահոգեհարազատ թիկունքն է:

Քաղաքը, որտեղ ապրում է գործադիր տնօրենը, գեղեցկանում է օր օրի: Ստնտուն «Քաջարան» հիմնադրամն է, որ ստեղծվել է նրա օժանդակությամբ: Իսկ քաղաքն իրեն «ծախսասեր զավակի» պես է պահում: Մատները լիզելու բան ունեն անգամ ուսուցիչները. օրինակ առնելու է, որ կոմբինատի աշխատավորական վաստակներից դպրոցներն ու ուսուցիչները հինադրամի միջոցով պարբերաբար նպաստներ են ստանում: Կատակով ասում են, թե «Մաքսիմն ամեն մի ուսուցչի ամսական մի պարկ խտանյութ է տալիս»:

Մաքսիմ (Բարձրյալ) անունն արտաբերելիս քաջարանցին ակնածանքի խղդուկ է զգում: «Պարոն»-ը հավաստում են գրավոր դիմումներում կամ առանձնասենյակում՝ քննարկվող հարցի կարեւորության ճնշմամբ: Ամենուրեք՝ մեր տնօրենը, մեր Մաքսիմը, տարեցների մոտ՝ ընկեր Հակոբյանը: Որովհետեւ հմայք ունի Մաքսիմը: Ոչ այն, որ արտաքինով համակրելի, միջահասակ այր է եւ լուրջ խնդիր վերլուծելիս անգամ դիմացինին տրամադրում է քաղցրալուր ժպիտով: Երկրի ճակատագիրը յուրովի է բեկբեկվել այս անհատականության մտածումի ու երազանքի մեջ: Արտերկրներ կատարած ուղեւորություններից հետո, իր ղեկավարած հայկազն-հսկայի հնարավորություններն աչքի առաջ ունենալով, մարգարեի կեցվածք է առել հայրենիքի վաղվա օրվա համար.

-Հավատում եմ գալիք ժամանակին, երբ Հայաստանը եղանակ կլինի ոչ միայն Այսրկովկասի համար: Աշխարհը կիմանա հայոց հառնող ֆենոմենի մասին… 

Գլխավոր ճարտարագետը չի թաքցնում հիացմունքը, որ տնօրենն ունի հետազոտողի ու գիտականորեն վերլուծողի բնատուր շնորհ: Փոխտնօրենը նրան գնահատում է որպես երեւելի հեղինակություն կառավարական շրջանակներում եւ աշխարհի բոլոր գործընկերների շրջանում: Արհկոմի նախագահն ասաց. «Ինքնուրույն է բացել իր դժվարին, ինքնատիպ ճանապարհը»:

Կայացող երկրի կայացող տնտեսության համակարգում պղնձամոլիբդենայինն առաջնեկ ու առաջատար է: Արտադրական հզորությունների ընդլայնումը դարձել է գործադիր տնօրենի թիմի գերխնդիրը: Անհրաժեշտ է արտադրական գործընթացի օժանդակ նյութերն արտադրել տեղում, տեղական հումքից: Դա նշանակում է՝ ունենալ համապարփակ գործարանային համալիր՝ աստիճանաբար կրճատելով ներմուծումների ծավալները: Անհրաժեշտ է խթանել նաեւ հարակից այլ արտադրություններ՝ ձեռք մեկնել մարզի «պապանձված» արտադրական միավորներին, ընդլայնել դուստր-ձեռնարկությունների ցանցը, խրախուսել ձեռներեցներին: Եվ հույժ բնական է հնչում տնօրենի խորհուրդը, որով նա հաճախակի է դիմում աշխատավոր մարդկանց՝ տներ կառուցեք: Փույթ չէ, թե արդեն հորից ժառանգվածն ունես: Նորակառույցը կարող է մնալ քո թոռանը, խնամուն կամ կվաճառես կարիք ունեցողին:

Երբ զրուցում էի տարեցների հետ, թվաց, թե կառուցելու-թողնելու պատգամը Հակոբյանի մոտ մնացել է իր բարեհիշատակ հայրիկից: Անուշավան Ստեփանյանը գյուղում մի քանի կառույցներ է հեղինակել ու կամեցել էր, որ իր վեց տղան էլ կառուցող ու ժողովրդանվեր լինեն: Իղձերն ի դերեւ չեղան: Ամենամեծ քննությունը բռնեց կոմբինատի տնօրեն դարձած որդին, հավատավոր քննություն: 

Թեւավորվում է, երբ խոսք է բացվում իր նախորդների կամ վաստակաշատ աշխատավոր մարդկանց մասին: Հմայակ Սահակյանին, Գեորգի Գասպարյանին, Ֆրունզե Պետրոսյանին, Ռոման Նավասարդյանին պատվում է բազմահմուտ, նախագնաց, սկզբունքային, խորագիտակ, նվիրյալ, գիտնական, հեռատես, աննահանջ զինվոր, քաջատեղյակ գործիչ ու նման այլ բնորոշումներով (որը՝ որին գրառումներով շփոթել եմ):

Մաքսիմը երազանքների փոքրիկ ասպետ էր դպրոցական տարիներից: Նրա հայրենի Վերին Հանդ գյուղին ամպհովանի էր բաց հանք Գանձասարը: Լեռնագործությամբ հրապուրված պատանին գիտեր, որ մետաղահանության մոդեռն լեզուն մաթեմատիկան եւ ֆիզիկան է, եւ դրանք իր ձիրքին համեմատ սովորում էր գերազանցությամբ: 

-Լեռնաձորի դպրոցում սովորելիս ուսուցչից նամակով արձակուրդներին էլ էի մաթեմատիկական առաջադրանքներ ստանում,- հուշերի գիրկն է ընկնում թեյի սեղանի շուրջը (սրտի վիրահատությունից հետո սուրճ չի օգտագործում),- իսկ դասաժամին ասում  էր՝ վիճիր գիտելիքներով եւ անկախ ելքից՝ «5» կստանաս:

Եվ Կապուտջուղի ակունքի պես ջինջ քրքիջով դիմում է ինքնակշտամբանքի.

-Տակավին չեմ հատուցել իմ ուսուցչին մեր անզուգական մտերմության համար:

 

Ռոբերտ Գրիգորյան (Էջանանցի)

«Սյունյաց աշխարհ», N 12-13 (50-51),

30 մայիսի 2002թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: