08.20.2018
USD-483.14   EUR-549.86   RUB-7.16  

Փաստերի վերլուծության հետքերով

Փաստերի վերլուծության հետքերով

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, արձագանքելով մամուլում տեղ գտած անանուն հրապարակումներին եւ կեղծ ֆեյսբուքյան էջերի միջոցով տարածված լուրերին, իր՝ Գորիսի նախկին գործկոմի շենք մտնել-դուրս գալու վերաբերյալ, հայտարարել է հետեւյալը՝ «Տեղեկացնում եմ, որ այցի նպատակը միայն մեկն էր՝ վերականգնել գորիսեցիների ու Սյունիքի մարզպետարանի միջեւ խախտված կապը, եւ այսուհետ Գորիսում ունենալու եմ նստավայր ու առավել հասանելի եմ լինելու տեղացիների համար: Այդ գրասենյակում կունենամ նաեւ մշտական ներկայացուցիչ, եւ նա կընդունի բնակիչներին, նրանց դիմումները, բողոքները, առաջարկությունները, կապահովի հնարավորինս սերտ կապը մարզպետարանի հետ: Գորիս այցելելիս՝ այդ գրասենյակում ինքս կկատարեմ քաղաքացիների ընդունելություն: Իսկ առհասարակ, հեղինակություններ եւ նմանատիպ այլ տերմիններ իմ աշխատանքում չկան. բոլոր անձինք հավասար են ինձ համար, իսկ ես պատասխանատու եմ միայն իմ մարզի քաղաքացիների ու օրենքի առաջ»:

Մարզպետի գրառմանն ի պատասխան՝ «Հրապարակ» օրաթերթում լույս է տեսնում «Գորիսի քաղաքապետը պատասխանում է Սյունիքի մարզպետին․ նոր սկանդալի հետքերով» հոդվածը, որտեղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը պարզաբանում է ստեղծված իրավիճակը։         

Պարզվում է, որ Սուրիկ Խաչատրյանի նախկին գրասենյակը Գորիս համայնքի ենթակայության տարածք է եւ նախկին մարզպետին տրամադրված էր անհատույց՝ 2013թ․-ին՝ հինգ տարի ժամկետով։                

2018թ․ օգոստոսի 9-ին լրացել է պայմանագրի ժամկետը եւ բանալիները հանձնվելու են Գորիսի համայնքապետարանին։             

Ուշագրավ է փաստը, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է եղել 2004-2013թթ․եւ 2014թ. սեպտեմբերի 25-ից մինչեւ 2016թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։             

Ստացվում է, որ 2016թ․ հոկտեմբերից մինչեւ 2018թ․ օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում, երբ Ս․ Խաչատրյանն այլեւս մարզպետ չի եղել, տարածքը փաստացի շարունակել է անհատույց տրամադրված մնալ վերջինիս՝ ըստ պայմանագրի։           

Զարմանալի է, որ Գորիսի համայնքապետարանը որեւէ քայլ չի ձեռնարկել Ս․ Խաչատրյանի հետ պայմանագիրը խզելու եւ Վահե Հակոբյանի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ, ով Սյունիքի մարզպետ է եղել 2016թ. հոկտեմբերի 6-ից մինչեւ 2018թ․ հունիսն ընկած ժամանակահատվածում։           

Այդ դեպքում տրամաբանական է, որ Ս․ Խաչատրյանին հաջորդած մարզպետ Վահե Հակոբյանը Գորիսում փաստացի նստավայր չի ունեցել եւ Գորիսում քաղաքացիների ընդունելություն չի կատարել։ 

Այսինքն՝ Վահե Հակոբյանի մարզպետության օրոք Գորիսի եւ Սյունիքի մարզպետարանի միջեւ կապն ընդհատված է եղել, ու հետեւաբար հասկանալի է, որ ներկայիս մարզպետ Կարեն Համբարձումյանն ինքը պետք է նախաձեռներ Գորիսում նստավայր ունենալու եւ քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու քայլը։         

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում մարզպետի այն հայտարարությանը, թե նա փորձելու է վերականգնել գորիսեցիների ու Սյունիքի մարզպետարանի միջեւ խախտված կապը, համայնքապետ Առուշ Առուշանյանը պատասխանում է՝ «Դա ընդամենը երեւակայության արդյունք է, քանի որ գորիսեցիների կապը մարզպետարանի հետ չէր կարող եւ երբեւէ խախտված չի եղել»։           

Նախ՝ վերոնշյալ փաստերը վկայում են, որ այո, 2016-2018թթ. ընթացքում Գորիսի քաղաքացիների եւ մարզպետարանի միջեւ կապը խզված է եղել, քանի որ պայմանագիրը դեռեւս փաստացի շարունակել է կնքված մնալ Ս․ Խաչատրյանի հետ, իսկ գործող մարզպետ Վահեն Գորիսում նստավայր չի ունեցել:         

Եվ հետո՝ արդյո՞ք սա քաղաքապետի դիրքին հարիր պատասխան է...

Այսպե՞ս է «օրինականանության ջատագով» համայնքային իշխանությունը երկխոսում մարզային իշխանության հետ։

 

Նարե Հովհաննիսյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: