11/21/2018

Կապանի ավագանին առկախել է նախորդ իշխանությունների օրոք ԶՊՄԿ-ի օգտին կայացված որոշման իրականացումը

Կապանի ավագանին առկախել է նախորդ իշխանությունների օրոք ԶՊՄԿ-ի օգտին կայացված որոշման իրականացումը

Երեկ Կապանի ավագանու արտահերթ նիստում հետաձգվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին առնչվող չորս հարցի քննարկումը: Կապանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարգարիտա Մանուկյանը մեզ փոխանցեց, որ ավագանու անդամներից Ժան Մովսիսյանն առաջարկել է քվեարկել ոչ թե այդ չորս օրակարգային հարցերի ընդունման, այլ հետաձգման համար, որպեսզի հնարավորություն ունենան առավել լավ ծանոթանալ դրանց: Արդյունքում ներկա 10 անդամներից 5-ը կողմ է քվերակել, 4-ը՝ դեմ, մեկ հոգի՝ ձեռնպահ:

Հետաձգված հարցերը վերաբերում են ԶՊՄԿ-ի արդյունաբերական գործունեությանը:

Հիշեցնենք, որ 2011 թ. ապրիլի 28-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք գյուղական համայնքների 608 հա հողերի (համայնքներին եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող) նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ, վերցնել դրանք սեփականատերերից, փոխել նպատակային նշանակությունը (կատեգորիան), դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, ու վարձակալությամբ հանձնել ԶՊՄԿ-ին՝ հանքավայրի շահագործման նպատակով: Այս որոշումը մեծ բողոքի ալիք բարձրացրեց նշված համայնքներում, մասնավորապես՝ Քաջարան գյուղում, որտեղ «գերակա հանրային շահի» տակ էր հայտնվել նույնիսկ գյուղի գերեզմանոցը:  

2011-ի որոշումը հետագայում չի փոփոխվել կամ ուժը կորցրած ճանաչվել, սակայն, կարելի է ասել, նաեւ համայնքների բնակչության հակազդեցության պատճառով կյանքի չի կոչվել, փոխարենը 2015 թ. մայիսի 21-ին Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նմանատիպ մեկ այլ որոշում է կայացրել: Ընդ որում՝ այն տեղ-տեղ պարզապես արտագրված է 2011-ի որոշումից:

Գործադիրը 2015-ին որոշել է նույն գերակա հանրային շահի անվան տակ վերցնել Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք գյուղերի 492 հա հողերը (պետական, համայնքային եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող): Ինչպես նկատելի է՝ այս անգամ կառավարությունը «ձեռք չի տվել» Քաջարան գյուղին, որը 2011-ին ամենահամառ դիմադրությունը ցույց տվեց:

Եթե 2011-ին իբրեւ որոշման հիմքում դրված էին Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն ու բացահանքի ընդլայնման հեռանկարները, ապա 2015-ին կառավարությունը, այս տողերը կրկնելուց զատ, նշել է նաեւ պոչամբարի մասին: Խոսքը Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարի մասին է, որի հարեւանությամբ են գտնվում բոլոր հինգ գյուղերը: 2011-ի որոշմամբ այս համայնքների (բացի Քաջարանից) հողերը նույնպես նախատեսված էին պոչամբարի ընդլայնման համար, սակայն դրա անունը որոշման մեջ չկար:

«Ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, այն չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ հանքավայրի շահագործման հետ կապված արտադրական կեղտաջրերի պոչամբարի ընդլայնման տարածքների ընտրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով սահմանված տեխնիկական նորմերը, մակերեւույթի (ռելիեֆ) առանձնահատկությունները, այլընտրանքային տարբերակի բացակայությունը եւ ազդակիր համայնքների կարծիքները»,- կարդում ենք Հ. Աբարահամյանի կառավարության որոշման մեջ:

Սահմանվել է նաեւ, որ գերակա հանրային շահի տակ հայտնված հողամասերի ձեռքբերողները հենց նշված գյուղական համայնքներն են՝ ԶՊՄԿ-ի միջոցների հաշվին: Կառավարությունը հինգ համայնքի ղեկավարներին առաջարկել է 492 հա հողերը ձեռք բերելուց հետո փոխել դրանց նպատակային նշանակությունը՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր: Իսկ ավելի կոնկրետ՝ գործառնական նշանակությամբ դրանք դառնալու են արդյունաբերական օբյեկտների հողեր: Այսքանից հետո, ըստ որոշման, համայնքների ղեկավարներին թույլատրվում է հողերն առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել ԶՊՄԿ-ին:  

Քանի որ 2017-ին Կապանի տարածաշրջանի գյուղերը խոշորացվել ու միացվել են քաղաքին՝ դառնալով մեկ՝ Կապան համայնք, հիմա հենց վերջինիս համայնքապետարանն է կառավարության 2015 թ. որոշման կատարման պատասխանատուն: Բայց ստացվում է, որ ավագանին չի շտապում ընդառաջել նախորդ իշխանությունների ընդունած որոշման մեջ արված առաջարկին՝ փոխել հողերի կատեգորիան:

Ավագանու երեկվա արտահերթ նիստի օրակարգում դրվել էր վերոնշյալ 5 գյուղերից 3-ի՝  Արծվանիկի, Սեւաքարի եւ Չափնիի հողամասերի կատեգորիան փոխելու նպատակով այդ գյուղերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու հարցը: Սա ավագանու անդամների քվեարկության արդյունքում հետաձգված 4 հարցերից մեկն էր, մյուս 3-ը վերաբերում էին Արծվանիկի Նոր ջուր թաղամասում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների 51 հա հողերին (բաժանված 3 հասցեի մեջ), որոնք առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրվելու էին ԶՊՄԿ-ին:

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: