11/21/2018

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք էին իրականացրել  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էր 45 պատգամավոր,սակայն Գլխավոր դատախազությունը մերժել էր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների ստորագրություններով երաշխավորագիրը:

Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքը քննեց երկու օր, որից հետո հայտարարվեց, որ դատարանի վճիռը կհրապարակվի օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: