10/21/2018

Ոստիկանության միջամտությունն արդարադատությանը

Ոստիկանության միջամտությունն արդարադատությանը

(ՀՀ ոստիկանապետ  Վալերի Օսիպյանին, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին) 

2018թ.  օգոստոսի  4-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը   www.aravot.am –ին ներկայացնում է հետեւյալ անվանմամբ տեղեկատվություն. «Պարզաբանում Սուրիկ Խաչատրյանի որդիների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ»:  

Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նշված պարզաբանումը միջամտություն է արդարադատությանը:

ՀՀ դատական օրենսգրքում արձանագրված է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ նախաքննության  եւ դատական գործընթացը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գնահատակաները չպետք է լինեն միանշանակ եւ այնպիսի շեշտադրմամբ, որ Ս.Խաչատրյանի որդիները կատարել են տվյալ հանցագործությունը. դա անմեղության կանխավարկածի խախտում է: Բացի այդ, նրանց տեղեկատվությունում կան վիճելի ու սխալ փաստարկներ. օրինակ, իրականում հիվանդ լինելու կամ չլինելու մասին ( ինչ է՝ իրենք բժիշկ-հոգեբույժ մասնագետնե՞ր են) : Կամ 18 տարեկան տղան ի՞նչ փատաթղթեր կարող էր կեղծել.«Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»:       

2017 թվականին,  օրենքով սահմանված կարգով, Տիգրան Խաչատրյանն ազատվել է զինվորական ծառայությունից, քանի որ ուներ երկու երեխա՝  Սուրիկ Տիգրանի Խաչատրյան՝ ծնված 27 հոկտեմբերի 2016թ. եւ Կատրանիդե Տիգրանի Խաչատրյան՝ ծնված 6 դեկտեմբերի 2017թ.: ՀՀ ոստիկանության նշված գնահատականները լսելի են նաեւ քննիչի, դատավորի եւ լայն հասարակայնության համար: Այդ տեղեկատվությունը հերթական փորձն է՝ Ս.Խաչատրյանի որդիների հանդեպ քաղաքական հետապնդումն արդարացնելու՝ սխալը ճշտի տեղ անցկացնելու համար: Չմոռանանք  նաեւ վաղեմության մասին:

ՀՀ ոստիկանությունը նախաքննություն իրականացնելու իրավունք չունի: Դրա համար կան քննչական մարմիններ, որոնք ՀՀ ոստիկանության համակարգից դուրս են: Ժամանակին ՀՀ օրենսդիր մարմինը, խուսափելով մեկ՝  «սուպեր» լիազորություններով մարմին ունենալու վտանգից, ոստիկանության համակարգից հանել է քննչական գլխավոր վարչությունը, որպեսզի միեւնույն պետական մարմինն իրավունք չունենա  եւ  հանցագործին բռնելու, բացահայտելու, նյութեր հավաքելու, եւ հետապնդում, նախաքննություն իրականացնելու լիազորություններ: Ձեռք բերված նյութերի հիման վրա ՀՀ զինվորական դատախազության կողմից 18.07.2018թ. հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը:            

ՀՀ ոստիկանությունն ընդամենը նյութեր է հավաքել (եւ դեռ հայտնի չէ՝ որքան հիմնավոր ու օրինական) եւ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն  ու դրանով ավարտել  իր աշխատանքները: ՀՀ ոստիկանությունը չգիտի եւ չի կարող իմանալ, թե քրեական գործ հարուցելուց հետո քննիչն ինչ քննչական գործողություններ է կատարում, ինչն է հիմնավոր, ինչը՝ ոչ, սակայն խախտելով գործող օրենքը եւ առաջ անցնելով նախաքննության մարմնից, նշում է, որ «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»: Եթե իրականում ամեն ինչ շատ պարզ լիներ, ապա նախաքննական մարմինը դատահոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն չէր նշանակի: Սա ինչ աշխատանքի ձեւ է, դրանով ոստիկանությունն իր լիազորությունները սահմանազանցում է: Այստեղ իրենց խոսքը պետք է ասեն եւ ՀՀ քննչական կոմիտեն, Զինվորական քննչական գլխավոր վարչությունը, ՀՀ ոստիկանությունը, եւ իհարկե, Մարդու իրավունքների պաշտպանը: Նախաքննության գաղտնիությունը, եւ  անմեղության կանխավարկածը պետք է պահպանվեն բոլորիկողմից:

Մենք հասկանում ենք, որ շատ փաստեր, հանգամանքներ՝ կապված Ս.Խաչատրյանի հետ,  օրենքով սահմանված կարգով պետք է ստուգվեն: Սակայն այդ ընտանիքի վրա «կրակե անձրեւ» է թափվում՝ հանրապետությունում գործող համարյա բոլոր պատկան, իրավապահ մարմինները՝ սկսած դատարանից, դատախազությունից, հարկային մարմիններից, ոստիկանությունից, հսկողություն իրականացնող մարմիններից մինչեւ Սյունիքի մարզպետարան, մարզի քաղաքապետարաններ, նյութեր են հավաքում, բացատրություն եւ ցուցմունքներ վերցնում, տվյալներ պահանջում, հսկում, ստուգում, քննում, զննում, տեսագրում, ձայնագրում…   

Հիշեցնենք, որ վերջին 10 տարիներին Սուրիկ Խաչատրյանը եղել է Հայաստանի ամենահայտնի, ամենաթափանցիկ պաշտոնատար անձը՝ նրա մասին մամուլում, համացանցում ամեն ինչ հայտնվել է, ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ քննարկվել: 

Տեղեկացնենք, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է դեռեւս 2016թ., եւ առողջության վատթարացման պատճառով վիրահատություններ , բուժումներ եւ այլ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի ու արտերկրի տարբեր բժշկական կենտրոններում:  Ո՞վ էր  խանգարում, որ մարզպետի պաշտոնից նրա ազատվելուց հետո Սյունիքի մարզում, Գորիս քաղաքում վերափոխումներ կատարվեն (եթե ցանկանում ու կարողանում են), այլ ոչ թե շահարկեն նրա անունը: Տեսեք՝ ինչ է կատարվում, ինչ խայտառակ, անառողջ, պայթունավտանգ վիճակ է Գորիսի պետական համալսարանում, որի խորհրդի նախագահը ժամանակին եղել է Սուրիկ Խաչատրյանը: Թող կարգավորեն՝ ո՞վ է խանգարում նրանց:  Սակայն, համալսարանում նույնպես, անհարկի շահարկվում է նրա անունը:  Շատ հեշտ ձեւ են գտել ՝ սեփական անկարողությունը, անհաջողությունը թաքցնելու նպատակով փորձում են մեղավորներ փնտրել այլ տեղ՝ իրենցից դուրս: 

Նոր Հայաստանում արդարադատությունը որեւէ պարագայում չպետք է լինի կողմնակալ։ Այս մոտեցումը մեր հայտարարության տրամաբանության համատեքստում է։ Այս քրեական գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ եւ համակողմանի քննությամբ՝ այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ եւ ոչ թե միայն մի կողմի։ Այս առումով ՀՀ ոստիկանության եւ մի շարք պաշտոնատար ու այլ անձանց, լրատվության միջոցներով, կամ այլ ձեւով արտահայտված մեղադրանքները, ընտրված միջոցները թողնում են ընտրովի արդարադատության եւ կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա խիստ մտահոգիչ է։ Խնդիրը միայն Տրդատ Խաչատրյանի եւ մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվեն, բայց նոր Հայաստանում արդարադատությունը որեւէ պարագայում չպետք է լինի կողմնակալ։  

 

Արմեն Մարտիրոսյանթիվ

90 1005 18 քրեական գործով մեղադրյալ Տրդատ Խաչատրյանի պաշտպան 

05.08.2018թ.



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: