09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Տեղ գյուղում մարզպետը բանակցում է ցուցարարների հետ՝ փորձելով ելք գտնել ստեղծված իրավիճակից

Տեղ գյուղում մարզպետը բանակցում է ցուցարարների հետ՝ փորձելով ելք գտնել ստեղծված իրավիճակից

Ինչպես արդեն հաղորդել ենք, Տեղ գյուղի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 9-ին, փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին եւ պահանջում են համայնքի ղեկավար Արթուր Շադունցի հրաժարականը:

Տեղ գյուղ է ժամանել «Սյունյաց երկրի» լրագրող Ալվարդ Մեսրոպյանը, ով քիչ առաջ հեռախոսով հաղորդեց Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղում ստեղծված իրավիճակի մասին:

***

Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին ժամը 12-ից շրջափակված է Տեղ գյուղի բնակիչների կողմից: 

Հայաստանից Արցախ մեկնող եւ Արցախից մեր հանրապետություն ժամանող հարյուրավոր մեքենաներ են ճանապարհին կանգնած:

Հավաքվածները՝ մոտ հարյուր հոգի, պահանջում են խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Շադունցի հրաժարականը:  Համայնքի բնակիչները դժգոհ են նրա գործունեությունից: Ըստ Տեղ գյուղի բնակիչների՝ համայնքում կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնց լուծմամբ չի զբաղվում համայնքի ղեկավարը: 

Քիչ առաջ Տեղ գյուղ է ժամանել Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը. նա բանակցում է ցուցարարների հետ՝ կոչ անելով բացել ճանապարհը, թույլ տալ վերականգնելու երթեւեկությունը: 

Կարեն Համբարձումյանը նաեւ հավաստիացնում է, որ վաղը, համայնքի ղեկավարի ու ցուցարարների մասնակցությամբ, կքննարկվեն բարձրացված հարցերը եւ հնարավորության սահմաններում կփորձեն լուծում տալ դրանց:

-Համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների կողմից ընտրված պաշտոնյա է, եւ հենց այնպես հնարավոր չէ պաշտոնանկ անել նրան. դա ենթադրում է որոշակի գործընթաց, ասել է թե՝ հենց հիմա չենք կարող քննարկել նրա պաշտոնանկության հարցը,- հայտարարել է Կարեն Համբարձումյանը:

Ըստ մարզպետի՝ ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում համայնքապետարանում պլանային ստուգումներ են նախատեսված, ինչը հնարավորություն կտա առավել հիմնավոր պատկերացում կազմել համայնքապետարանի ֆինանսատնտեսական գործունեության մասին եւ դրանից բխող եզրակացություններ անել: 

Ժամը 17.30-ի դրությամբ բնակիչները եւ Սյունիքի մարզպետն ընդհանուր հայտարարի դեռեւս չէին եկել:

Իսկ համայնքի ղեկավար Արթուր Շադունցը, որքան էլ տարօրինակ է, ցուցարարների հետ չէ:

 

Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: