09.20.2018
USD-482.44   EUR-564.6   RUB-7.28  

Հոբելյանական ցուցահանդես

Հոբելյանական ցուցահանդես

Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում օգոստոսի 17-ին բացվեց գեղանկարիչ Սարգիս Մանգասարյանի (1918-1991) ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որ նվիրված էր արվեստագետի 100-ամյա հոբելյանին: Ցուցադրանքում գեղանկարչի երեք տասնյակից ավելի բնանկարներ եւ դիմանկարներ էին: Բացելով ցուցահանդեսը՝ մասնաճյուղի տնօրեն Բորիկ Մինասյանը նշեց, որ Սարգիս Մանգասարյանի ստեղծագործական ակունքները տանում են անցյալ դարի 30-ական թվականները, առաջիններից մեկն է եղել, ում ղափանցիները ճանաչել են որպես գեղանկարիչ: 

Ուսումնառությունը սկսել է Բաքվում, որտեղ դպրոցին զուգահեռ հաճախում էր նկարչական խմբակ, որ ղեկավարում էր Պերճ Պռոշյանի եղբայրը: Այնուհետեւ ընդունվել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, երկու տարի ուսումնառությունից հետո կրթությունը շարունակելու նպատակով մեկնում է Կրասնոդար՝ աշակերտելով հայտնի գրաֆիկ Վռամշապուհ Շաքարյանին: 1938-ին Կրասնոդարից մեկնում է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության, որի երրորդ տարին համընկնում է Մեծ հայրենականի սկզբի հետ եւ նրան ուղարկում են ճակատային գիծ՝ որպես շարքային: Զինվորի դառը ճակատագիր էր բաժին ընկել նրան: 1941-ի սեպտեմբերի 5-ին Կիեւի մատույցներում գերի է ընկնում եւ մինչեւ 1945 թվականը մնում գերության մեջ: Պատերազմի ավարտին ազատվում է եւ վերադառնում հայրենիք, ընդունվում Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի նորաբաց գեղանկարի բաժին, որն ավարտվում է 1952-ին: Դառնալով պրոֆեսիոնալ գեղանկարիչ՝ Ս. Մանգասարյանը մասնակցում է միութենական եւ հանրապետական ցուցահանդեսների: Իր բեղուն գործունեության շնորհիվ նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում:

Ցուցահանդեսին մասնակցում էին արվեստասեր կապանցիներ, գեղանկարչի հարազատներն ու համագյուղացիները: Գեղանկարչի ավագ որդին՝ Տիգրան Մանգասարյանը ներկաներին հայտնեց, որ ցուցահանդեսի համար ընտրել են այնպիսի աշխատանքներ, որոնք ուղղակիորեն առնչվում են Կապանին եւ գեղանկարչի ծննդավայր Վաչագան գյուղին. «Թեեւ բազմազբաղ լինելուն եւ հագեցած ու լարված առօրյային, հայրիկը չէր մոռանում Վաչագան գյուղը, հայրական տունը, իր համագյուղացիներին: Մանավանդ կյանքի վերջին տարիներին առիթը բաց չէր թողնում գալ Վաչագան, անընդհատ նկարում էր, այնպես չէր, որ գալիս էր հանգստանալու կամ զբոսնելու, ինչի շնորհիվ ստեղծվեցին այս գործերը: Կարծում եմ՝ ապագայում առիթ կլինի, որ հայրիկը կապանցիներին ներկայանա ավելի մեծ ցուցահանդեսով»: Տիգրանի կինը՝ նկարչուհի Աննա Համբարյանն ասաց, որ շատ է ափսոսում, որ կյանքում չի հանդիպել նկարիչ Սարգիս Մանգասարյանին, բայց նրա մասին շատ է լսել, իսկ նրա ստեղծած նկարները պատմում են Սարգիս Մանգասարյան անհատի եւ նկարչի մասին: 

Ի դեպ, Սարգիս Մանգասարյանը տարիներ շարունակ նկարել է Վաչագանի նահապետների, տարեց մարդկանց դիմանկարները եւ հարազատ գյուղի բնանկարները, որի մի մասը նվիրել է հայրենի գյուղին, դրանք մշտական գրանցում են ստացել Վաչագանի հանդիսությունների սրահում: 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: