08.20.2018
USD-483.14   EUR-549.86   RUB-7.16  

Խանածախը խեղդվում է խնդիրների ծովում

  Խանածախը խեղդվում է խնդիրների ծովում

Տեղ-Ստեփանակերտ ավտոճանապարհը փակողների մեջ էին նաեւ Տեղ համայնքի Խանածախ բնակավայրի ներկայացուցիչները: Ճանապարհի բացումից հետո նրանք Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին խնդրեցին այցելել Խանածախ՝ տեղում  խնդիրներին ծանոթանալու համար: Մարզպետը համաձայնեց: 

Խանածախցիները մարզպետին խորհուրդ տվեցին ՝ Խանածախ գնալու  համար չօգտվել իր ծառայողական մեքենայից՝ հաշվի առնելով  ճանապարհի անբարեկարգ վիճակը: Մարզպետը նստեց նրանցից մեկի «Նիվա» մակնիշի մեքենան՝ առաջացնելով ներկաների զարմանքը:  Մարզպետը «Նիվա» մեքենայո՞վ…  Ու դեռ ավելին. մարզպետը նստեց մեքենայի ղեկին՝ ասելով՝ դուք ճանապարհը ցույց տվեք, ես այսպես ավելի լավ կիմանամ ճանապարհի վիճակը: 

Իսկ Խանածախում տարիներով կուտակված կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներ կան, եւ դրանց լուծումից է կախված բնակավայրի հետագա ճակատագիրը: 

Մարզպետի այցի մասին խանածախցիներն արդեն իրազեկ էին: Մեծ ու փոքր, կին ու տղամարդ հավաքվել էին  բնակավայրի ակումբի բակում՝ հնարավորություն ունենալով բարձրաձայնելու իրենց հիմնախնդիրները  եւ «առաջին ձեռքից» իմանալու դրանց պատասխանը: 

Խանածախցիների համար խնդիրների խնդիրը մնում է  խմելու ջուրը: Այդ խնդիրը երկար տարիներ չարչրկվածներից է, որի վերջնական լուծումը դեռեւս տեսանելի չէ, եւ այդ հարցում կոսմետիկ լուծումները երբեք չեն կարող տանել վերջնական հանգրվան: 

Խանածախցիների համար ջրի հարցը սրվում է հատկապես ամռանը, որովհետեւ այլ գործոնների հետ մեկտեղ առաջ է գալիս նաեւ մարդկային գործոնը. որոշ խանածախցիներ իրենց տնաներձերը ոռոգում են խմելու ջրով:

-Բացի դրանից,- ասում է մի խանածախցի,- կան մարդիկ, որոնց ջրի խողովակաշարի տարողունակությունը մեծ է, այդ նույն հաստության  մեկ այլ խողովակաշարից օգտվում են տասնյակ տնատիրություններ, եւ, բնականաբար, ջրի սով է առաջանում: Մյուսն էլ թե՝ ամեն տարի էշ եմ գնում ջուր կրելու համար, մի էշը հազիվ մի տարի է դիմանում: Երրորդն էլ թե՝ այնքան ջուր եմ կրել ձեռքով, որ  ձեռքերս երկարել-հասել են գետնին: 

Ինչպե՞ս հիմնովին լուծել ջրի հարցը: Խանածախցիները շատ տարբերակներ են առաջարկում՝ ընդհուպ մինչեւ հարեւան Վաղատուր, Խոզնավար բնակավայրերի աղբյուրներից խողովակներով Խանածախ ջուր հասցնելը: 

Որոշվեց՝ կազմել մասնագետների խումբ, որը տեղում կուսումնասիրի իրավիճակը, իսկ դա հնարավորություն կտա ճիշտ առաջարկություն մշակել՝ բնակավայրը ջուր հասցնելու եւ ընդմիշտ խնդրահարույց հարցը լուծելու համար:

Գյուղում հարցերի հարց է մնում նաեւ տների գազիֆիկացումը: Գազը հասել է բնակավայր, սակայն 200 տնատիրությունից օգտվում է միայն 15-ը: Տների գազիֆիկացումն այդտեղ թանկ հաճույք է ՝ ասում են խանածախցիները: Դրա համար անհրաժեշտ է 400 հազարից մինչեւ 500 հազար դրամ: Գումար, որ ոչ բոլորն ունեն: Նրանք մարզպետին խնդրեցին հնարավորություն գտնել գազիֆիկացման  համար անհրաժեշտ գումարները նվազեցնելու համար:  Գազիֆիկացմանը խոչընդոտում է նաեւ մի այլ հարց. շատ-շատերը չունեն իրենց տների սեփականության իրավունքի վկայականը, որի ձեռք  բերելը,  ըստ նրանց, մեծ գումարների հետ է կապված: 

Մարզպետը խոստացավ իր լիազորությունների, հնարավորությունների սահմաններում լուծել խանածախցիներին հուզող ճանապարհի, խմելու ջրի, գազիֆիկացման, սեփականության իրավունքի վկայականների  ձեռք բերման   հարցերը՝ ամենասեղմ ժամկետներում: 

 

Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: