09.26.2018
USD-481.66   EUR-566.58   RUB-7.32  

Երբ գալիս է սեպտեմբերը

Երբ գալիս է սեպտեմբերը

Սյունիքի մարզպետարանի դահլիճում օգոստոսի 25-ին տեղի ունեցավ ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ աշխատանքային երկօրյա այցով Սյունիքում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մոտալուտ ուստարվա առթիվ ներկաներին շնորհավորեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը՝ կրթության ոլորտի մարդկանց մաղթելով հաջողություններ՝ մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում եւ ներկաներին հորդորեց անկեղծ ու անկաշկանդ զրույց ունենալ, հնչեցնել իրենց հուզող հարցերը:

Այս անգամ փոխվել էր միջոցառման ձեւաչափը. նախկինում մարզի կրթության վարչության պետը թվերով ու փաստերով ներկայացնում էր անցած ուստարին, նոր ուստարվանը միտված նախապատրաստական աշխատանքները, որից հետո ելույթ էր ունենում յուրաքանչյուր տարածաշրջանից մի ներկայացուցիչ: Խորհրդակցության ավարտին մայրաքաղաքից ժամանած նախարարության պաշտոնյան ամփոփում էր արդյունքները: Այս անգամ նախ իր տեսակետները շարադրեց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Ցանկանում եմ ներկայացնել նախարարության առաջիկա անելիքները, ասաց նա, որից հետո կցանկանայի լսել ձեր առաջարկությունները, դիտողությունները, նաեւ քննադատությունն անցած չորս ամսվա կտրվածքով եւ անկաշկանդ քննարկում անել, քանզի կրթության ոլորտը պիտի լինի ապաքաղաքական: Որեւէ կանխակալ ուժ այլեւս չի ազդում եւ չի ազդելու դպրոցի գործընթացների վրա: Ուզում եմ ասել, որ Սուրեն Խաչատրյանը եւ Վահե Հակոբյանն այլեւս ունեն զրո ազդեցություն մարզի դպրոցների վրա: Որտեղ այդ ազդեցությունը զրոյից մի քիչ ավելի կլինի, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք: Սիրելի տնօրեններ, ուսուցիչներ, մենք միասին ոլորտը կարգի պիտի բերենք, որովհետեւ այն թափթփվածությունը, որ եղել է տարիներ շարունակ զգալիորեն նվազեցրել է դպրոցի վարկը, ուսուցչի վարկանիշը: Կարծում եմ՝ կարճ ժամանակում, արդյունավետ գործունեության շնորհիվ այդ վարկանիշը կբարձրացնենք»:

Այնուհետեւ նախարարը խոսեց մի նախաձեռնության մասին, որ միանշանակ չընդունվեց հանրության կողմից, մամուլում եղան տարբեր կարծիքներ: Խոսքը դպրոցականների ավարտական քննությունների միասնական-կենտրոնացված ընթացակարգով անցկացնելու նախագծի մասին է. «Գիտեմ, որ դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ կան, որ լուրջ մտավախություններ ունեն այս կապակցությամբ: Որտեղի՞ց առաջացավ այդ գաղափարը, եւ ինչո՞ւ եմ այն հրատապ համարում: Իմ նշանակումից հետո մասնակցել եմ ավարտական քննություններին եւ եկել այն եզրակացության, որ չունենք աշակերտների ունեցած գիտելիքների հստակ պատկերը, ինչն անհրաժեշտ է լուրջ բարեփոխումներ անցկացնելու համար: Առհասարակ դպրոցականների գիտելիքների միասնական ստուգումը, կարծում եմ, շատ հստակ պատկեր կտա, թե ինչ վիճակում է հանրակրթությունը: Իմ կանխատեսումն այն է, որ քննություն հանձնող աշակերտների կեսը դրական գնահատական չի ստանալու, որոշ կանխատեսումներով մինչեւ 70-80 տոկոսը: Բայց պիտի գնանք այդ քայլին, մի անգամ այս երեւույթին առերեսվենք: Գնահատման եւ թեսթավորման կենտրոնը հոկտեմբերին թեսթավորում կանցկացնի, եւ կունենաք պատկերը: Նախատեսում ենք 9-րդ դասարանի երկու առարկաների քննությունները դարձնել միասնական»:

Նախարարը հորդորեց ուշադրություն դարձնել կրթության ոլորտում տեղ գտած բացասական երեւույթների վրա, նախեւառաջ, դրամահավաքի, մի բան, որ ըստ բանախոսի առավել բնորոշ է մայրաքաղաքի եւ հանրապետությունյան դպրոցներին. «Գիտեմ՝ երեւույթը զգալի նվազել է, բայց սեպտեմբերի մեկին եւ մեկ ամիս հետո ուսուցչի օրվան նվիրված միջոցառումներին խնդրում եմ ուշադիր լինել: Ուսուցչին մի փունջ ծաղիկ նվիրելու համար բնավ անհրաժեշտ չէ հազարավոր դրամներ հավաքել աշակերտներից»: Անդրադառնալով դպրոցական համազգեստի խնդրին՝ նախարարը հայտնեց, որ դպրոցներն իրենք են որոշում դպրոցական խորհուրդների միջոցով, թե ինչ համազգեստ պիտի կրեն աշակերտները, բայց եթե մի աշակերտ կամ ծնող կհրաժարվի սեւ-սպիտակ համազգեստից, նրանց որեւէ մեկը չի կարող ինչ-որ բան պարտադրել: «Կան կարծիքներ, թե իբր դպրոցական համազգեստը աշակերտին ավելի մեծ պատասխանատվություն է ներշնչում ուսումնական պրոցեսի հանդեպ, ես նման կարծիք չունեմ: Ինձ հայտնի դարձավ, որ որոշ դպրոցների տնօրեններ հագուստ ներկրող կազմակերպությունների հետ բիզնեսներ են անում, եւ պիտի ծնողներն էլ դրանից տեղյակ լինեն: Համոզմունքս այն է, որ այս խնդրում աշակերտին պիտի ազատություն տալ եւ կաղապարների մեջ չդնել»:

Նախարարի ելույթից հետո հարցեր տալու հնարավորություն տրվեց մարզի դպրոցների տնօրեններին: Նախ օրվա բանախոսին հարցեր ուղղեցին մարզպետարանի կառույցների աշխատակիցները (մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյան, մարզպետարանի զորահավաքային բաժնի պետ Արսեն Գրիգորյան, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վովա Այվազյան), ինչը նախարարի զարմանքը հարուցեց. «Տնօրեններից ոչ մեկը չի՞ ուզում հարց տալ»:

Ինչեւէ, այնուհետեւ հերթը հասավ տնօրեններին: Կապանի Հունան Ավետիսյանի անվան N9 ավագ դպրոցի տնօրեն Արուս Միրզոյանը հայտնեց, որ իրենց դպրոցը 65 տարեկան է, բնականաբար նորոգման խնդիրներ են առաջացել: Մեղրիի եւ Կապանի տարածաշրջանների դպրոցների աշակերտների միասնական-ավարտական քննություններն անցկացվում են դպրոցի մարզադահլիճում, որն անմխիթար վիճակում է: Այս ուստարվանն ընդառաջ դպրոցի տնօրինությունը դիմել է կրթօջախի նախկին շրջանավարտներին, որոնց ուժերով մի քանի դասասենյակ նորոգվել է, իսկ մարզադահլիճի նորոգումը տակավին մնում է խնդրահարույց: Նախարարը նկատեց, թե երբ դպրոցները բաշխվում էին հիմնականների եւ ավագների, ամենավատ պայմաններով դպրոցական շենքերը բաժին ընկան ավագ դպրոցներին: Եվ դա բացատրեց նրանով, որ այդ ժամանակվա կրթության եւ գիտության նախարարները իրենց տեղում չեն եղել: 

Արծվանիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարո Անդրեասյանը այն հարցը բարձրացրեց, որ Սյունիքի մարզում ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը ավելի ցածր են քան Հայաստանի այլ մարզերում: Եղան նաեւ այլ հարցադրումներ՝ կապված դպրոցների լաբորատորիաները սարքավորումներով համալրելուն, գյուղական մանկավարժներին արտոնություններ տալուն եւ այլն:

 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: