11/20/2018

Արտյուշա Ղուկասյանը 60 տարեկան է

Արտյուշա Ղուկասյանը 60 տարեկան է

Լրացավ ճանաչված մեխանիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտյուշա Ապրեսի Ղուկասյանի ծննդյան 60-ամյակը: 

Ծնվել է 1958 թվականի հուլիսի 30-ին Ստեփանակերտում: Միջնակարգ կրթություն ստացել է հայրենի Մեծ Շեն գյուղում եւ Մարտակերտում: 

1975-1980թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժնում, որն ավարտելով ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրան եւ գործուղվել Մոսկվա` ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ: ՀԽՍՀ ԳԱ ակդեմիկոս Ն.Խ. Հարությունյանի եւ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ֆ.Լ.Չերնոուսկոյի ղեկավարությամբ ապագա գիտնականը զբաղվել է մանիպուլյացիոն ռոբոտների դինամիկայի եւ ղեկավարման խնդիրների ուսումնասիրությամբ: 

1984 թվականին ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող խորհրդում «Մանիպուլյացիոն ռոբոտների դինամիկայի ուսումնասիրությունն առաձգական հատկությունների հաշվառումով» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, այնուհետեւ՝ 1996 - ին` դոկտորական ատենախոսություն` «Բացարձակ պինդ եւ առաձգական օղակներով մանիպուլյացիոն ռոբոտների շարժումների օպտիմիզացիա եւ ղեկավարում» թեմայով ու ստացել ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան` «Ա.02.01 – տեսական մեխանիկա» մասնագիտությամբ: 

1984-ից սկսվում է Ա.Ղուկասյանի գիտա-աշխատանքային կենսագրությունը` ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում, որտեղ որպես ավագ գիտաշխատող` ծավալում է ակտիվ թե՛ գիտական, թե՛ հասարակական աշխատանքներ: 1988-ին Ղուկասյանը հրավիրվում է աշխատելու Երեւանի պետական համալսարան, որտեղ Տեսական մեխանիկայի ամբիոնում զբաղեցնում է նախ`  դոցենտի, ապա` 1997-ից` պրոֆեսորի պաշտոնները:  

1994-2002 թթ. ղեկավարել է ԵՊՀ-ի տեսական մեխանիկայի ամբիոնը:  

2003թ.-ին Ա. Ղուկասյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 

Ա.Ղուկասյանը գիտահետազոտական բեղմնավոր աշխատանք է կատարել մանիպուլյացիոն ռոբոտների մաթեմատիկական մոդելների կառուցման, կոնստրուկտիվ հատկությունների ուսումնասիրման եւ էլեկտրամեխանիկական ռոբոտների գործունեության համար օպտիմալ ռեժիմների մշակման բնագավառներում: Նա ուսումնասիրել է նաեւ առաձգական հատկություններով թռչող սարքերի մաթեմատիկական մոդելներ եւ մշակել ղեկավարման ալգորիթմներ: Ստացված գիտական արդյունքների հիման վրա գիտնականը կատարել է նաեւ արդյունաբերական մանիպուլյատորների կառուցվածքային էլեմենտների փորձնական հետազոտություններ: 

Հետազոտությունների արդյունքները, որոնք ներդրվել են մանիպուլյացիոն ռոբոտների փորձնական մոդելների ուսումնասիրության ժամանակ, ունեն տեսական ու կիրառական մեծ նշանակություն: 

Ա.Ղուկասյանի գիտական գործունեության արդյունքներն արտացոլվել են շուրջ 100 գիտական եւ ուսումնամեթոդական աշխատանքներում, որոնք հրապարակվել են ՀՀ ակադեմիական, նախկին միութենական եւ միջազգային գիտական հանդեսներում, զեկուցվել տեսական ու կիրառական մեխանիկայի խնդիրներին նվիրված բազմաթիվ գիտաժողովներում ու համագումարներում: Բավականին լայն աշխարհագրությամբ Ղուկասյանը մասնակցել է միջազգային գիտաժողովների աշխատանքներին (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Տաշքենդ, Օքսֆորդ, Հելսինկի):

Ա.Ղուկասյանը 1998-ից մինչեւ 2010թ. ղեկավարել է պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմա, որի շրջանակներում կատարված կարեւոր գիտական հետազոտությունները հիմք են հանդիսացել ասպիրանտների ու հայցորդների համար: Պրոֆեսորը յոթ թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավար է եղել: 

Նրա գիտական հետազոտություններն ուշադրության են արժանացել բազմաթիվ գիտնականների ու հետազոտողների կողմից, ովքեր իրենց աշխատություններում օգտագործել են ստացված արդյունքներն ու կատարել հղումներ: 

Ղուկասյանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաեւ գիտամանկավարժական գործընթացների կազմակերպման բնագավառներում: Նրա անմիջական նախաձեռնությամբ 1995, 1997, 2002, 2006, 2010թթ. կազմակերպվել են մեխանիկական համակարգերի օպտիմալ ղեկավարման, կայունության ու ամրության ժամանակակից հարցերին, ինչպես նաեւ կրթության կազմակերպման արդի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովներ, դարձյալ նրա նախաձեռնությամբ Երեւանի պետական համալսարանում ներդրվել է «Մանիպուլյացիոն ռոբոտների մեխանիկա եւ ղեկավարում» մասնագիտացման համակարգը: 

Պրոֆեսոր Ա.Ղուկասյանը 2002-2010թթ. ղեկավարել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: 

Վարչական աշխատանքներին զուգահեռ այդ տարիներին նա զբաղվել է բարձրագույն դպրոցի կառավարման նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մանկավարժական կրթությանը ներկայացվող սոցիալ-հոգեբանական պահանջների, հայեցակարգային նոր մոտեցումների, բարձրագույն կրթության միջազգայնացման հիմնախնդիրներով, ինչպես նաեւ իրականացրել է դասախոսական ու գիտական գործունեություն: 

2004-2007թթ. նախագահել է ՀՀ մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեփոխումներ իրականացնելու, երկաստիճան ուսուցման համակարգին անցնելու, միասնական կրթական համակարգ ստեղծելու նպատակով ձեւավորված ուսումնամեթոդական կոորդինացնող խորհուրդը եւ 2007թ.-ին նախաձեռնել ՀՀ մանկավարժական կրթություն իրականացնող բուհերի եւ շահագրիգիռ կազմակերպությունների ղեկավարների կողմից «Միջազգային կոնսորցիում» հիմնադրամ ստեղծելու մասին հուշագրի ստորագրումը: 

Ա.Ղուկասյանը գիտական գործունեությանը զուգընթաց կատարել եւ կատարում է գիտակազմակերպչական մեծածավալ աշխատանք: 2003-2010թթ. ղեկավարել է ՀՀ ԲՈՀ-ի «020-Մանկավարժություն եւ հոգեբանություն» մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը (ՀՊՄՀ): 1998 թվականից՝ ՀՀ ԲՈՀ-ի «047-Մեխանիկա» մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը (ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ), 2012թ.-ից ՀՀ ԲՈՀ-ի «032 – կառավարման, ավտոմատացման եւ էլեկտրոնիկայի» (ՀԱՊՀ) մասնագիտություններով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների անդամ է: 

Նրա նախագահությամբ գործել են Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես» պարբերականների խմբագրական խորհուրդները: Անդամակցել է ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» գիտական հանդեսի, ԼՂՀ «Կրթությունը եւ գիտությունն Արցախում» հանդեսի խմբագրական խորհուրդներին: Այժմ Գորիսի պետական համալսարանում գիտական թեմայի շրջանակում լույս տեսնող «Սյունիք» հայագիտության հանդեսի խմբագրական խորհրդի նախագահն է:  

Ա.Ղուկասյանը տեսական եւ կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ է: 

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի անդամ է 2010 թվականից, ՀՀ Հանրային խորհրդի անդամ եւ հանձնաժողովի նախագահ` 2009 թվականից: Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է 2009-ից: 

2010-2013թթ. եղել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահը: 

2013թ.-ից մինչեւ 2016թ. փետրվար աշխատել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում` տնօրենի տեղակալ: 

2016թ. փետրվարի 11-ին պրոֆեսոր Ա.Ղուկասյանը նշանակվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Նույն թվականի հունիսի 9-ին ԳՊՀ խորհրդի նիստում միաձայն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր: 

Արտյուշա Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքում զգալի աշխատանքներ են կատարվել համալսարանի կառավարման համակարգի կատարելագործման, կառուցվածքային ստորաբաժանումների՝ արդիականության պահանջներից բխող փոփոխությունների, մասնագիտությունների վերալիցենզավորման, նոր մասնագիտությունների եւ մասնագիտացումների ներդրման, ուսումնական գործընթացի բարելավման, ներքին իրավական դաշտի կարգավորման, ֆինանսական կայունացման, բուհի միջազգայնացման եւ այլ ուղղություններով: Գրանցվել է համաչափ առաջընթաց բուհը ներկայացնող բոլոր բաղադրիչներում (ուսումնամեթոդական, գիտահետազոտական, ֆինանսատնտեսական, իրավական եւ այլն): 

Ստեղծվել են նոր բաժիններ, վերակազմակերպվել են ֆակուլտետները, վերալիցենզավորվել են բոլոր մասնագիտությունները: Ներդրվել են նոր մասնագիտություններ (առկա կրթաձեւում` «Անգլերեն լեզու եւ գրականություն», «Կերպարվեստ», «Իրավագիտություն», «Կառավարում (ըստ ոլորտի)», հեռակա կրթաձեւում մագիստրոսական ծրագրով` «Հատուկ մանկավարժություն», «Զբոսաշրջության կառավարում»), որոնց գծով առաջին անգամ ընդունելություն կատարվեց 2017-2018  ուստարում:

2016 թվականին Գորիսի պետական համալսարանն ունեցավ նոր լոգո (տարբերանշան), վերահիմնադրվեց պաշտոնաթերթը («Լրատու Գորիսի պետական համալսարանի»), ԳՊՀ-ն ունեցավ ժամանակակից մեդիաչափանիշներին համապատասխանող նոր վեբ-կայք` www.gorsu.am:        

Նոր ձեռքբերումներ արձանագրվեցին միջազգային համագործակցության ոլորտում: 2016-ին  ԳՊՀ-ն Erasmus+ միջազգային կրթական ծրագրի շրջանակներում մասնակցեց Erasmus+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում եւ Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման եւ գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով»), Erasmus+ Heritag (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման եւ երկրատեղեկատվության ոլորտների ուսումնակրթական ծրագիր) միջազգային ծրագրերին: 

Կրթական այդ ծրագրերի շրջանակներում ԳՊՀ-ի համակարգողներն ու աշխատակիցները հանդիպումներ են ունենում եվրոպական մի շարք երկրների համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի, գրադարանների աշխատակիցների հետ: Համալսարանում իրականացվել ու դեռեւս ընթացքի մեջ են գրադարանային գործի արդիականացմանն ուղղված դասընթացներն ու աշխատանքները: Ծրագրի արդյունքն է ԳՊՀ-ի վերանորոգված եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած ընթերցասրահը, որը ծառայում է ուսանողներին` ապահովելով նրանց ուսումնագիտական պահանջները:

Erasmus + HERITAG ծրագրի շրջանակներում կոնսորցիումի համագործակցող անդամ երկրների համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ վերջերս ԳՊՀ-ում բացվեց նաեւ Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) մասնագիտական լաբորատորիան, որը կարեւոր նշանակություն ունի նույն ծրագրի շրջանակում համալսարանում ներդրված «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի հաջող իրականացման համար:

2017-ին լրացավ ԳՊՀ-ի հիմնադրման 50-ամյա հոբելյանը, որը լուրջ ստուգատես էր՝ ներկայացնելու բուհի կեսդարյա գործունեության տարբեր փուլերի արդյունքը, ձեռքբերումներն ու հաջողությունները, կրթության եւ գիտության ոլորտներում ունեցած ավանդը եւ շարունակվող արժեքավոր ներդրումները: Ղուկասյանի նախագահությամբ նույն տարվա սկզբին մեկնարկած միջոցառումներն ամփոփվեցին 2017թ. հոկտեմբերին՝ նախ՝ երկօրյա հանրապետական ուսանողական գիտաժողովի կազմակերպմամբ (հոկտեմբերի 5-6), որին մասնակցեցին շուրջ 60 ուսանողներ ԳՊՀ եւ ՀՀ այլ բուհերից, ապա «Սյունիքը կրթության եւ մշակույթի օջախ» խորագրով երկրօրյա հանրապետական գիտաժողովի կազմակերպմամբ (հոկտեմբերի 19-20), որին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ գիտնականներ ու մասնագետներ ՀՀ եւ այլ երկրների գիտական ու գիտակրթական հաստատություններից: 

Ա.Ղուկասյանի նախաձեռնությամբ համալսարանն ունեցավ օրհներգ, որի խոսքերի հեղինակը սյունեցի տաղանդաշատ բանաստեղծ Տիգրան Գրիգորյանն է, երաժշտության հեղինակը՝ ՀՀ վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ պրոֆեսոր Արկադի Շեկունցը: 

2017թ.-ից համալսարանում մեկնարկեց պետական ենթակառուցվածքային հավատարմագրման գործընթացը՝ համաձայան ՀՀ կառավարության 2011թ.-ի N 978-Ն որոշմամբ ընդունված «ՀՀ-ում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգի»: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 12-ի N 26 որոշմամբ  Գորիսի պետական համալսարանին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի ժամկետով: 

Այժմ Ա.Ղուկասյանի ղեկավարությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում փորձագիտական հանձնաժողովի կողմից արձանագրված առկա թերությունների վերացման, հավատարմագրման հետագա գործընթացներում ԳՊՀ-ի առաջնահերթ անելիքների ուղղությամբ: Մշակման փուլում է համալսարանի 2018-2022 թթ. ռազմավարական ծրագիրը՝ դիմագրավելու ներկա ժամանակաշրջանում բուհի համար ոչ շահեկան մի շարք գործոնների ազդեցությանը, որոնց թվում են՝ ուսանողների թվաքանակի ու ֆինանսական ռեսուրսների նվազումը, աշխատակազմի թույլ մոտիվացիան՝ պայմանավորված սոցիալական իրադրությամբ, երիտասարդ մասնագետների գիտական գործունեության ոչ գրավիչ դիրքը եւ այլն:

Ա.Ղուկասյանի ղեկավարությամբ ստեղծվել է ռազմավարության հարցերով զբաղվող հանձնաժողով՝ ռազմավարության ամբողջ առաջընթացը մշտադիտարկելու, խոչընդոտների մասին տեղեկացնելու, դրանց հաղթահարման ուղիները բացահայտելու, խնդիրների վերանայման առաջարկություններ կատարելու համար:

Արդիականության պահանջներից բխող որակի ապահովումը շարունակական գործընթաց է եւ հանդիսանում է բուհի հիմնական գործառույթը:  

Կրթության եւ գիտության բնագավառում ունեցած վաստակի, գիտական կադրերի պատրաստման եւ երիտասարդության կրթության ու դաստիարակության ասպարեզներում ներդրած ավանդի համար պրոֆեսոր Ա.Ա.Ղուկասյանն արժանացել է գնահատանքի՝

  • ՀՀ ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալ» (2003),
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2003),
  • «Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ» (2005), 
  • Սոկրատեսի անվան միջազգային պարգեւ (Իսպանիա)` ժամանակակից հասարակության ինտելեկտուալ զարգացման գործում անձնական ներդրման համար (2006), 
  • Վիկտորյա թագուհու անվան միջազգային պարգեւ (Մեծ Բրիտանիա)` պատվի, արժանապատվության եւ բարեխղճության համար (2006), 
  • «Անանիա Շիրակացու անվան մեդալ» (2007), գՀՀ վարչապետի հուշամեդալ (2012),
  • «Երախտագիտության մեդալ» (2013, ԼՂՀ), 
  • ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2009), 
  • ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2007),
  • ԵՊՀ-ի հուշամեդալ (2007), 
  • Խ. Աբովյանի անվան հուշամեդալ (2008), 
  • Մանկավարժական համալսարանի հուշամեդալ (2012) եւ այլն:

Ա.Ղուկասյանն այսօր էլ երիտասարդական ավյունով ու ջանասիրաբար շարունակում է իր գիտական բեղմնավոր գործունեությունը եւ լուրջ ներդրում անում ՀՀ կրթության եւ գիտության զարգացման գործում: 

Ջերմորեն շնորհավորում ենք Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, մեծահարգ գիտնական Արտյուշա Ղուկասյանին` վաստակած հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ, անհոգ ու երջանիկ տարիներ: 

Թեհմինա Մարության 

Բանասիրական գիտությունների թեկնածու,

ԳՊՀ գիտական քարտուղար

 

Հ.Գ

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը միանում է շնորհավորանքին եւ հարգելի Արտյուշա Ղուկասյանին ցանկանում նորանոր հաջողություններ աշխատանքում, գիտական գործունեության մեջ եւ անձնական կյանքում:




ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: