11/19/2018

Անդրանիկ Մարգարյան. «Համայնքների խոշորացումն ավելի շուտ գյուղերը քայքայելու նպատակ ունի, քան պահպանելու»

Անդրանիկ Մարգարյան. «Համայնքների խոշորացումն ավելի շուտ գյուղերը քայքայելու նպատակ ունի,  քան պահպանելու»

Մեր զրուցակիցը՝ Անդրանիկ Մարգարյանը, խորհրդային տարիներին Շիկահողի խորհրդային տնտեսության (սովխոզ) կուսկազմակերպության քարտուղարն էր եւ մեխանիկը: 1993-ից Շիկահողի գյուղխորհրդի նախագահն էր, 1996-ից, երբ վարչատարածքային բաժանում տեղի ունեցավ Հայաստանում, մինչեւ 2003 թվականը ղեկավարել է Շիկահող համայնքը, այնուհետ «Շիկահող պետական արգելոցի» ինժեներ-մեխանիկն էր: Նույն գործառույթներն է անում այժմ «Զանգեզուր կենսոլորտային» համալիրում: 

Մեկ տարի առաջ էլ Շիկահողն ընդգրկվեց խոշորացման ծրագրի մեջ, ավելի ստույգ, այժմ Կապան խոշորացված համայնքի բնակավայրերից մեկն է: Թեպետ ասում են՝ վաղ է եզրակացություններ անել, բայց մի տարին էլ քիչ չէ, որ որոշ եզրակացութուններ անել այդ գործընթացի մասին:

-Պատկառելի տարիք ունեմ, հիշողությունս էլ տեղն է, նման բան նախկինում էլ է եղել: Շիկահող, Սրաշեն գյուղերը ժամանակին միավորեցին մի տնտեսության մեջ. 1965 թվականին էր, բնականաբար, կենտրոնը՝ Շիկահողը զարգացավ, իսկ Սրաշենը հայտնվեց աղքատ ազգականի կարգավիճակում: Իմ պատկերացմամբ՝ համայնքների խոշորացումն ավելի շուտ գյուղերը քայքայելու նպատակ ունի, քան պահպանելու, համայնքը պիտի առանձին վարչական միավոր լինի, համայնքի ղեկավարն էլ պիտի ղեկավարվի վերեւից: 

 

Այս համատեքստում ուզում ենք մի հղում անել հանրապետական մամուլից. Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի կազմում գտնվող բնակավայրերի ղեկավարները եւ բնակիչներն օրերս փակել էին դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը եւ իշխանություններից պահանջում էին հարգել իրենց սահմանադրական իրավունքը, չեղյալ համարել խոշորացման որոշումը, քանի որ կարճ ժամանակամիջոցում այն կործանարար ազդեցություն է ունեցել իրենց համայնքների վրա: 

-Անտեսված ենք բոլորի կողմից,- իր միտքը շարունակում է մեր զրուցակիցը,- մեկ տարի առաջ, երբ գյուղն ընդգրկվել էր համայնքների խոշորացման ծրագրի մեջ, նախընտրական քարոզարշավի շրջանակում խոշորացվող համայնքի ղեկավարի թեկնածու Աշոտ Հայրապետյանը գյուղ այցելեց, մի անգամ էլ ԱԺ ընտրությունների առիթով՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Այդքանը: Նման էպիզոդիկ այցերից հետո նրանք ինչպե՞ս կարող էին պատկերացնել գյուղացու հոգսը:

Թվում է՝ լեռներով ու անտառներով շրջապատված բնակավայրը խմելու եւ ոռոգելու ջրի խնդիր պիտի չունենար: Բայց եւ մեկն ունի, եւ մյուսը: Որոշ մարդիկ էլ սեփական ուժերով են խնդիրը լուծել: Բայց ոռոգման ջրի հարցը դեռեւս մնում է չլուծված: Նախկինում 4-5 կմ հեռավորությունից ոռոգման ջուրը հասցրել էին գյուղ: 360 տոննա տարողությամբ ջրամբարը մի օրում լցվում էր, իսկ հիմա՞…

-Եթե ջուրը չգա, այստեղ ապրելն անիմաստ է, ոչ մի բան չես կարող ստեղծել: Գյուղում 21 հեկտար տնամերձ կա, դրանք շատ թե քիչ մշակում են Շիկահող գետի ջրով, որ ամռան տապին բարակում է, համարյա չորանում,- ասում է գյուղի հոգսերով մտահոգ մարդը:

Պատմական տեղեկանք

Շիկահողն առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարի առաջին կեսին: Եղել է Սյունիք նահանգի Կովսական գավառի նշանավոր բնակավայրերից մեկը, Շիկահողի մասին կարդում ենք Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ՝ Կովսական գավառի գյուղերի ցանկում, որ Տաթեւի վանքին վճարում էր 12 միավոր հարկ: Աչքի անցկացնելով վանքապատկան գյուղերի ցանկը՝ կարելի է ենթադրել, որ Կովսական Գավառի գյուղերի շարքում Շիկահողը մեծ բնակավայր էր: 20-րդ դարի սկզբին ունեցել է մոտ հազար բնակիչ եւ տարածաշրջանի ամենախոշոր ու բարեկարգ բնակավայրերից էր: Գյուղում 1887-ին դպրոց է բացվել, ապա փակվել է, նորից վերաբացվել 1905 թվականին: Շիկահողից է սերում Մելիք-Նուբարյան հայտնի տոհմը, այստեղ է ծնվել նշանավոր հոգեւոր եւ հասարակական գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը:

 

Նման անցյալ ունեցող բնակավայրն այսօր դժվարին ժամանակներ է ապրում: Բնակավայրում առկա 153 տնից 53-ում է մարդ բնակվում: Հիմա գյուղի կրթօջախում ընդամենն ութ աշակերտ է սովորում, ժամանակին տասնյակներով էր հաշվվում: Գյուղամիջում գտնվող մշակույթի տան եւ մանկապարտեզի դռները գոց են: Մշակույթի տան լուսամուտների մի մասի ապակիները չկան, դեպքից դեպք են այդտեղ միջոցառումներ կազմակերպվում, իսկ մանկապարտեզը 2003 թվականից, ինչպես փաստում է նախկին գյուղապետը, չի գործում, ժամանակին այդտեղ 16 երեխա էր հաճախում: Գյուղամիջի «նորություններից» ակնհայտն այն էր, որ վերջերս հուշաքար են տեղադրել, որի վրա փորագրված է.«Փառք լեգենդար 97-րդ բրիգադի VI գումարտակի մարտիկներին»: Խոսքը Շիկահողի գումարտակի մասին է, որ նշանակալի ավանդ է ունեցել Արցախյան գոյամարտի հաղթական ավարտի գործում:

 

1929-ին գյուղում ստեղծվել է կոլտնտեսություն, 1965-ին վերակազմավորվել է խորհտնտեսության: Խորհրդային կայսրության փլուզումից հետո Շիկահողի խորհտնտեսությունը 1991-ին լուծարվել է: Ստեղծվեց «Շիկահող» գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը, որ մի տարվա կյանք ունեցավ: Գյուղում ժամանակին 313 խոշոր եղջերավոր անասուն կար, հիմա 70-ն է, թե 80-ը: Խորհտնտեսության ֆերմաները փոշիացան: Նրանցից մեկը 200 գլխի համար էր նախատեսված:

-Ինչո՞վ է այսօր զբաղվում շիկահողցին, ինչպե՞ս է հոգում իր հանապազօրյա հոգսերը:

-Ոչ մի բանով, -պատասխանում է մեր զրուցակիցը, -153 հեկտար մեքենահարմար վարելահող ունենք, այսօր ոչ մի հեկտար չեն վարում: Մարդ պիտի հողը մշակի, անասուն պահի, որ եկամուտ ստանա: Գյուղացին այլ բանից եկամուտ չի կարող ունենալ: Ամեն ինչ տարերայնորեն է արվում: Հերթով անասուն պահելը վերացել է, առավոտը բաց են թողնում, անասունը որտեղ կարողանում, արածում է: Իմ՝ գյուղապետի պաշտոնը թողնելուց հետո ոչ մի քառակուսի մետր հող չի մշակվել: Մինչեւ 2003 թվականը տարեկան մինչեւ 40-50 հեկտար աշնանացան էր արվում, սկզբնական շրջանում՝ մի քիչ ավելի շատ՝ 70-80 հեկտար: 

Շիկահողում նաեւ ապօրինություններ են տեղի ունենում: Վերջին ամիսներին այստեղ հսկա ընկուզենիներ են հատվել: Եղանք մի գլխատված ընկուզենու մոտ, որտեղ տակավին մնում էին ծառի ճյուղերն եւ կեղեւի կտորները:

-Կարծես ժողովրդի համար էլ միեւնույն է, թե ինչ կլինի, ամեն ինչ մատնված է անտերության, բարձիթողի վիճակ է: Մեր գյուղում մոտավորապես հիսունին մոտ ընկուզենի է հատվել: Հանրային սեփականություն է, արգելոցի մեջ չի մտնում: Ոչ մեկին դա չի հետաքրքրում: Անտառտնտեսությունն ասում է՝ մերն է, ո՞նց է ձերը, երբ գյուղի շրջագծի մեջ է մտնում:

Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ի՞նչ անդրադարձներ ունեցավ գյուղում, հեղափոխության ալիքները հասե՞լ են այստեղ եւ ի՞նչ դրսեւորումներով:

-Հասել է այնքանով, որ ժողովուրդն ուրախացել է, թե կողոպտիչներին կբռնեն: Իսկ մյուս առումներով ոչինչ չի երեւում: Մտածում եմ՝ ընկուզենիները հատելու, փայտը տեղափոխելու ժամանակ Հայաստանի նոր ոստիկանապետն արդեն խորհրդակցություն էր հրավիրել, մարզերի ոստիկանապետերին հորդորել, որ ապօրինություններ չլինեն: Երեւի այդ ժամանակ ավտոկռունկը, «Կամազը» այստեղ կանգնած՝ փայտը լցնում էին մեքենան եւ տանում: Ինչպե՞ս են այդ բնափայտը տեղափոխել, որ որեւէ տեղ մեքենան չեն կանգնեցրել: Ուզում եմ ասել, որ սա աչքակապության նման մի բան է, այդ հեղափոխությունն էլ, մեկն էլ, մյուսն էլ, քանզի իրական կյանքի վրա չեն անդրադառնում: 

Ի դեպ վառելափայտի մասին: Անտառի պռնկին գտնվող գյուղի բնակիչները ձմռանն իրենց օջախները տաքացնելու խնդիր ունեն: Ոչ միայն Շիկահողի, այլեւ հարեւան Ծավի, Սրաշենի, Ներքին Հանդի բնակիչներն անցյալ տարի հավաքվել են մարզպետարանի առջեւ, մարզային իշխանություններից պահանջել բացատրելու, թե ինչպե՞ս պիտի տաքացնեն իրենց բնակարանները: Խնդրո առարկայի առնչությամբ խորհրդակցություն եղավ Կապանի համայնքապետարանում: Փոխանցեցին, որ գերմանական զարգացման բանկի (KFW) ֆինանսավորմամբ վառելափայտ են հատկացնելու՝ յուրաքանչյուր ընտանիքին տասը խորանարդ մետր: Հետո այդ թիվը դարձավ ութ, իսկ երբ այդ վառելափայտը բերեցին, տեղ հասցրին, Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին երկու խորանարդ մետր վառելափայտ բաժին հասավ:

Շիկահող՝ մեր այցի ժամանակ նկատառումներ հայտնեց նաեւ շիկահողցի Սամվել Աղաբեկյանը. «Տուրիստները գալիս են, իրենց հաճույքը ստանում, հեռանում: Եթե ես չեմ կարողանալու տունս փայտով տաքացնեմ, անտառից օգտվեմ, ինչի՞ս է պետք այս բնությունը` եթե երեխաս չի գալիս՝ գյուղում ապրելու: Ամեն ինչ հանուն մարդու բարօրության պիտի արվի: Այս հեղաշրջումից հետո մտածում ենք, որ ապագան լավ կլինի: Մեկն ինձ հարցրեց. ի՞նչ սպասելիքներ ունես, ասացի՝ երկու տղա ունեմ, եթե տեսնեմ՝ նրանցից մեկը քոչը բարձել է մեքենային եւ հասել գյուղ, եւ ասում է՝ այ հեր, եկել եմ գյուղում ապրեմ, կիմանամ, որ գյուղն ապագա ունի, եթե այդպես չէ, ուրեմն նույն  ջուրը կլինի, նույն ջրաղացը: Դեռ ավելին՝ կարծես մի գործընթաց է իրականացվում գյուղերը քանդելու, ոչնչացնելու նպատակով:

Եթե բնապահպաններն այդքան պայքարում են բնությունն ապականողների դեմ, ապա թող գան, պակասեցնեն մոշի թփերի տարածվելը, սիրուն անտառ դառնա, ոչ թե այ այսպիսի մոշուտ, կովն էլ չի կարողանում մտնի, արածի:Եթե բնությունն այդքան հաճելի է, այդ բնապահպաններից թող մեկը գա այստեղ, իմ տան կողքին մի ազատ տուն կա, ձրի տալիս ենք, թող գա, ապրի՝ դեռ մի բանով էլ կօգնենք: Միայն տեսնեմ՝ ինքը ձմռանը ո՞նց է ապրելու, ես էլ իրեն նայեմ, ապրեմ»: 

 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: